Բոլոր խոշոր կայանների ու ենթակայանների կրիչներից բոլոր տվյալները ստացված են, վերլուծական փուլում են գտնվում. վերլուծությունից հետո երբ պարզ դառնա, թե որ հատվածից է վթարը սկսվել, պատճառների վերաբերյալ հնարավոր կլինի որեւէ բան ասել: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով երկու օր առաջ էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարին:
Հակոբ Վարդանյանը հայտարարեց, որ այս պահին երկու վարկած կա՝ իրանական կողմից եկած հնարավոր տատանումները և ՀՀ երկու կայաններից մեկում առաջացած հնարավոր տեխնիկական խնդիրները:
Լրագրողների դիտարկմանը, թե երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներքին խնդիրները բացառվում են, և տեղի ունեցածը միայն արտաքին գործոնի ազդեցություն է, Վարդանյանն ասաց.
«Վարչապետի հայտարարությունից հետո ուսումնասիրման դինամիկան փոխվել է: Վարչապետին զեկուցվել է այդ պահին առկա վարկածները, սակայն մենք հիմա չենք բացառում, որ վթարը եղել է ներքին տեխնոլոգիական խնդրի պատճառով «Երեւան ՋԷԿ»-ում կան «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկում:
Երբ ամբողջական պատկերը պարզ լինի, ես ավելի հստակ կասեմ: Հիմա ճիշտ չի կտրված բաներ ասել, որոնք միգուցե հետո հերքվեն: Չեմ կարող ասել, թե որն է ավելի հավանական տարբերակ: Մենք մեր իրանցի գործընկերներից հենց առաջին րոպեներից տեղեկություն ենք ստացել, որ իրենք ունեցել են վթար, հետո իրենցից ստացել ենք տեղեկություն, որ վթարը լոկալ է եղել եւ չի հասել մեզ: Մեր տեսչական մարմինները պետք է զբաղվեն այս հետաքննությամբ եւ զբաղվում են»:
Նա նշեց, որ հստակ արդյունքները կլինեն մոտ մեկ ամսվա ընթացքում.
«Միգուցե հնարավոր է երկարի, չեմ կարող ասել, որովհետեւ բազմաթիվ տվյալներ են ճշտվում: Հաճախականության տատանումները մոտ 35-40 րոպե են տեւել: Պետք է ստուգվեն բոլոր կրիչները, որոնք բազմաթիվ են: Մենք համագործակցում ենք բոլոր իրավապահ մարմինների հետ եւ տրամադրում ենք այն տեղեկությունները, որ ունենք»: