
ASEKOSE.am-ի հարցերին պատասխանում է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
- Ինչպիսի՞ն են եղել Լուիզայի դպրոցական տարիները:
- Շատ գեղեցիկ բան հիշեցրիք ինձ, շատ պայծառ ու լավ տարիներ էին: Դպրոցում լավ եմ սովորել, մինչև 7-րդ դասարան գերազանցիկ եմ եղել: Շատ ակտիվ եմ եղել՝ ընդդիմադիր ակտիվիստներից մեկը, շատ ըմբոստ, շատ վառ կերպար, երբեք ծանր չեմ տարել ցածր գնահատական ստանալը, սթրեսներ չեմ ապրել, ու երբեք էլ գլուխս չի պտտվել բարձր գնահատականներից ու հաջողություններից, և՛ սովորել եմ, և՛ չեմ սովորել, և՛ փախել եմ դասերից, խաբել եմ ուսուցիչներիս, ներողություն եմ խնդրել: Այդպիսի տաք ու հետաքրքիր հիշողություններով է եղել իմ դպրոցական կյանքը:
- Ո՞րն է եղել դպրոցական տարիների ամենախենթ արարքը:
- Մենք սովորում էինք 7-րդ դասարանում, երբ ես փախուստ կազմակերպեցի դեպի Երևանի կենդանաբանական այգի: Հետո պարզվեց, որ մեր ուսուցչուհիներից մեկի ամուսինը աշխատում է այնտեղ: Վերջինս մեզ այնտեղ տեսավ պաղպաղակ ուտելիս և ազատությունը վայելելիս: Իսկ այն ժամանակ չկար բջջային, որպեսզի կապ հաստատեր ուսուցիչների հետ ու ասեր,որ «ձեր չար լկտիները» վայելում են իրենց ազատությունը` դասերի փոխարեն: Այդպես, հաջորդ օրը գնացինք դպրոց, ու շատ լավ հիշում եմ ,թե ինչպես մեր ֆիզիկայի ուսուցիչը ինձ ասաց` ինչի համար մի ազատ վանդակ չես գտել ու դու էլ մտել մեջը, քեզանից էլ կպրծնեինք… Ասածից շատ էի տպավորվել ու վերջերս էլ պատահմամբ հանդիպեցի ֆիզիկայի ուսուցչիս, երկուսով ժպտացինք, գրկախառնվեցինք ու արցունք թափվեց մեր աչքերից…
-Կպատմե՞ք Ձեր առաջին սիրո մասին:
- Այո, քանի որ ես ասացի իմ նախասիրությունները գնալով ուրիշ ուղղությամբ էին գնում, որից մեկն էլ սիրահարվածությունն էր: Սովորում էի 9-րդ դասարանում, երբ առաջին անգամ սիրահարվեցի: Նա ինձ փախցրեց, ու մենք գնացինք Մասիսում ապրող իր բարեկամներից մեկի տանը մնացինք մի քանի օր: Այնտեղ սոված վիճակում այնքան «ցոգոլ» էի կերել… դե պատկերացրեք իմ ստամոքսի վիճակը: Դա շատ խենթ ու խելառ արարք էր: Դա առաջին սեր չէր, այլ` առաջին սիրահարվածություն էր,որից հետո ես ապրեցի իսկական սեր և ես հասկացա ինչ բան է սերը, երբ դու քեզ զգում ես տիեզերքի մի մասնիկ նրա կողքին…
- Ի՞նչն է որոշիչ եղել Ձեր մասնագիտության ընտրության հարցում:
- Ես կասեմ, որ իմ կյանքում պատահականություններ շատ են եղել, բայց հիմա ես դրանք ես համարում եմ Աստծո կամքով կատարված: Երևի պատահականություն կհամարեմ այն, երբ որոշում էի կայացնում, որ պետք է ընդունվելու հայտ ներկայացնեի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, քանի որ երկու տարի պարապել էի օտար լեզու և հայերեն, պատրաստվում էի բարձր միավորներով ընդունվել, հենց այդ ժամանակ էր, երբ քույրս որոշեց առանցքային փոփոխություն մտցնել իմ կյանքում, և Բրյուսովի անվան համալսարան դիմելու փոխարեն ես դիմեցի Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա բաժին: Երկու-երեք օրում ես պատրաստվեցի, իմացա, թե ինչ քննություններ պետք է հանձնեմ, ու պատկերացրեք որ առանց որևէ մեկի միջնորդությամբ ես ընդունվեցի:
- Վարպետներ և ուսուցիչներ, որոնց անցած ուղին Ձեզ համար օրինակելի :
- Այո, շատ կան, առանց նրանց մենք չենք կարող ոգեշնչվել,առանց այդ վարպետների մենք չենք կարող ձգտել և ինչ-որ նշաձող մեր համար սահմանել և հասնել այդ նշաձողին, և կան հենց մեր շրջապատում, մեր իրականության մեջ, ում մեջ ես կնշեմ, որ ինձ համար ինքը վարպետ է, դա Մերիլ Սթրիփն է, որ ես հաճախ հետ եմ տալիս իր տեսարանները և նորից ու նորից «գողանում» ինչ-որ նոր բաներ ինձ համար, անընդհատ փորձելով նմանվել նրան, բայց դե ինձ մոտ ոչինչ չի ստացվում: Կան նաև մեր շրջապատում` Արմեն Խանդիկյան, Խորեն Աբրահամյան, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու, իսկապես նրա հետ աշխատելը վարպետության մեծ դասընթաց է ինձ համար:
- Շառլ դը Մոնտեսքյոն ասում էր.« Իսկապես մեծ լինելու համար պետք է կանգնել մարդկանց հետ,ոչ թե նրանցից վեր»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս խոսքերին:
- Ես միանշանակ համաձայն եմ հանճարի խոսքերի հետ, միայն կավելացնեմ այն, որ ինձ համար ծիծաղելի մարդիկ մեծամիտ մարդիք են, որովհետև իրենք չեն պատկերացնում, որ երկիր մոլորակի վրա իրենք շատ չնչին են, շատ փոքր ու ոչինչ են գլոբալ իմաստով, որ այդ մեծամտությունը իրոք ծիծաղելի է: Ես շատ լավ գնահատում եմ ինքս ինձ, որովհետև չեմ գերագնահատել ինձ, հասկացել եմ, այն, ինչին հասել եմ, հասել եմ մարդկանց գնահատականի շնորհիվ և շարունակում եմ մտածել,որ մարդկանց մեջ ամենահրաշալի բանը մարդ մնալն է, մարդկային տեսակը:
- Ո՞րոնք են Ձեր անհատականությունը բնորոշող գծերը:
- Ես փորձում եմ երբեք չփոխվել, դժվարություններին թեթև եմ նայում և ինձ ուղղված քննադատություններին փորձում եմ ժպիտով նայել: Ու այն բոլոր հաջողություններից, որոնք երբեմն ինձ ուղեկցում են, չեմ խելագարվում ու մեծամտանում: Այդպիսով եմ փորձում պահպանել իմ անհատականությունը:
-Կյանքը պայքար է… իսկ հանուն ինչի՞ է Ձեր պայքարը:
- Ես պայքարում եմ, որ իմ ընտանիքը լինի իմ երազած ընտանիքի նման: Քանի որ ես շատ զբաղված մարդ եմ, դա ևս մեծ խնդիր է: Ես պայքարում եմ դրա համար` իմ երազած ընտանիքը ունենալու և այդ ընտանիքը պահապանելու համար:
- Ու՞մ և ի՞նչն եք առավել հաճախ կարոտում:
- Շատ պարզունակ պատասխան կտամ: Քանի որ ես երեք երեխաներից ամենափոքրն եմ եղել, ունեմ քույր ու եղբայր, ովքեր ապրում են արտերկրում` օվկիանոսից այն կողմ, ես շատ-շատ եմ նրանց կարոտում, քանի որ մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, օվկիանոս:
- Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Դուք թողնեք բեմը, լքեք Հայաստանն ու մեկնեք նրանց մոտ:
- Ես գիտեմ մի հայտնի խոսք` երբեք մի ասա երբեք, բայց կասեմ որ երբեք, որովհետև ինձ համար հայրենիքը ոչ միայն աշխարհագրական տարածություն է,այլ նաև ` ապրելակերպ, հոգեվիճակ: Իմ երեսունհինգ տարիների աշխատանքը հենց այնպես չեմ թողնի ու գնա դեպի անորոշություն: Ցավոք, դա այն տարբերակն է, երբ միանանք, ապա` միայն Հայաստանում:
-Ի՞նչ կմաղթեք Ձեր հանդիսատեսին:
- ժպիտներ, շատ ու շատ ժպիտներ, անհոգ ու լավ ժպիտներ ու հաղթանակներ միայն….
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի


