▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի ասելուց հետո ի՞նչ ենք անելու.ՄԻՊ նախկին պաշտպանը՝ միասեռականների ամուսնությունը ՀՀ-ում օրինականացնելու մասին

Մի քանի օր է, ինչ  մեկնարկել է  սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Մարդկանց հանդիպում, լավ և վատ կետերն են ներկայացնում դեմ և կողմ, կամ, ինչպես ասում են՝ «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակիցները.

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ «Այո»-ի և «Ոչ»-ի  կողմնակից լինելն հիմա անհրաժեշտ չէ.

«Ոնց հասկանում եմ՝ ոչ 10 տարի քննարկվող Սահմանադրությունն ենք ուզում, ոչ էլ փոփոխվածը: Սրանք չէ, որ պետք է գան ու մեր ծուռ վիզը փոխեն: Հիմա քննարկումների ժամանակ է:  Ես կողմնակից եմ այն գաղափարին, որ իշխանությունն ու ընդդիմությունը գնան հատկապես այն վայրերը, որտեղ որ կախվածությունը վարչական  ռեսուրսից ավելի  մեծ է: Դրանք ոչ միայն  գյուղերն են, այլև փոքր քաղաքները, քանի որ այդ քաղաքներում ձևավորված կարծիքն ազդում է շրջակա գյուղերի վրա»,-կարծում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Սահմանդրական փոփոխությունների նախագծում միջազգային նորմերին շատ տեղ տալու մասին ասում է.

«1995 թվականի Սահմանադրության տեքստում գրված է համապարփակ մի բան, այն, որ, եթե օրենսդրության պետական նորմը հակասում է  արդեն իսկ այն նորմին, որին միացել է Հայասատանը, ապա գերական և առաջնայինը միջազգային նորմն է: Եթե մտել ենք Եվրոպայի խորհուրդ, արդյո՞ք մենք ընդունել ենք բոլոր իր պահանջներն ու նորմերը, եթե ոչ, ապա արե՞լ ենք համապատասխան հայտարարություն: Արդյո՞ք այդ հայտարարությամբ են մեզ ընդունել: Իսկ մենք որևէ հայտարարություն, վերապահում կամ բացառություն չենք արել:

Հիմա դու եթե մտել ես այդտեղ, պետք է կողմնորոշվես,  թե ինչ ես անում»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:

Մեր այն դիտարկմանը՝  շատերին մտահոգում է այն, թե Եվրադատարանը կարող է որոշել, որ միասեռականների ընտանիքի իրավունքն անխախտելի է ու  սրանով Հայաստանին պարտադրվելու է գրանցել միասեռական ընտանիքները, ՄԻՊ նախկին պաշտպանը պատասխանեց.

«Մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում:

Եթե Եվրոպան որոշի, որ դա ի վերջո պետք է ճանաչվի, ես կողմնակից եմ, որ օրենսդրության մեջ  մի բան անենք, կամ հասկանանք, թե Եվրոպայի ասելուց  հետո ինչ ենք անելու:

Դուրս ենք գալիս, վերապահում ենք անում, թե ինչ: Այդ նորմը շատ կարևոր է»:

Իսկ ՀՀԿ-ի այն պնդումը,  թե նման բան  չի լինելու, Լարիսա Ալավերդյանը նկատեց.

«Սա արդեն իշխանության  կողմից թույլ փաստարկ է: Եվրոպական դատարանը պահանջում է  կատարել կամ ցույց տալ, թե ինչ են անելու: Եկեք կամ ընդունենք, որ միջազգային նորմը գերակա է, կամ նման փաստարկներ մի բերեք: Ես համոզված եմ, որ իրավունքի և օրենքի միջև կան այնպիսի միջանցքներ, որտեղ պետությունը կարող է ի վերջո ասել, որ մեզ մոտ նրանց իրավունքները չեն ոտնահարվում, բայց պետականորեն նրանց ամուսանցնել հնարավոր չէ, քանի որ մեր օրենքը դա արգելում է: Այ դրանից հետո,  եթե Եվրադատարանը սկսի քննարկել , գուցե Վենետիկի խումբը սկսի աշխատել և այլն»:

Ինչ վերաբերում  է Սահմանադրության նախագծում առկա թերություններին՝  ՄԻՊ նախկին պաշտպանը նշեց.

«Մարդու իրավունքների 2-րդ գլխում մարդու ազատության սահամանփակման մասին խոսելիս չկա բառակապակցություն, որ այս կամ այն բացառություններն  անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությանը: Սա ինձ համար մեծ բան է: Սահմանափակում էլ կա, սահմանափակում էլ: Ո՞րն է սահմանափակման սահմանը:

Ինձ համար վերին աստիճանի վիճելի է սոցիալական և քաղաքացիական իրավունքների առանձնացումը: Հասարկության մեջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ: Մարդու իրավունքը բանակում հրաման չէ, այն ենթադրում է միջավայր, մթնոլորտ:

Բարձիթողի վիճակում  է գտնվում և  հասանելի չէ ՄԻՊ-ին դատավարական իրավունքը: Եվրադատարանը չի նայում գործի նյութական  մասին՝ սպանել է-չի սպանել, տվել է-չի տվել, նա նայում է՝ ինչպես է ընթացել դատավարական գործընթացը: Այն երկրներում, որտեղ դատավարական գործառույթները լինում են այսպիսի վիճակում, որը մեզ մոտ է, իրավական պետություն չի դառնում»:

Լարիսա Ալավերդյանը չի հավատում նաև դատարանների անկախությանը.

«Դատարանն անկախ  չի դառնում Սահմանադրությամբ,  չէ՞, որ իրավիճակը փոխվում է: Այն նպատակադրում է: Ես պահանջ ունեմ հասարակությունից, ընդդիմությունից: Մենք պետք է մի բան հասկանանք.երկրում պետք է կազմենք այնպիսի քաղաքացիական հասարակություն, քաղաքական ուժեր, որոնք կազդեն այդ իրավիճակը փոխելու համար: Ուզում եք ոսկյա տառերով գրած սահմանադրություն բերեմ.եթե չաշխատենք ներսում, մեր ուզած երկիրը չենք ունենալու»,-եզրափակեց ՄԻՊ նախկին պաշտպանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին