Լրագրող Գագիկ Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Իջևանի դեպքերին.
«Սա էլ մեր արձագանքը՝ Իջևանում տեղի ունեցածի վերաբերյալ։
Հայտարարությունը բաց է, ցանկացողները կարող են միանալ։
Տավուշի մարզի մի քանի հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ, Իջևանի ավագանու անդամներ քննարկել են Իջևանում ստեղծված իրավիճակը և հանդես եկել հայտարարությամբ.
«Քննարկելով Իջևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ հայտարարում ենք.
– Անտառը ազգային հարստություն է, անտառի պահպանությունը` ազգային անվտանգության հարց: Ապօրինի անտառահատումները դատապարտելի են, եւ որևէ հանգամանք չի կարող դա արդարացնել:
– Հուլիսի 17-ի երեկոյան գրանցված բռնության դեպքերը համակարգային կոռուպցիայի արդյունք են: Նոր Հայաստանում շարունակում են պաշտոնավարել անձինք, ովքեր այս կամ այն կերպ փոխկապակցված են անտառի հաշվին կայացած բիզնեսին և բիզնեսմեններին:
– Ոստիկանությանը կոչ ենք անում հետագայում նման դեպքերից խուսափելու համար առավելապես դիմել կանխարգելիչ գործողությունների, խուսափել բախումներից և բռնության փոխադարձ կիրառումից: Հնարավորինս բացառել գիշերային խուզարկությունները՝ հարգելով ընտանիքի հանգստի իրավունքը:
– Մեզ համար դատապարտելի է ցանկացած բռնություն և ագրեսիա` որ կողմից էլ դա լինի: Հայաստանի Հանրապետությունում խնդիրներն ու հարցերը պետք է լուծվեն բացառապես օրինական և բանակցությունների ճանապարհով:
– Անտառների կառավարման գործող մոդելը ոչ միայն հնացած է, այլև արդեն ավելի քան 20 տարի չի արդարացնում իրեն: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պետք է կարճ ժամանակում ներկայացնի կառավարման նոր և նորարարական մոդել, որը կերաշխավորի անտառի նկատմամբ ճնշումների բացառումը: Այս կառույցը պետք է մշակի առավել կենսունակ մեխանիզմներ` անտառկառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար:
– Ողջունում ենք Կառավարության և ընդհանրապես պետական որեւէ մարմնի գործողություն` ուղղված ապօրինի անտառահատումներին, աջակցում այդ գործընթացներին: Նաև պարտադիր ենք համարում Դիլիջանում տեղակայված հսկիչ կետի գործունեությունը շուրջօրյա գրաֆիկով:
– Կարևոր ենք համարում այս փուլում իշխանությունների անվերապահ աջակցությունը փայտահատ խմբերի բանվորական անձնակազմին և նրանց ընտանիքներին առաջին հերթին սոցիալական առումով: Եվ փոխադարձ վստահություն և հարգանք ենք ակնկալում քաղաքացիների կողմից` դեպի պետական համակարգի ներկայացրած այլընտրանքային ճանապարհները:
Այս և նմանատիպ այլ խնդիրների, կնճռոտ հարցերի վերաբերյալ ակնկալում ենք հանրային մեծ համախմբում և ազատ կարծիքի արտահայտում: Հրամայականներից մեկը գիտակցումն է առ այն, որ մեր խնդիրների լուծումն օտարից չէ, որ պետք է սպասենք: Հանրային միասնության համար պետք է գործադրվեն մեծ ջանքեր»:
Ստորագրել են.
Արտակ Չիբուխչյան – գործարար
Վահագն Թամրազյան -քաղաքացի
Վարսիկ Ներկարարյան – քաղաքացի
Մերի Ավետիքյան – քաղաքացի
Գեղեցիկ Գուլակյան – «Պրոգրես» ՀԿ նախագահ
Վարդան Սարգսյան – Իջևանի ավագանու անդամ
Թաթուլ Աթաբեկյան – Իջևանի ավագանու անդամ
Խաչատուր Համզյան- Իջևանի ավագանու անդամ
Արման Մատինյան – Իջևանի ավագանու անդամ
Արփինե Երիցյան – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ
Ֆլորա Խաչատրյան – «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ անդամ
Գուրգեն Համզյան – «Մաքուր քայլ» նախաձեռնության հիմնադիր
Գագիկ Աղբալյան – լրագրող»: