▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլիմայի փոփոխությունը հարվածեց երկրի սրտին. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղան-քննարկմանը, որը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։
Իր ելույթի սկզբում Տիգրան Ավինյանը համառոտ անդրադարձ է կատարել էներգետիկ ոլորտում տեղի ունեցող համաշխարհային զարգացումներին՝ նշելով, որ էներգետիկ արդյունավետությունը տարբեր երկրների ազգային զարգացման օրակարգում գնալով ավելի մեծ տեղ է գրավում:
Հաջորդիվ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կայուն էներգետիկայի և խելացի տնտեսության կառուցման գործում էներգաարդյունավետ լուծումների կիրառումը, ինչպես նաև առկա մարտահրավերները: 
Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը մեծ հաջողություններ է գրանցել հանրային և քաղաքային շինությունները էներգախնայող արդյունավետ համակարգերով վերազինելու համար շրջանառու ֆոնդ ստեղծելու գործում, որի իրականացրած ներդրումների արդյունքում ունենք 50 տոկոս էներգիայի խնայողություն 64 հանրային օբյեկտներում (ավելի քան 160 շենք և 9 քաղաքային լուսավորման համակարգեր):

 

 

 

Հայաստանը կշարունակի աշխատել այս ուղղությամբ և համապատասխան գործիքներ կստեղծվեն հանրային հատվածում էներգաարդյունավետ ներդրումների ընդլայնման և շահավետության բարձրացման համար:
Փոխվարչապետը անդրադարձել է նաև չգազաֆիկացված համայնքներում վերականգնվող էներգետիկայի զարգացման, ինչպես նաև ԵՄ աջակցությամբ Երևանում իրականացվող էներգախնայողության ծրագրերին: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի քաղաքները ընդունել են գործողությունների ծրագրեր՝ նպատակ ունենալով խթանել էներգաարդյունավետությունը և արդյունքում կրճատել էներգետիկ հատվածի արտանետումները 20 տոկոսով 2020թ-ին, և 30 տոկոսով՝ 2030թ.-ին:
Էներգաարդյունավետ նախագծերի ֆինանսական հուսալիության բարձրացման գործում փոխվարչապետը առանձնացրել է միջազգային դոնոր ընկերությունների հետ աշխատանքը և կառավարության կողմից նման նախագծերին աջակցությունը:
Սևանա լճի օրինակով ներկայացնելով Հայաստանում կլիմայական փոփոխությունների ուղղակի ազդեցությունը՝ փոխվարչապետն ասել է, որ երկրում բավականին երկար ժամանակ չէին մտածում կլիմայի փոփոխության մասին մինչև այն հարվածեց երկրի սրտին՝ ակնառու կերպով ցուցադրելով հարցի լրջությունը, և այժմ իշխանությունները աշխատանքներ են տանում լուծումներ գտնելու ուղղությամբ: Տիգրան Ավինյանը հավելեց, որ կլիմայական փոփոխություններին դիմակայելու համար անհրաժեշտ է խելացի, էներգաարդյունավետ տնտեսության կառուցում և համակարգային լուծումներ:
Ելույթով հանդես  են եկել նաև Եվրասիական միության պետությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որին հետևել է քննարկում:
Միջոցառման մասնակիցները ողջունել են հայկական կողմի նախաձեռնությունը և հայտարարել, որ մտքերի փոխանակումը թույլ տվեց հասկանալ թե երկրներից յուրաքանչյուրն ինչի վրա պետք է կենտրոնանա: Քննարկման կողմերը համակարծիք էին, որ ամուր քաղաքական կամքի առկայության, լավագույն փորձի կիրառման և համագործակցության միջոցով կարող են հաղթահարել առկա խնդիրները կլիմայական փոփոխությունների ոլորտում:
 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին