▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայի նկրտումները

Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄՆ–ի ու Եվրոպական մի շարք երկրների կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա և այլն) միջև 2011 թվականի մարտի 15-ից սկսված ռազմական հակամարտությունը դեռ շարունակվում է:

Associated Press—փոխանցմամբ՝ օրերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ասադն իշխանության է, քանի որ նա «չի կարող վերադարձնել լեգիտիմությունը»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆերդիուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով Վիեննայում նոյեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:

Քաղաքագետ Արամ Մանուկյանը դեռ վաղ է համարում խոսել Ասադի՝ իշխանությունից հեռանալու  լուրերի մասին.

«Այդ հարցի պատասխանը ցույց կտան հետագա զարգացումներն ու դրանց զուգահեռ տեղի ունեցող բանակցությունները, ամեն դեպքում կարծում եմ, որ եթե հաջողվի կայունացնել վիճակը Սիրիայում, ապա նա քաղաքական ղեկավարությունից չի հեռանա»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Մանուկյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունն իր նախագահի հանդեպ, ընդունո՞ւմ է, թե՝ ոչ,-քաղաքագետը պատասխանեց.

«Նմանատիպ ռեժիմների առկայության պարագայում չափազանց բարդ է օբյեկտիվ գնահատական տալ ղեկավարի նկատմամբ հասարակության վերաբերմունքի մասին: Ամեն դեպքում, որքանով որ ցույց են տալիս առկա իրողությունները, Ասադն ունի զգալի աջակցություն սեփական ժողովրդի կողմից, քանի որ հակառակ պարագայում քիչ հավանական է, որ նա կկարողանար մինչ այժմ պահպանել իշխանությունը` գտնվելով նման ճնշման ներքո: Հարկ է նշել, որ նա հատուկ համակրանք է վայելում հատկապես զինվորականների շրջանակներում»:

Իսկ, թե ի՞նչ պատճառներով Բաշար Ասադը «դուր չեկավ» օրինակ ԱՄՆ-ին, Արամ Մանուկյանը նկատեց.

«ԱՄՆ-ի քաղաքականությունը սիրիական հարցում ամբողջովին տեղավորվում է վերջինիս ունեցած աշխարհաքաղաքական նկրտումների տրամաբանության մեջ: Դա պայմանավորված է ոչ թե մեկ, այլ մի շարք գործոններով: Նախ, ընդհանուր առմամբ, այսօր Մերձավոր Արևելքը հանդիսանում է համաշխարհային գերակայություն ունենալու համար կենսական տարածք, քանի որ գաղտնիք չէ, որ այստեղ առկա են հսկայական ռեսուրսներ: Բնականաբար, ԱՄՆ-ի կողմից սեփական ազդեցության հնարավորինս ընդլայնումը տարածաշրջանում նրա համար կարևորագույն նշանակություն ունի: Սիրիայի ներկայիս վարչակազմին հեռացնելով և իրեն լոյալ վարչակազմ բերելով` ԱՄՆ-ն,  ըստ էության, խիստ կթուլացնի իր աշխարհաքաղաքական հիմնական մրցակից ՌԴ-ի դիրքերը, որը ռազմական ներկայացվածություն ունի Սիրիայում: Բացի այդ՝ միաժամանակ հարված կհասցնի Իրանին, քանի որ տարածաշրջանում Իրանն ու Սիրիան սերտ դաշնակիցներ են:

Միևնույն ժամանակ Սիրիան կարևոր աշխարհագրական դիրք է զբաղեցնում էներգակիրների տարանցիկ ուղի ապահովելու տեսանկյունից: Շուրջ տասը տարի առաջ մտահոգություն կար, որ Սիրիան, Իրանն ու Իրաքը կարող են ստեղծել այսպես կոչված «շիական կիսալուսին», ինչը չէր բխում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շահերից: Ուստի, այս ամենից ելնելով, ԱՄՆ-ի համար Սիրիայի ներկայիս վարչակազմին հեռացնելն ու այստեղ անկայունություն առաջացնելը կարևոր նշանակություն ունի: Ընդ որում, միամտություն կլինի կարծել, թե Արևմուտքում, նախքան օրինակ փարիզյան ահաբեկչությունների իրականացումը, չէին գիտակցում, թե ինչ վտանգ են իրենցից ներկայացնում ԻՊ-ը և Սիրիայի ու Իրաքի տարածքում գտնվող այլ նմանատիպ ահաբեկչական խմբավորումները: Պարզապես առաջնային էր Ասադին հեռացնելը, իսկ այդ կազմակերպությունների դեմ իրական պայքար ամենայն հավանականությամբ կփորձեին մղել միայն դրանից հետո,եթե դա բխեր իրենց շահերից»:

Խոսելով Սիրիայի բաժանանման մասին՝ քաղաքագետն ասաց, որ Սիրիայի հետագա ճակատագիրը չափազանց բարդ է կանխատեսել, բայց ներկայիս իրողությունները հաշվի առնելով, այդ երկրի հնարավոր մասնատումը կարելի է իրատեսական համարել.

«Հաշվի առնելով քրդական գործոնը, հաշվի առնելով այն, որ ըստ էության Թուրքիան ևս կարծես թե որոշակի նկրտումներ ունի այդ առումով: Չի բացառվում, որ այստեղ կյանքի կոչվի Ռուսաստանի կողմից առաջ քաշվող պետության դաշնային ձևը, որն, ըստ էության, կկասեցնի երկրի իրական մասնատման վտանգը:

Անդրադառնալով Իրանի՝ սիրիական  պատերազմին ավելի մեծ ուժերով մասնակցելուն, Արամ Մանուկյանը նկատեց.

«Ինչ վերաբերում է Իրանի մասնակցությանը, ապա վերջինս կոնֆլիկտի ծագման պահից ի վեր, որպես Սիրիայի թիվ մեկ դաշնակից, աջակցում է Ասադին իր կողմից մղվող բավականին բարդ պայքարում: Այդուհանդերձ Իրանի կողմից լայնածավալ բացահայտ ներգրավումը տեղի ունեցող պատերազմին որոշակի վտանգներ է պարունակում իր մեջ: Դա կարող է հանգեցնել նաև տարածաշրջանային այլ երկրների անմիջական ներգրավմանը , քանի որ գաղտնիք չէ, որ դրանց մի մասը (Սաուդյան Արաբիա, Քաթար,Թուրքիա…) աջակցություն են ցույց տալիս Ասադի դեմ կռվող խմբերին: Համենայն դեպս ներկայումս Իրանի մեծամասշտաբ մասնակցության նախադրյալներ կարծես թե տեսանելի չեն, բայց որևէ բան բացառել չի կարելի, քանի որ տարածաշրջանում իրադարձությունները դինամիկ զարգացում են ապրում և փոփոխությունների են ենթարկվում»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին