▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանսուրյանի, Հախինյանի օրինակին հետևեցի ու «Բեթհովեն» դարձա

Օրերս Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնի շրջանակներում  տեղի ունեցավ   իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանի  թիվ 4 Լարային քառյակի հայաստանյան պրեմիերան՝ նվիրված իր ուսուցիչներ Գրիգոր Եղիազարյանի և  Գրիգոր Հախինյանի հիշատակին:

Ստեղծագործությունը կատարում էր Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակը:

«Գործը, որը գրել եմ 2007 թվականին՝ վերջապես Հայաստանում կատարվեց.ուռաաաա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նուբար Ասլանյանը:

Քանի որ գործը նվիրված է Գրիգոր Եղիազարյանի և  Գրիգոր Հախինյանի հիշատակին, կոմպոզիտորը նկատում է.

«Առանց ուսուցիչներիս ես ոչնչի չէի հասնի: Պաշտում եմ նրանց: Ասեմ, որ իմ՝ երաժշտական ուսումնարան ընդունվելը շատ պատահական եղավ, որովհետև իմ բախտից, թե Աստծո կամքով այդ տարի ուսումնարանում հեռակա բաժին էին բացել: Ուսուցիչ կար, ուսանող՝ ոչ, ուստի ինձ՝  կիսագրագետիս, ընդունեցին:  Պարզվեց՝ կոմպոզիցիայի ուսուցիչը Գրիգոր Հախինյանն է: Կամաց-կամաց մեր հարաբերությունները ջերմացան, գրեթե ծնողական էին: Կոմպոզիտորների միություն իր շնորհիվ եմ ընդունվել: Առհասարակ, ավարտելուց հետո դիմում էին գրում, որ ընդունվեն Կոմպոզիտորների միություն, հետո օրենքը փոխվեց.պետք է նոր ստեղծագործություն ներկայացնեիր: Ունեի նոր գործեր, բայց չէի համարձակվում դիմում գրել: «Բերքի տոն» անունով կանտանտա  գրեցի: Լսեց ու ասաց՝ գնա դիմումդ գրի: Դա ինձ համար շատ անսպասելի էր, զարմացած ասեցի՝ ո՞վ, ե՞ս: Նա ջղայնացավ ու սկսեց հայհոյել…ստիպված գնացի դիմում գրելու ու դարձա Կոմպոզիտորների միության անդամ:

Հիշում եմ՝  երբ իր վերջին օրերն էին՝ գնացի, անշարժ պառկած էր.փորձեցի գուլպաները հագցնել, ու կինը նրա զգոնությունը ստուգելու համար հարցրեց՝ Գրիգոր, ո՞վ ա…ասեց՝ տղե՜ս ա…

Կոնսերվատորիայում աշխատում էր նաև Գրիգոր Եղիազարյանը, ով Հախինյանին էր դասավանդել:  Եղիազարյանը շատ հոգատար էր իմ հանդեպ.գիտեր, որ ամուսնացած եմ, երեխա ունեմ: Միշտ իմ կյանքով հետաքրքրվում էր:

Հերթական անգամ կայացել էր Կոմպոզիտորների միության պլենումը, որտեղ հատուկ համերգ կար: Կատարում էին նաև ուսանող կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ներկայացրեցին իմ՝ ջութակի և դաշնամուրի համար գրված սոնատը: Պլենումից հետո Մշակույթի  նախարարությունը միշտ գնում էր Կոմպոզիտորների  միության  անդամների ստեղծագործությունները, բայց ոչ ուսանողներինը: Անցավ 2 ամիս, եկա դասի, մեկ էլ Եղիազարյանն ասաց՝ Նուբա՛ր, քո սոնատան Մշակույթի նախարարությունը գնել  է, կգնա՛ս վերարկու կգնես: Տեսել էր, որ վերարկու չունեմ:

Հիշում եմ՝ մեկ  օր էլ Հախինյանն ու Մանսուրյանն եկան բարձր տրամադրությամբ: Հախինյանն ասաց՝ Նուբա՛ր, ինձ նոտայի թուղթ թող ու մատիտ: Ճանապարհին մտածեցի՝ երևի քեֆը լավ գրելն  արդյունավետ է: Այդ ժամանակ էլ Հախինյանն ինձ ժողովրդական թեմա էր տվել, որպեսզի քառաձայն երգչախմբի համար գործ գրեի:

Ասի՝ սպասեք ես էլ խմեմ: Մեր հարևանը այդ ժամանակ օղի էր գողանում  ու լիտրը 50 կոպեկով վաճառում: Գնեցի, մի լավ խմեցի:  Քեֆս լավ, արդեն «Բեթհովեն» եմ, տաքսի վերցրեցի, վազեցի դասի՝ Հախինյանի մոտ: Գործս նվագեց, մեկ էլ դարձավ, թե  քանի՞ ձայն պետք է լիներ, պատասխանեցի՝ 4, ասա՛ց այ շաշ, բա բասերդ ո՞ւր են: Դու մի ասա՝ 3 ձայները գրել եմ՝ բացի բասից:

Եղելությունը պատմեցի, ասաց՝ այ տղա, երբ որ պետք է ստեղծագործեմ, 3 օր առաջ արդեն խմելը թողնում եմ» :

Հիշեցնենք, որ Հայ ժամանակակից երաժշտության 2-րդ փառատոնը տեղի ունեցավ հոկտեմբերի 20–ից 27-ն ընկած ժամանակահատվածում և կրում էր «Խաչատրյանը և մեր ժամանակները» խորագիրը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին