▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույնասեռականների սև ցուցակը


Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սև ցուցակ

Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Կարապետի Պողոսյանը սիրում էր իր անսպասելի արձագանքներով անակնկալի բերել ու ապշեցնել շրջապատին: Երևի հենց դրանով ու «սեփական արտադրության» թևավոր արտահայտություններով էր նաև կերտել իր մեծ անունն այդ լեգենդար մարդը, որը 18 տարի ղեկավարեց Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեն: Ինքն իրեն, սակայն, առանձնահատուկ մարդ չէր համարում: Մի ռադիոզրույցի ժամանակ ասել է. «Կյանք է, ապրել եմ, ինչպես բոլորը»:

Իրականում նա համեստություն է արել, քանի որ քչերին է հաջողվել նրա պես վառ կյանք ապրել, ավելին, դառնալ ռադիոյի և հեռուստատեսության խորհրդանիշը: Համարձակ և ազգանվեր աշխատանքի շնորհիվ նրա ղեկավարման շրջանը «ոսկե դար» է կոչվել: Կարպիչի արտահայտությունները, սուր մտքերը, արարքները միանգամից կյանք էին մտնում ու ժամանակի ընթացքում վերածվում առասպելների: Զրուցակիցները երբեք չէին կարող կռահել, թե ինչպես նա կարձագանքի ոչ ստանդարտ իրավիճակներում: Չէ՞ որ անգամ ստանդարտ իրավիճակներում նա կարող էր արտառոց բան ասել: Դա էր պատճառը, որ արհմիության նախագահ Մարի Արիստակեսյանը չէր կողմնորոշվում` արտասովորության որ տեսակին դասի նախագահի հերթական ասածը, երբ անցած դարի 80-ականների համար շատ «անհարմար» մի գործով, մտավ նրա աշխատասենյակ: 

- Նայեք, խնդրեմ,- հոգոց հանելով` նա Պողոսյանին է մեկնում ազգանունների մի ցուցակ:

- Ի՞նչ է սա,- առանց դիմացի փաստաթղթերից կտրվելու հարցնում է Ստեփան Կարպիչը: 

- Ո՞նց թե ինչ… Ցուցակն է: Դուք էիք ասել, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հարցն ամենավերևներում է քննարկվել՝ կուսակցության կենտկոմում: Եվ այնտեղ որոշել են, որ մեզ մոտ … նույնպես կան… համասեռամոլներ: Եվ պետք է կազմել նրանց ցանկը և ուղարկել «վերև», որ տեղյակ լինեն… Ահա, բոլորն այստեղ են: 

- Անձա՞մբ ես ստուգել,- ընդգծված լրջությամբ հարցնում է Պողոսյանը:

- Հա՛,- գլխի դրական շարժումով հաստատում է Մարին, բայց նկատելով Կարպիչի աչքերի փայլը՝ վախենում է: Զգալով իր թողած տպավորությունը՝ Պողոսյանը շարունակում է. 

- Ախր պատասխանատու աշխատող ես, դրա համար էլ քեզ եմ վստահել այս նուրբ գործը, իսկ դու… լավ, բեր տեսնեմ` ինչ ես խզբզել: Արհմիության նախագահը խոշոր կազմվածք ուներ, ինչի համար էլ տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Միշա Առաքելյանն ու լրագրող-հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը կատակով ասում էին. «Տղե՛րք, եկեք միանանք, Մարիի հետ ամուսնանանք»: Եվ մինչ ամբողջովին շիկնած Մարին փորձում էր կռահել, թե Կարպիչն ինչ նկատի ուներ, վերջինս կլանված ուսումնասիրում էր «սև ցուցակը»: Ընթացքում ինչ-որ տարօրինակ հնչյուններ, անհասկանալի ձայնարկություններ էր արձակում և մերթընդմերթ բարձրաձայն զարմանում. «Յա՜…սա էլ է էդպիսի՞ն, պա՛հ, քո ինչն եմ ասել… չէ՛ հա…քեզնից չէի սպասում…»: Սարսափած Մարին հերթով վերհիշում է ազգանունները` մտածելով, թե արդյոք չափը չի անցել: Բայց իրականում ինչպե՞ս կարող էր ստուգել: Վերջապես Պողոսյանը կտրվում է թղթից ու խիստ հայացքով դիմում Մարիին. 

- Ոչ մեկին չես կարող բան վստահել: Էս ի՞նչ ես բստրել: Իսկ ո՞ւր են… Լսելով թվարկվող անունները` Մարին մտածեց` ինչ լավ է, որ նստած է, թե չէ ուշագնաց կլիներ: Իսկ Ստեփան Կարպիչը, վերջացնելով թվարկումը, մեկնում է թուղթը նրան.

- Գնա ավարտին հասցրո՛ւ գործը... իսկ հետո վառի՛ր»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին