▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոսմետիկան օգտագործում են, թունավորվում և հետո հարցնում են, թե ախր ինչո՞ւ քաղցկեղ, ինչո՞ւ զոբ, ինչո՞ւ երեխաս հաշմանդամ ծնվեց

Այսօր շատերը նախընտրում են  ավանդական  բժշկությունը, որը ավանդաբար եկել է դարերի խորքից և փոխանցվել մարդկանց:

«Մեր բժշկությունը զարգացել է 3000 տարի առաջ ու  բոլոր բժշկապետերն աշխարհում նորություններ են ասել: Եթե վիրահատող է եղել, ուրեմն կատարել է առաջին վիրահատությունը՝ ենթադրենք աչքի, ուղեղի, կամ պատրաստել են այնպիսի դեղորայքներ, որոնք աշխարհում չեն եղել: Հայաստանն այդ ժամանակ համարվել է աշխարհի դեղատունը:  Ունեցել ենք  և ունենք  աշխարհի լավագույն կավը, ամենաընտիր գարեջուրը՝ ոչ խմելու համար, լավագույն գինին: Պլատոնն ասել է՝ այն դեղերի կաթն է, իսկ Հիպոկրատն էլ, թե մարդու օրգանիզմը՝ առողջ, թե հիվանդ,  զարմանալիորեն հարմարվում է այդ հրաշք հեղուկին: Գինին դեղ է, նրանով բուժում են այնպիսի հիվանդություններ, որոնք դեղորայքով բուժել անհնար է»,-ասում է  բուսաբույժ, ժողովրդական բժշկության մի շարք գրքերի հեղինակ Աշոտ Աշոտյանը:

Իսկ, թե նա ինչո՞ւ է ընտրել ժողովրդական բժշկության  ուղին,  ինչպե՞ս է հիմնել կոսմետիկ միջոցներ, տարբեր դեղաբույսեր, ինչպե՞ս է  կարողանում բուժել  «չբուժվող» հիվանդություններ, որտեղի՞ց է բերում դեղաբույսերը և այլ հարցերի պատասխանները՝ ստորև ներկայացվող զրույցում.

Պարոն Աշոտյան, խոսենք, թերևս,  բժշկի մասնագիտության ընտրության մասին: Գիտեմ, որ սրա հետ կապված հետաքրքիր պատմություն կա:

-Այո…Հայրս Հայրենական պատերազմի հաշմանդամ էր: Հաճախ էր պառկում հիվանդանոցում,  կրկին ու կրկին վիրահատում էին, ոտքից բեկորներ հանում: Տարիներ շարունակ այդ ցավը մեր ընտանիքում տարել ենք: Պարբերաբար շփվում էի բժիշկներ հետ, միշտ ցանկանում էի իմ երախտագիտությունը հայտնել նրանց:

Երբ  ավարտեցի  դպրոցը որոշեցի ընդունվել  ԵՊՀ  երկրաբանության ֆակուլտետը, բայց չստացվեց, քիմիայից կտրվեցի:

Տանը թքեցին-մրեցին, ասացի՝ լավ, հաջորդ տարի կընդունվեմ Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան, կտեսնեք: Սա առաջացրեց նրանց ծիծաղը: Ինքնուրույն պարապեցի և 5 ստացա քիմիայից: Սովորեցի գերազանց, ավարտելուց հետո տարբեր հիվանդանոցներում աշխատեցի որպես վիրաբույժ: 1993 թվականինց եղել եմ հեռուստատեսությունում:

Ինչո՞ւ որոշեցիք վիրաբուժությունից անցում կատարել ժողովրդական բժշկության:

-Ինձ հետաքրքիր էր, թե այն ժամանակ ինչպես են բուժել՝ չունենալով ներկայիս դեղերն ու տեխնիկան: Ու այդ հետաքրքրությունն ինձ բերեց-հասցրեց այստեղ: Կարդացի ժողովրդական բժշկության մասին  տարբեր ազգերի գրքերը, իմի բերեցի: Շատ բաներ կան, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Այն ժամանակ էլ ամեն մի մարդ մի բան գրել է, կարդում,  ասում ես՝ օ՜, այս ինչ հրաշք է, բայց նրանք որևէ փորձ չեն կատարել, ուղղակի մասսայականցրել են: Խոնարհվում եմ մեր բնագետ-բժիշկ, գիտնական, մատենագիր Ամիրդովլաթ  Ամասիացու  առջև, որովհետև նրա գրքերում գրված է. «Ես լսել եմ, ես ձեզ չեմ կարող հավաստիացնել, որ սա ճիշտ է»: Իսկ, այն, ինչ ինքն է արել՝ գրել է. «Իմ փորձն է»:

Հիմա Հայաստանում ամեն մարդ բժշկությամբ է զբաղվում.կեսը բժիշկ է, կեսը՝ երգիչ:

Դեղաբույսերն ինչպե՞ս, որտեղի՞ց եք ձեռք բերում, միայն Հայաստանի՞ց:

Իհարկե Հայաստանից: 30 տարուց ավելի ուսումնասիրել եմ, գրաբար եմ սովորել, որպեսզի միջնադարյան հայ բժշկությունը կարողանամ հասկանալ: Եղել եմ դաշտերում, օգնել են տեղացիները:  Հիմա, քանի որ ժամանակ չունեմ, պատվիրում եմ՝ մարդիկ հավաքում-բերում են: Ստուգում եմ՝ ինչ է հավաքել, որտեղ է չորացրել և այլն:

Մարդը եթե ցանկանա՝ ամեն ինչ կարող է անել:  Ամեն ինչի համար դեղեր ենք պատրաստել: Դրանք մեծ հեղինակություն ունեն և՛ Հայաստանում, և արտերկրում, հատկապես ԱՄՆ-ում: Տարին 1-2 անգամ գնում եմ այնտեղ:

Ամեն ազգ  ունի իր ժողովրդական բժշկության մեթոդները, թե՞  նման են:

-Հիմքերը նույնն են՝  չնայած որ կապ ունի այն, թե որ տարածաշրջանում են ապրել ազգերը, բնության որ արժեքների հետ են շփվել: Եթե ծովափնյա երկրներ են, բնականաբար կորալային, ջրային, ձկնայուղային բուժում է կատարվում, եթե լեռներում են՝ բուսական: Օրինակ Տիբեթի բժշկությունն  ուրիշ է, պարսկականն ուրիշ, եվրոպականն ուրիշ, բայց հիմքը նույնն է: Բույսերը կան ամբողջ աշխարհում, ենթադրենք անթառամը կամ հազարատերևը, բայց նրանց հատկությունները տարբեր են՝ կախված նրանից, թե այն որտեղ է աճում: Այն, թե ինչ կա հողի մեջ, դրանով էլ պայմանավորվում են նրա հատկությունները: Ունեցել ենք շատ հարուստ բնություն, բուսատեսակներ, որոնք հիմա վերացել են: Այն ժամանակ էլ հիմիկվա նման հանել, արմատախիլ են արել ու ծախել:

Համացանցում, մամուլում  «Օգտակար խորհուրդներ» խորագրերի ներքո բազում նյութեր կան. մարդը սահմանափակվի այդ խորհուրդներին հետևելով, թե՞ դիմի բժշկի:

- Անտեր երիր է՝  ով ինչ ուզում՝  եթերում խոսում է, մամուլում էլ գրում: Իրեն հարգող մարդը պետք է դիմի պրոֆեսիոնալ մասնագետի, բժշկի: Իսկ ժողովրդական բժշկությամբ զբաղվողը նախ պետք է բժիշկ լինի: Մարդը բերում և քեզ անալիզ է ցույց տալիս, ռենտգեն նկար, եթե չունես բժշկական կրթություն՝ ո՞նց ես հասկանալու:  Շատերն են դիմում, ինչ-որ կարողանում եմ անել՝ անում եմ, եթե չէ՝ ուրեմն դա իմ գործը չէ: Չի կարելի մարդուն խաբել, նրա թանկագին ժամանակը խլել, որովհետև հիվանդություններ կան, որ օրը նրա համար նշանակություն ունի:

Այսինքն, ամեն հիվանդություն դեղաբույսերով բուժել հնարավոր չէ:

-Օրինակ թարախային ծանր ինֆեկցիաների դեպքում,  երբ որ ջերմությունուը շատ բարձր է, բույսը կողքից պետք է օգնի: Ենթադրենք՝ ծանր թոքաբորբ է, մինչև դու հայ-հույ անես՝ կմեռնի:

Արդյունքում, կան մարդիկ, ովքեր դեղեր չեն խմում, դեղաբույսերի կողմնակից են:

-Չէ, ես դա չեմ ընդունում: (Սա ասելով բժիշկը կանչում է իրեն այցելած հիվանդներից մեկին.Հեղ.)

Ինսուլտ է ստացել, սակայն չի հասկացել, հետո էլ երբ զգացել է՝ չի դիմել բժշկի: Հարցնում եմ, թե ինչո՞ւ չես դիմել, ասում է շաբաթ-կիրակի էր: Ասում եմ՝ ինչի շաբաթ-կիրակի բժիշկ չի լինո՞ւմ: Ասում ա՝ սպասում էի, որ գայի քեզ մոտ:

(Մեր խոսակցությունն ընդհատում է բժշկին այցելած հվանդն ու ասում՝ այս բժշկին էի վստհում: Սա ևս մեկ անգամ առաջացրեց բժշկի վրդովմունքը, քանի որ, նրա խոսքով՝ հիվանը երբ եկել է իր մոտ, ճնշումը շատ բարձր է եղել, ամեն ինչ կարող էր վատ ավարտ ունենալ: Հեղ. ) :

Ասում են՝  մի շարք  «չբուժվող» հիվանդությունների հեղինակ եք.որո՞նք են դրանք:

-Եվ արտասահմանում և այստեղ ասում են, թե փսորիազը կամ բրոնխյալ ասթման, շաքարը  չբուժվող հիվանդություններ են: Ո՞վ է ասում, որ չբուժվող են: Փորձը հակառակն է ցույց տվել:

Զրույցի ընթացքում  ասացիք, որ տարին 1-2 անգամ  լինում եք ԱՄՆ-ում: Կրկին հայերն են դիմում, թե՞  օտարազգիները:

-Չէ, դիմում են նաև պարսիկները, ամերիկացիները…

Հիվանդությունների առումով տարբերություն կա՞, թե մարդը Երկրագնդի որ հատվածում է բնակվում:

-Ոչ մի տարբերություն չկա.տարբերությունը միայն նրանում է, որ Հայաստանում աճած բույսը հայի վրա ավելի լավ է ազդում, քան այլ ազգի: Դա բնության ստեղծագործությունն է: Ամեն տեղի օձն ու կարիճն էլ այդ հողի ու բույսի գույնին են լինում: Մենք խմել ենք այստեղի ջուրը և աշխարհի որ ծայրում էլ ապրենք՝ այն փոխել անհնար է: Որտեղ որ ծնվել ու ապրել ես, այնտեղի բնությունն է քեզ հարազատ, այնտեղի օդը, ջուրը, հողը, քարը, քանի որ այդ բոլորը քո մեջ կա: Դրա համար տվյալ վայրի բույսով ավելի լավ կբուժվես, որովհետև նրա մեջ կա այն, ինչ քեզ պետք է:  Հիմնականում ամեն ինչ նույնն է, միայն բաղադրություններն են փոխվում:

Պարոն Աշոտյան, բացի դեղաբույսերից նաև կոսմետիկ միջոցների հեղինակ եք: Ինչպե՞ս Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծված դեղը դարձավ կոսմետիկ միջոց:

-Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծեցի մի դեղ, որը կազատեր թարախից, որովհետև մինչև զինվորներին հասցնում էին  հիվանդանոց՝ անցնում էր երկար ժամանակ և արդեն զարգանում էր ոսկրածուծի թարախային բորբոքում:

Այն ժամանակ քսուք չէր, հեղուկ էր.լցնում էինք վերքերի մեջ և հրաշք էր կատարվում.հաջորդ օրը ոչ թարախ կար, ոչ հոտ: Ամբողջ ազատամարտի ժամանակ օգտագործեցինք այդ դեղը, որից հետո քսուք դարձրեցինք ու դարձյալ վերքերի համար օգտագործեցինք: Մի օր հիվանդներից մեկ, ով չլավացող վերքեր, խոցեր ուներ, սրա միջոցով բուժվել էր, տեսնում եմ՝ անընդհատ գալիս ու այդ քսուքը տանում էր: Հարցրեցի՝ ինչո՞ւ ես տանում, ասաց,  թե բա դու ասե՞լ ես, որ մի հատ երեսներին քսեն, ասեցի չէ, ասաց՝ ասա, թող քսեն, տես, թե ինչ է կատարվում: Իրոք, որ հրաշք էր.մաքրում է լաքաները, դեմքին, փայլ, էլաստիկություն է տալիս, վերացնում է կնճիռները…

«Անահիտը»  բնական է, չի պարունակում քիմիա, իսկ այսօր բոլոր կոսմետիկ միջոցները նավթի մնացորդներից են: Նավթի թափոնններից կոսմետիկ քսուք են պատրաստում, օծանելիք, լաքեր և այլն:  Մարդիկ օգտագործում են, թունավորվում և հետո հարցնում են, թե ախր ինչո՞ւ քաղցկեղ, ինչո՞ւ զոբ, ինչո՞ւ երեխաս  հաշմանդամ ծնվեց: Բոլորը կոսմետոլոգիայից է գալիս: Հատուկ ուսումնասիրություն կա, թե նույնիսկ եղունգի լաքը ինչ վնասներ կարող է առաջացնել.դրանցից հաշմանդամ երեխաներ են ծնվում:

Ինչո՞ւ «Անահիտ» :

-Դա մեր աստվածուհու անունն է: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհին։ Ի՞նչ դնեի, Սյուզի՞: Ոչ…հայկական, միայն հայկական: Ես հիվանդագին ազգասիրություն ունեմ:

Մյուս քսուքը կոչվում է «Մարիա»՝ թոռանս անունով.աստվածամոր անունն է: Աշխարհում այսօր կա 3 դեղաբույս, որոնք Տիրամոր անունով են, դրանցից մեկը մայրամախոտն է: Լավ միջոցներ են, լավ արդյունքներ են տալիս:

Հարցազրույցը՝ Անի Կարապետյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին