▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ շտապում ամուսնանալ. Մագդա Մկրտչյան

Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանն իր հզոր ձայնով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների հռչակավոր բեմերում: Իր ուսուցիչներին՝ Գոհար Գալաչյանին և Պավարոտտիին կյանքում ամենակարևոր ձեռքբերում համարող օպերային երգչուհու համար Օհան Դուրյանի հետ հանդիպումը ճակատագրական եղավ. 23 տարեկանում  նա երգեց Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգը: Asekose.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի հետ Հայաստանում օպերային արվեստի զարգացման, ստեղծագործական գործունեության, ապագա պլանների և այլ թեմաների շուրջ:

-Այսօր, ի տարբերություն էստրադային աստղերի, օպերային աստղերն ու օպերային արվեստը ստվերում են, ինչը կապված է նաև ֆինանսական կողմի հետ: Ի՞նչ եք Դուք մտածում այս ամենի վերաբերյալ: Արդյո՞ք Հայաստանում օպերային արվեստի զարգացման հեռանկարներ կան:

-Օպերային արվեստն իր տեսակով թանկ արվեստ է, այս դեպքում նույնիսկ 1 կամ 2 հովանավորներն էլ չեն կարողանա այնպես անել, որ Հայաստանում արվեստի այս տեսակն այնքան զարգանա, որ կարողանա կանգնել այլ ժողովուրդների արվեստի կողքին: Մենք ունենք հզոր թատրոն, դեռ սովետական ժամանակներից լավագույն 3-ի մեջ ենք ընդգրկված եղել: Մենք էլի կարող ենք այդ բարձունքին լինել, այսինքն՝ Հայաստանում օպերային արվեստի զարգացման հեռանկարներ կան, սակայն դրա համար անհրաժեշտ է ֆինանսական հզոր աջակցություն:

-Մագդա՛, Դուք ելույթ եք ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում: Արդյո՞ք նկատել եք տարբերություններ հայ և օտարազգի հանդիսատեսի միջև:

-Կարող եմ հստակ ասել, որ բոլոր վայրերում էլ հանդիսատեսը գալիս է մի նպատակով՝ որակյալ երաժշտություն ունկնդրելու, սակայն արձագանքները տարբեր են լինում, տարբեր կերպ են ծափահարում: Օրինակ՝ Գերմանիայում հանդիսատեսը իր հիացմունքն արտահայտում է րոտքերի հարվածներով, ինչն ինձ համար զարմանալի էր, սակայն հետո ինձ ասացին, որ դա լավագույն գնահատակնն էր, որ ին ես կարող էի արժանանալ: Հայերն ավելի զուսպ են  այս առումով, ավելի շատ սիրում են բեմում տեսնել ապրումների մեջ գտնվող արտիստի, ով իր հույզերն արտահայտում է բարձր ձայնով: Այդ պահերին նրանք ուժեղ ծափահարում են, իսկ երբ երգը պահանջում է նուրբ ելևէջներ, այս դեպքում հայերը ծափահարությունների առումով դառնում են «զուսպ»:

- Ի՞նչ եք կարծում` արտերկրում որքանո՞վ են ծանոթ հայկական մշակույթին, և ի՞նչ է պետք անել այն մասսայականացնելու համար: 

-Մեր հայկական մշակույթն արտերկրում տարածելու միակ տարբերակն այն անընդհատ պրոպագանդելն է, և այս դեպքում կապ չունի արվեստի ճյուղը: Ես շատ ուրախ եմ, որ մեր հայ արտիստները մեծ ու լուրջ նախագծերի շրջանակներում հնարավորություն են ունենում հանդես գալու միջազգային լավագույն բեմերում:Մենք ունենք գեղեցիկ մշակույթ, որը գրավում է օտարերկրացիներին: Միայն տեսնել էր պետք, թե ինչ հիացմունքվ էին լսում օտարերկրացիները  մեր երգերը, երբ 2006թ. Բենեդիկտոս 16-րդ պապի և Մխիթարյան միաբանների  ներկայությամբ ես կատարում էի հայկական միջնադարյան շարականները, որոնք յուրահատուկ  են իրենց բնույթով: Դա նրանց համար նորություն ու  թարմություն էր: Այդ պահին ես ինձ հպարտ էի զգում, բոլոր զգացմունքներս իրար էին խառնվել:

-Ինչպե՞ս եք հաղթահարում այն դժվարությունները, որոնց բախվում եք Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում: Կա ՞ արդյոք կարգախոս, որով առանջնորդվում եք Ձեր կյանքում: 

-Ես  երբեք չեմ հուսահատվում: Յուրաքանչյուր նոր օր ինձ համար ինչ-որ նոր բանի հասնելու սկիզբ է: Ճիշտ է, դժվարություններ միշտ էլ լինում են, բայց փորձում եմ դրանք հաղթահարել ու գնալ նպատակիս հասնելու ճանապարհով: Ես ապրում եմ ներկայով ու փորձում եմ կյանքիս յուրաքանչյուր օրը դարձնել ուրախ ու իմաստալից: 

-Կա՞ն արդյոք դերեր, որոնց մասին երազում եք: 

- Իհարկե, կան այդպիսի դերեր, օրինակ՝  Դոն Կառլոսի Ելիզավետայի դերերգը: Դեռ երիտասարդ եմ ու համոզված եմ, որ հանդես կգամ այդ դերերում: Երազել եմ Աիդայի դերի մասին և շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ հանդես գալու այդ դերում, որի մասին շատ օպերային երգչուհիներ են երազում: 

-2014թ.  Ձեզ շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում, ինչքանո՞վ էր դա կարևոր Ձեզ համար:

- Շնորհակալ եմ այս կոչման համար, որովհետև  դրա շնորհիվ լցվել եմ նոր լիցքերով ու մեծ պատասխանատվությամբ: Ուրախ եմ, որ դրա շնորհիվ ինձ գնահատված եմ զգում:  

-Դուք նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում: Ո՞րն է այն խորհուրդը, որը միշտ տալիս եք ձեր ուսանողներին:

- Առհասարակ, մեր երեխաները  շատ որակյալ կրթություն են ստանում : Ես ուրախ եմ, որ կրթութոյւնս ստացել եմ հենց Հայաստանում, թեև  բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել արտերկրում լինելու: Մենք շատ լավ ձայն ունեցող երեխաներ ունենք: Ես միշտ իմ ուսանողներին առաջին հերթին խորհուրդ եմ տալիս ճիշտ որոշել իր ձայնի հնարավորությունները, ըստ այդմ էլ ՝ճիշտ ընտրել երգացանկը: Սակայն առաջին հերթին ես նրանց փորձում եմ դաստիարակել որպես ազնիվ ու լավ մարդ:

- Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ ձեզ որպես արվեստագետ և որպես իգական սեռի ներկայացուցիչ:  

-Առաջին հերթին ես ինձ ուժեղ մարդ եմ համարում, միշտ հասնում եմ իմ առջև դրված նպատակներին: Ես կարող եմ փխրուն լինել, սակայն հարկ եղած դեպքում շատ վճռական եմ դառնում: Առհասարակ, ես ինձ  ներդաշնակ մարդ եմ համարում թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպեոս իգական սեռի ներկայացուցիչ:

-Աշխարհի բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր  բեմերում եք եղել, արժանացել եք բազմաթիվ մրցանակների, ՀՀ վաստակավոր արտիստուհի եք, Կոնսերվատորիայի դասախոս, ի վերջո կայացած մարդ: Իսկ ի՞նչն է ձեզ պակասում այսօր կատարյալ երջանիկ զգալու համար:  

- Մի բան  կարող եմ ասել  կինն առաջին հերթին պետք է մայր լինի: Այս պահին իմ կյանքի միակ բացը համարում եմ իմ սեփական ընտանքի բացակայությունը, որը, հուսով եմ, շուտով կլրացնեմ: Իսկ առհասարակ այս առումով չեմ շտապում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրն ու ընտրություն անելու ճիշտ ժամանակը: 

 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին