▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկանխատեսելի և լարված իրավիճակ՝ Թուրքիայում

Հաշված օրեր են մնացել  Թուրքիայում կայանալիք  արտահերթ խորհրդարանական ընտրություններին, իսկ լարված մթնոլորտը կարծես թե նվազելու միտում չունի:

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք կհաջողվի՞ Էրդողանին՝ ձայների մեծամասնությունը ստանալ և ի՞նչ սպասենք  ընտրություններից  հետո, ասաց.

«Ներկա դրությամբ Էրդողանի համախոհները Թուրքիայի խորհրդարանում որոշիչ մեծամասնություն կազմելու հնարավորություն չունեն: Կարծում եմ՝ գալիք ընտրությունները Թուրքիայում նոր ճգնաժամ են ստեղծելու, քանի որ նախորդ ընտրությունների պատկերը սկզբունքորեն դժվար թե փոխվի, եթե քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը թուրքական իշխանության միջամտությամբ չհեռացվի ընտրական թատերաբեմից»: 

Ինչ վերաբերում է Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որը հունիսին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ կուսակցությունն 80 մանդատ ստացավ մեջլիսում, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հայտարարությունից հետո անցավ ռազմական գործողություններին, որը կարծես թե նույն արդյունքն առաջիկայում չապահովելու հետ է կապված, թուրքագետը նշեց.

«Կարծում եմ՝ քրդական քաղաքական ուժն ունակ է կրկնել նախորդ հաջողությունը՝  ի հաշիվ Էրդողանի  վերջին շրջանի ձախողումներով լի քաղաքականությունից դժգոհող լայն զանգվածների ձայների, այդ թվում՝ քրդերի ձայների, որոնք նախկինում իրենց ձայնը տվել են էրդողանականներին: Բայց և պետք է հաշվի առնել, որ քրդական կուսակցությունը թուրքական իշխանությունների ուղիղ նշանառության ներքո  է, և ամեն հարմար առիթ կիրառվում է՝ ԺԴԿ-ին վնասելու համար, ուստի սա լրջագույն բարդություններ է ստեղծում այս քաղաքական ուժի համար: Ես չեմ բացառում, որ թուրքական իշխանությունները փորձ կատարեն փակել ԺԴԿ-ն, ինչպես նախկինում արել են այլ քրդական ուժերի հետ, սակայն սա լրջագույն խնդիր կարող է դառնալ թուրքական պետության համար: Իրավիճակը, իրոք, անկանխատեսելի և լարված է»:

Քանի որ Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ - HDP) նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների առթիվ հրապարակել է իր նախընտրական ծրագիրը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հետ կապված ուշագրավ  խոստումներ, օրինակ՝ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանի բացելը, Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական շրջափակման դադարեցումը,  պետական մակարդակով ներողություն խնդրելը պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանությունների համար, Արցախի հարցում ժողովրդավարական լուծման հասնելու ջանքերը, Գևորգ Պետրոսյանը նկատեց.

«ԺԴԿ-ն միշտ էլ առանձնացել է համեմատաբար հայանպաստ դիրքորոշումներով, ինչը կապված է կուսակցության ընդհանուր քաղաքականության հետ, որը նախ կողմ է Թուրքիայում ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանը և մյուս կողմից, լուծում է քաղաքական ուժերին բնորոշ կենսական խնդիրներից մեկը՝ ապահովում ձայներ, այս դեպքում՝ հայ ընտրողների ձայները: Առաջիկա խորհրդարանում իր խոստումները կատարելու բազա և հնարավորություն, ցավոք, այս քաղաքական ուժը չունի»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 7-ին կայացած ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցույթունը ստացել էր քվեների շուրջ 40 տոկոսը, սակայն չէր կարողացել ձևավորել միակուսակցական և ոչ էլ՝ կոալիցիոն կառավարություն:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին