▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը դատարկվում է, իսկ այս անգամ թշնամին մեղք չունի

-Հայաստանը դատարկվում է, իսկ  այս անգամ թշնամին մեղք չունի: Գաղթական է մեր հոգին:  Դե, գնացեք, ձեր տան ճրագը մարեք, ուրիշինը վառեք, գնացեք ճորտ դարձեք: (Մայր Հայաստան)…

-Նրանք անպայման կվերադառնան…100 տարի է՝ քարշ եմ տալիս բոլոր վանեցիների տան բանալիները՝ օր ու գիշեր սպասելով նրանց վերադարձին: Մեջքս ծանրությունից կորացել է: Տուն վերադարձեք, ձեր նախնիները ծովից ծով հայրենիք են պահել (Վանա կատու),-սրանք Մայր Հայաստանի և Վանա կատվի շուրթերից հնչող խոսքերն են՝«Վանա կատուն» ներկայացումից, որի բեմադրիչը, ռեժիսորը, սցենարի հեղինակը, ինչպես նաև երաժշտության և հագուստի ձևավորողը Լիանա Անթառանյանն է:

«Պաշտելի ամուսինս, ընկերս, հարազատս, կյանքս, Կարեն Ջանիբեկյանն է ոգեշնչել ինձ: Հիշում եմ, Կարենը մեկ անգամ զայրացել էր ինձ վրա..նայեցի նրա գզգզված մազերին ու ասացի՝ վայ, ինչքան նման է վանա կատվին… ու այդտեղ որոշեցի, որ այդ անունով պիես եմ գրելու, և ինքը պետք է խաղա: Բայց, թե ինչ պետք է լիներ, լավ չէի պատկերացնում:

Մտածեցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայրենասիրական և լուրջ բան նախաձեռնել,(դիպլոմային աշխատանքս էր):

Սկսեցի կարդալ Վրացյանի հատորյակները, վերընթերցեցի մեր հայոց պատմությունը, դրանց գումարվեց գեղարվեստական մասը: Դա 1 տարի տևեց: Այդ ժամանակ նոր էին տեղադրել նաև Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու խաչը:

Երևանի քաղաքապետը ներկայացման համար մեզ գումար տրամադրեց, իսկ այդ ժամանակ Կարենս արդեն հիվանդ էր…ասացի՝ արի գումարը վերադարձնենք , ասաց՝ ո՛չ,  դու իմ 6-րդ երեխան ես, բա ես քեզ չտեսնե՞մ, որ ոտքի վրա ես…

Հիվանդ-հիվանդ գալիս էր փորձերին: 39 աստիճան ջերմություն ուներ…պրեմիերան խաղաց...դա իր «կարապի երգն» էր… Հանդիսատեսը այդ օրը եկել էր նայելու ոչ թե Վանա կատուն, այլ այն, որ հանկարծ մեծ արվեստագետը կընկնի ու վեր չի կենա…»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիանա Անթառանյանը:

Նրա խոսքով՝  սկզբում Վանա կատուն էր հզոր, ոչ թե Մայր Հայաստանը.

«Նա մեզ՝ արևելահայերիս,  տանելու էր դեպի Արևմտյան Հայաստան, դեպի վանա կատուն ու Վանա լիճը, մեր հողերը, չէ՞ որ  այնտեղ սպասում են մեզ: Բայց, քանի որ Կարենս թույլ էր, Մայր Հայաստանն  իր բուռը վերցրեց…

Ամեն դեպքում, Արևմտյան, թե Արևելյան Հայաստան, մենք ենք, մեր հողերն են: Միգուցե, այսօրվա դրությամբ, Մայր Հայաստանի հավաքական ուժն ավելի ճիշտ է»,-նշեց սցենարի հեղինակը:

Անդրադառնալով թուրքի դերասանի ընտրությանը, Լիանա Անթառանյանը պատմեց.

«Թուրքի կեպարում հանդես է գալիս Արմեն Քուշկյանը: Արմենին տվեցի 2 սցենար՝ արևելահայի կերպարը ու թուրք Մուհամեդի: Ասացի՝ ընտրի՛ր, ո՞րն ես ուզում խաղալ:

Միևնույն ժամանակ մտքիս մեջ ասում եմ՝ երանի թուրքի դերը կատարի, հետո ասում եմ՝ ախր ինքը կապուտաչյա է…

Ասեմ, որ ի սկզբանե թուրքի կերպարը մտածել էի, որ սև աչքերով մարդ է խաղալու:

Սակայն Արմենը եկավ ու ասաց, որ թուրքի դերն է ցանկանում խաղալ, համամիտ է նրա յուրաքանչյուր բառի հետ, օրինակ այն, որ մենք՝ հայերս իրար չենք սիրում, ..

«Ես  մեծ հաճույքով դա բեմահարթակից կասեմ»,-ասաց Արմենը: Մնաց աչքերի գույնը… մեկ օր պատահաբար փորձի ժամանակ ասացի՝ Մուհամեդ, այդ կապույտ աչքերդ որ ունես, տատերիցս ես ժառանգել…ահա, այսպիսի բաներ»,-անկեղծանում է զրուցակիցս:

Ինչ վերաբերում է ներկայացման մեջ ակնհայտ կերպով թե՛ մեր , թե՛ հարևան երկրի, թե՛ Եվրոպայի ու Ռուսաստանի վարած քաղաքականությանը, և հարցին՝ արդյո՞ք ճնշումներ չեն եղել վերին օղակներից՝ ինչ-որ հատված հեռացնելու համար, սցենարի հեղինակը նկատեց.

«Չի եղել քաղաքական ճնշում՝ ներկայացման հետ կապված: Կառավարության անդամներն էլ էլի մերոնք են, պետք չէ տարանջատել: Միտումնավոր կծելու ցանկություն երբևէ չեմ ունեցել, հակառակը, միշտ ասել եմ՝ ներքևում նստածներն այսպիսին են, դրա համար վերևներում այդպիսին են: Ուստի, նախ ինքներս պետք է մաքրվենք:

Ուղղակի մեկ հատված կա, որի ժամանակ  հայը Թուրքիայի դրոշով քիթն է սրբում: Ինձ շատ են ասել, որ դա պետք չէ, մենք ավելի բարձր ենք, սակայն դեռևս այն անփոփոխ է, հանդիսատեսը դրան լավ է արձագանքում, ծափեր են հնչում, չնայած, երբեմն էլ քար լռություն է…

Թուրքահայերը մեկ անգամ ասացին, որ եթե Թուրքիայում սա նայեն, ապա շատ կզայրանան, անգամ այնտեղ բնակվող հայերին  դուր չէր գա…»:

Նշենք, որ «Վանա կատու» ներկայացման մեջ ցուցադրված է, թե ինչ է մտածում Մայր Հայաստանը, ինչ ցավեր ունի Վանա կատուն: Անդրադարձ է կատարվում Հայոց ցեղապանությանը և դրա հետևանքներին` հայաթափմանը, հայրենիքի կորստին, արդիական խնդիրներին: Գործողությունները ծավալվում են Վանա լճի կղզում, Սուրբ Խաչ եկեղեցու բակում: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին