Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի և Արգենտինայի միջև փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար:
Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործումը՝ զրուցակիցները նշել են, որ այդ գործում մշտապես իր մեծ ավանդն է ունեցել և ունի արգենտինահայ համայնքը:
Դեսպան Ուռիոլաբեիտիան նշել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և շարունակելու է մնալ որպես մեր երկրի լավ բարեկամը:
Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է նաև ֆրանսիական «Արտերայ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Ժերոմ Գարսիայի գլխավորությամբ: Ընկերությունը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերին և երկաթուղային օպերատորներին ծառայությունների տրամադրման ոլորտում և Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի գործընկերներից է:
Ընկերության ղեկավար Ժերոմ Գարսիան նախագահ Սարգսյանին է ներկայացրել Հայաստանի տրանսպորտային ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ նշելով, որ դրանց շրջանակում արդեն իսկ համագործակցում են կառավարության հետ:
Նախագահը նշել է, որ ողջունում է հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները և պատրաստակամ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել փոխշահավետ ծրագրերի իրականացմանը: