▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր էինք մենք՝ հոգևորականներս, այդ օրվա կամ գիշերվա ընթացքում․ Բագրատ սրբազանն՝ Իջևանի դեպքերի մասին

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

ՉԱՐԸ ՄԵԶ ՆՈՐԻՑ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԵՑ…

Սիրելիներ,
Երբ “իջևանյան” դառը դեպքից հետո արդեն ինչ-որ իմաստով ավելի թուլացել է լարվածությունը և հուզականությունը և հունավորվում է բանականությունը, երբ կարծես նվազել է համացանցային և այլ տիպի աղմուկը՝ ցանականում եմ անդրադառնալ ամբողջ իրադարձությանն ու իրականությանը՝ հրաժարվելով պաշտոնական կեցվածք արտահայտելու ձևաչափից՝ որդեգրելով առավել խորհրդածական և հրավերի մոտեցումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախ ո՞ւր էինք մենք՝ հոգևորականներս, այդ օրվա կամ գիշերվա ընթացքում: Երկու օր շարունակ, և հատկապես, Հուլիս 17-ի գիշերվա ընթացքում մեր հոգևոր դասի և սարկավագների հետ գտնվում էինք իրադարձությունների կիզակետում՝ փորձելով ինչ-որ չափով նվազեցնել լարվածությունը, անհատապես բոլորի հետ գործելով իրավիճակը հասցնել կառավարելիության: Ցավով պիտի արձանագրեմ, որ ամբողջությամբ չստացվեց, զանազան տեխնիկական և այլ պատճառներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ: Նշեմ նաև, որ քարերի և փայտերի հարվածների տարափից նաև մեզ բաժին հասավ: Սակայն վիրավորներով հանդերձ, փառք Աստծո անդառնալի կորուստներ չունեցանք մարդկային կյանքի կորուստներով զուգորդված: Միևնույն ժամանակ, ամբողջ գիշերվա ընթացքում մեր հոգևորականները, սարկավագները և առաջնորդարանի անձնակազմը առաջնորդարանում խնամք են տածել և ծառայել մայրուղու վրա ժամերով հանգրվանած անցորդներին, որի համար մեր մեծագույն գնահատանքը բոլորին: Գիշերվա ուշ ժամերին այցելել ենք վիրավորներին Իջևանի հիվանդանոցում՝ աղոթք արել, ներողություն հայցել և բարի ապաքինում մաղթել իրենց: Հիմա ըստ էության մեր մտածումներն ընդհանրապես.
1. Դատապարտելի է բռնության որևէ դրսևորում թե՛ քաղաքացիական ազգաբնակչության և թե՛ իրավապահների կողմից, ինչպես նաև որևէ կողմից կատարված հրահրումները, որոնք հանգեցրին նման իրավիճակի: Անընդունելի են, և պետք է հստակ գնահատական տրվի գիշերվա ընթացքում իրավապահների կողմից ընտանիքներ ներխուժմանը, ոչ միայն ընտանիքների հանգիստը խանգարելով, այլև սարսափի և վախի հոգեբանական վիճակ ստեղծելով, հատկապես, երեխաների առկայությամբ՝ ինչպիսին էլ լինեն պատճառաբանություններն ու մեկնաբանությունները:
2. Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր վիրավորներին մեր ոստիկաններին և քաղաքացիական մեր բնակչությանը, ովքեր թե՛ ծառայություն իրականացնելիս և թե՛ հանգամանքների բերումով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Մեր աղոթքը իրենց շուտափույթ ապաքինման համար՝ որպես հոգևոր առաջնորդ վերստին ներողություն հայցելով իրենցից:

 

 

 


3. “Անտառագողություն” թե այլ տեսակի գողություն անընդունելի է և միանշանակ դատապարտելի: Օրենքը թե՛ դրական և թե՛ բարոյական պետք է գործի բոլորի համար անխտիր: “Անտառագողերը” միայն երևացող մասն են, ըստ էության նրանք նաև զոհեր են, որոնք գիտակցված կամ չգիտակցված հանձն են առել այդպիսին լինել, որը սակայն դարձյալ արդարացված չէ: Այսուհանդերձ, հատկապես, պիտի դատապարտվեն չերևացող անտառագողերը, որոնց մասին արդեն իսկ թե՛ ակնարկներով և թե՛ զանազան հայտարարություններով խոսվում է այս օրերին: Այս երևույթը օրինախախտումից ավելի ՄԵՂՔ է՝ ՄԵՂՔ Աստծու հանդեպ, ՄԵՂՔ մարդու հանդեպ, ՄԵՂՔ արարչագործության հանդեպ, ՄԵՂՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ հանդեպ, ՄԵՂՔ ՊԵՏՈՒԹՅԱՆ հանդեպ, ՄԵՂՔ մեր կյանքի ողջ պարունակի հանդեպ:
4. Անտառը, որպես Աստուծո պարգև չի կարող վերածվել պաշտամունքի: Այն պետք է ծառայի մարդու բարիքին և միևնույն ժամանակ մարդն էլ պետք է խնամք տածի և մշակություն անի այդ Աստվածատուր բարիքի հանդեպ: Միանշանակ է, որ անտառի գործածությունը պետք է կանոնակարգվի, որպեսզի և՛ մարդը օգտվի և՛ անտառը չոչնչացվի և միջոց դառնա զարգացման և ոչ թե քայքայման՝ մարդկանց ամենաճղճիմ աստիճանի շահագործման: Սա ՛պետք է լինի մեր հայեցակարգը: Մի առիթով ասել ենք և հիմա ևս վերակրկնում եմ, որ “որքան էլ մենք փորձենք լուծումները գտնել գիտության, տնտեսության, կամ քաղաքականության մեջ, այսուհանդերձ հիմնական և արմատական խնդիրը մարդու ընկալումն է և աշխարհըմբռնումը: Հատկանաշական է, որ մարդաբանական և բնաբանական խնդիրների հարաբերությունը խորքային իմաստով արտահայտում է նրանց միջև անքակտելի փոխկապակցվածությունն ու ներշաղկապվածությունը, ինչպես նաև իրական կերպով ցուցիչն է (ինդիկատոր) ներկա ժամանակների նկարագրի, երբ մենք լայն իմաստով ապրում ենք հոգևոր և բնապահպանական անկման կամ ճգնաժամի տիրույթում: Հետևաբար, կենսական անհրաժեշտություն է մեր հոգևոր գիտակցության և պատասխանատվության զգացումի բարձրացումը, ոչ թե անտառապահպանությունը դիտարկելով որպես սոսկ մի միջոցառում, այլ որպես մեր իսկ բարիքի, բարեկեցության և անվտանգության երաշխավոր: Սա նաև ամբողջական առումով վերաբերմունք է կյանքի նկատմամբ որպես Աստծու պարգև, գնահատելով կյանքի սրբազնությունը և որակը՝ անբաժան և ներդաշնակ արարչագործության հետ”:
5. Իսկ ամենակարևորը, բոլորս ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԶՂՋՄԱՆ կարիքն ունենք, ԲՈԼՈ՛ՐՍ անխտիր: Մենք այսօր խոսում ենք ՍՈՍԿ հետևանքների վերացման մասին: Հետևանքները չե՛ն վերանալու, անընդհատ նման ժխտական երևույթներն ու դրսևորումները շարունակվելու են, եթե չանցանք մեր գործած հանցանքների ու մեղքերի հանդեպ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ճանապարհը: Մի առիթով ասել եմ “Մենք մեղքը շալակած փորձում ենք մտնել ազատության, արդարության և սրբության տիրույթ”: Չի՛ ստացվելու, պարզապես անկարելի է: Մեր հանրությունը, մեր ժողովուրդը, պետությունը կարիքն ունի ոչ թե համերաշխության և հանդուրժողականության, այլ՝ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ: Հին ու նոր գոյություն չունի՝ գոյություն ունի ներկա և այդ ներկայի հետ առերեսվելու իրականություն: Այլապես նո՛ւյն թմբիրով, նո՛ւյն սոցիալ-տնտեսական պատճառաբանություններով, արժանապատվության ամենացածր ու ստոր աստիճանի կենցաղային աղաղակներով, մարդկային որակի անկումով կկորցնենք ամեն ինչ: 
Մեր որակներն այլ են, մեր նկարագիրն ու ինքնությունը այլ: Մենք “մեծ շուկայում” չե՛նք ապրում, այլ արյունով և արցունքով սրբացած Հայրենիքում, Հայաստանի Հանրապետությունում՝ բացառիկ և սահմանապահ Տավուշ աշխարհում, որը մենք կոչել ենք ՀՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ և գործելու ենք, որպեսզի սրբագրենք մեր մեղքը և արժանի լինենք մեր անվանը: 
“Ինչպես որ ձեր մարմնի անդամները տվեցիք անօրինությանը, որպես ծառաներ պղծության և անօրինության, նույնպես և այժմ ձեր մարմնի անդամները տվե՛ք սրբության համար՝ որպես ծառաներ արդարության” (Հռոմ. Զ 19-20):

 

Կարդացեք նաև՝ Աղոթեք հոգևորականի համար, որ չսխալվի ու չվնասի մյուսներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին