▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է կայացրել Կոնսերվատորիայում 5000 դրամ աշխատավարձի որոշումը

Մամուլում հայտնված տեղեկության համաձայն՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի աշխատակիցներն այս ամսվա իրենց աշխատավարձերը ստանալիս տհաճ անակնկալի են եկել։ Նրանցից շատերն ավելի քիչ գումար են ստացել, քան նախկինում, իսկ ոմանք էլ ստացել են ընդամենը 5000 դրամ։ Աշխատակիցների փոխանցմամբ՝ ռեկտորատի ներկայացուցիչները հայտարարել են, որ այսուհետ բոլոր աշխատավարձերը հաշվարկելու են ժամավճարով: Ստացվում է՝ պրոֆեսորի մոտ մեկ ժամ պարապելը կազմում է 1200 դրամ, դասախոսի մոտ՝ 920 դրամ։  Նշվում է նաև, որ վերջին 2 տարվա ընթացքում Կոնսերվատորայի բազմաթիվ մասնագետներ են կրճատվել:

Ստեղծված իրավիճակի, կրճատումների, ուսանողների կողմից այս կամ այն դասախոսի ընտրության, դուդուկը ծիրանափող անվանելու  և այլ հարցերի շուրջ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական գծով պրոռեկտոր Մհեր  Նավոյանի հետ:

Պրն.Նավոյան, ինչի՞ հետ է կապված աշխատավարձի նման բաշխումը:

-Այն, որ սեպտեմբերին ռեկտորատը հայտարարություն է արել վճարման ռեժիմի փոփոխման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում, որովհետև բուհում նման որոշումներ ռեկտորատը չի կարող կայացնել: Նման որոշում կայացրել է բուհի գիտական խորհուրդը, որը 60 հոգուց բաղկացած կոլեգիալ մարմին է և  ներկայացնում է բուհական գործընթացի բոլոր շերտերը՝ ուսանողությունից մինչև ղեկավարություն:  Մասնագիտական դասարանում 1 ուսանող ունեցող  դասախոսը պետք է որ ստանա մոտավորապես 5000 դրամ:

Ինչո՞ւ:

-Մեկ  ուսանող ունենալու դեպքում  ամբողջ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությունը կազմում է 80 ժամ: Վճարելու համար հիմք է հանդիսանում այն, թե քանի ժամ է մարդն աշխատում: 80 ժամը  եթե բաժանենք 10 ամսվա վրա, ամիսը 8 ժամ է ստացվում (45 րոպե): Դա նշանակում է՝ մարդը շաբաթական  Կոնսերվատորիա  է մտնում 2 անգամ՝ 45 րոպե աշխատելու, կամ 1 անգամ՝ 1.5 ժամ աշխատելու համար: Չեմ ասում, թե  անհրաժեշտ աշխատավարձն է, բայց դա այն աշխատավարձն է, որը մեկ ուսանողի հետ աշխատող դասախոսը պետք է ստանա:

Ինչո՞ւ է մեկ ուսանողի հետ աշխատում դասախոսը:

-Այ այստեղ հարցը պետք է ուղղել այդ նույն դասախոսին: Կոնսերվատորիական կրթական համակարգն այնպիսին է, որ ադմինիստրացիան բացարձակ դեր չունի ուսանողների և նրանց ընտրած դասախոսների հարաբերությունների միջև: Դա կատարվում է բացարձակ բաց, ազատ, դեմոկրատիկ սկզբունքներով՝ սկսած խորհրդային տարիներից:

Առաջին կուրսի ուսանողն ի՞նչ գիտի, թե որ դասախոսն է լավը:

-ՀՀ–ում  երաժշտական կյանքը կամ դրված ավանդույթներն այնպիսին են, որ Կոնսերվատորիայի պրոֆեսորներն  աշխատում են նաև առաջատար երաժշտական դպրոցներում, դասավանդում են մի քանի դպրոցներում, ունեն համերգային գործունեություն: Ի վերջո, կան դասախոսներ, որոնց անունը հայտնի է նաև արտերկրում: Անգամ այլ երկրներից գալիս են կոնկրետ դասախոսի մոտ սովորելու:

Մինչև սեպտեմբերի 20-ը տրվում է ժամկետ, ուսանողները գրում են իրենց դիմումները, ներկայացնում են դեկանատ: Ավելին, եթե 1 տարի սովորեն և տեսնեն, որ այլևս չեն ցանկանում մնալ այդ դասախոսի մոտ, հաջորդ տարի կարող են դիմում գրել, փոխել: Ըստ այդ փաստաթղթերի էլ փոխվում է ծանրաբեռնվածությունը:

Հիմա, ինչո՞ւ այս դասախոսի մոտ շատ են, մյուսի մոտ՝ քիչ: Տարբեր պատճառաբանություններ կարող են լինել, պայց հիմնականն այն է, որ երևի թե այն դասախոսները, որոնց մոտ շատ են հաճախում, լավ են պարապում: Շատ ուսանողներ ունեցողները երևի թե լավ արդյունքներ են ցուցաբերել: Բացառություններ բնական է, կարող են լինել: Կարող է 1 կամ 2 տարի ուսանող չունենալ, այլ հարց է, որ չունի 5-6 տարի:

Եվ, եթե չունի ուսանող, որքա՞ն աշխատավարձ է ստանում

-Չենք վճարում: Շատ պրոֆեսորներ նշում են, որ ճիշտ է, Կոնսերվատորիայի բյուջեն քիչ է, բայց ինչո՞ւ է անարդար բաշխվում: Մարդ կա 80 ժամ ունի, մարդ կա՝ 700 և ծանրաբեռնված է.արդյունքում ստանում է նույն 50.000 դրամը: Շատ ուսանողներ ունեցողը հիմա ստանում է կրկնակի գումար:  

Հնարավոր չէ՞ այնպես անել, որ բոլոր դասախոսներն էլ ուսանող ունենան:

-Օրինակ, եթե Ձեզ մոտ  եկել է 10 ուսանող, ինձ մոտ՝ 2, ռեկտորը չի կարող մեկին վերցնել և տալ ինձ, որ աշխատավարձս բարձրանա: Եթե ուսանողին պարտադրեք՝ նա կթողնի և կգնա ուրիշ տեղ սովորելու:  

Իսկ, ինչի՞ հետ են կապված մասնագետների կրճատումները:

-Կոնսերվատորիայում վերջին 3 տարիների ընթացքում կրճատում չի արվել: Կրճատումների համար Կոնսերվատորիայում կամ պետք է աշխատածավալ պակասեր, պակասեցվեր աշխատաժամը,  որոշակի օղակ լուծարեինք  կամ այս կամ այն հիմնավորմամբ պայմանագրեր լուծարեինք: Նման գործընթացներ չեն եղել: Բոլորը պաշտոնակալում են մրցույթով:

(Ուսումնական ասիստենտերի՝ (նվագակցողներ և այլն)  մրցույթ է հայտարարվել:  Ուսանողների քանակությունը ենթադրում է նվագակցողների  այսքան քանակություն: Հաշվում են, թե նվագակցողների ծանրաբեռնվածության ինչքան ժամ կարող է գոյանալ, դրանք բաժանվում են աշխատաժամերի վրա և առաջանում են տեղեր: Այդ տեղերի համար հայտարարվել է բաց մրցույթ):

Մրցույթից մի շարք մարդիկ դուրս են մնացել՝ մասնագիտական պատճառներով: Հիմա սա կրճատո՞ւմ եք համարում:

Մրցութային շեմը հաղթահարել են  նաև արտերկրից եկած երաժիշտներ: Փաստորեն, դրսից ցանկություն կա՞ աշխատելու Կոնսերվատորիայում:

-Իհարկե, մեր ուսանողներն են, որոնք դրսում են աշխատում: Եվ դա լավ է, քանի որ ունենք արտառոց իրավիճակ: Կոնսերվատորիայի դասախոսական կազմը շատ մեծ է, զգալի մասը Հանրապետությունում սահմանված թոշակային  տարիքից բարձր է, իսկ մենք նրանց ծառայությունից չենք ուզում հրաժարվել: Արտակարգ երաժիշտներ են, որոնց բացակայության դեպքում որակի կորուստ կլինի, բայց, մյուս կողմից մենք չենք կարող չունենալ երիտասարդ  կադրեր: Ուրախ ենք, որ  նրանք հնարավորություն ունեն ներգրավվել դասախոսական աշխատանքներում. վաղը հերթափոխի խնդիր է լինելու:

Խոսքում  նշեցիք, որ դասախոսական կազմը շատ մեծ է. Ինչի՞ հետ է կապված:

Նրանով, որ օրինակ կատարողական բաժիններում մեկ ուսանողի հետ երբեմն աշխատում է 4 դասախոս:  Մասնագիտական առարկաների գրեթե 90 տոկոսն անցկացվում է անհատական սկզբունքով:

Եվ, հետո,  90-ական թթ. շատ երաժիշտներ երաժշտական կյանքի փլուզման, մշակութային կյանքի խթանման պատճառով ուրիշ տեղերում աշխատանք չգտան, Կոնսերվատորիայում նրանց աշխատանքի ընդունեցին, հիմա մարդկանց հո չե՞նք կարող ասել՝ այն ժամանակ լավություն ենք արել, հիմա թողեք, գնացեք: Այդպես չենք կարող վարվել, քանի որ նրանք անվանի երաժիշտներ են: Եվ, հետո ո՞վ պետք է որոշի, թե նրանցից ով աշխատի, ով՝ ոչ:

Ո՞ր մասնագիտությունների գծով եք աճ նկատում:

-Մի քանի տարի առաջ վոկալ բաժին շատ էին դիմում, հիմա առաջ է գալիս նվագարանային կատարողական արվեստը, որը Կոնսերվատորիայի հիմքն է: Ուրախալի է, որ երկարաժամկետ կրթական պրոցեսին պատրաստ է հասարակության մի շերտ, որը հավատում է ակադեմիական ժանրերի գոյությանը: Երկրում դեռ հավատում են դասական արվեստին:

Ժողովրդական գործիքների և երգերի բաժինները դիմորդներ ունե՞ն:

Կոնսերվատորիայի և ԿԳՆ համատեղ համագործկցության արդյունքում հնարավոր եղավ գոնե ակադեմիական ժանրերի որոշ բաժիններում անվճար հիմունքներով շատ դիմորդների ընդունել: Կան նվագարաններ, որ չեք գտնի հանրապետությունում.Օրինակ՝ հոբոյը, ալտը, թավջութակը: Եվ, եթե դիմորդին պետական պատվերով չընդունենք՝ նա Կոնսերվատորիա չի ընդունվի և 5-6 տարի հետո մեր սիմֆոնիկ նվագախմբերում ուղղակի այդ նվագարանը չի լինի, իսկ  դա լուրջ խնդիր է նվագախմբի  համար:  Արդյունքում չենք ունենա ֆիլհարմոնիկ, օպերային թատրոնի նվագախումբ: Այս դեպքում ի՞նչ պետք է անի երկիրը...երևի շատ թանկ գներով երաժիշտներ պետք է դրսից հրավիրի:

Հիմա , կարծես թե երաժշտական գործիքներից առաջնությունը տրվում է դուդուկին…

Դուդուկը հանրահայտ է դարձել, քանակությունը մեծացել է, նունիսկ անհանգստություն կա, որ ժողովրդական մյուս նվագարաններին դուրս է մղում: Իսկ մեր մշակույթին պիտանի գեղեցիկ նվագարաններ դուրս են մնում. սրինգը, սանթուրը, սազը, որը կորցրել ենք ու նվիրել մեր հարևաններին:

Կոմիտասի բնութագրմամբ՝ սրինգը  ամենահայկական գործիքն է:  Ի դեպ, ծիրանափող մի ասեք դուդուկին, դա անգրագիտություն է: Ծիրանափողը սրինգն է: Դուդուկը դուդուկն է:

Կոնսերվատորիայի ռազմավարություններից է՝ ապահովել երաժշտական արվեստի բնագավառում  ՀՀ կադրային ողջ պահանջարկը.Ստացվո՞ւմ է:

-Այո, իհարկե: ՀՀ-ում չենք գտնի երաժշտական որևէ կոլեկտիվ, որի  անդամների մեծամասնությունը մեր Կոնսերվատորիայի ներկայացուցիչները չլինեն: Լավագույն շրջանավարտների 60-70 տոկոսն  առանց խնդիր ունենալու իր տեղը գտնում է է եվրոպական շուկայում: Մեր երաժիշտներն  արտասահմանում չեն զբաղվում կենցաղային աշխատանքով: Հանգիստ կարողանում են Եվրոպայի մրցութային միջավայրում աշխատել:

Ավելի շատ Կոնսերվատորիա դիմում են ՀՀ քաղաքացիները, թե՞ արտերկրի:

-ՀՀ քաղաքացիները: Ունենք նաև օտարազգի ուսանողներ: Մի ժամանակ շատ էին Չինաստանից, հիմա ավելի շատ են Իրանից, ՌԴ-ից:  Ունենք երաժշտագետ, ասպիրանտ, ով հայերենով ատենախոսություն է պատրաստում  «Ֆիրդուսու  «Շահնամե»-ի երաժշտական ավադույթը Իրանում» թեմայով:

 

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին