▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չենք կարողանում օգտվել ԱՄՆ-ի ընձեռած հնարավորությունից

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը դելտեմբերի 19-ին  Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (դեսպաններ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեր Անդրյուի) միջնորդությամբ հանդիպում անցկացրեցին, որից հետո համանախագահները նշեցին, թե հանդիպումը նախագահներին հնարավորություն տվեց իրենց համապատասխան դիրքորոշումները քննարկել  դեմ առ դեմ:

Նախագահները քննարկել են սահմանային վերջին լարվածությունը եւ մտահոգություն հայտնել զոհերի, այդ թվում՝ քաղաքացիների սպանվելու առնչությամբ:

Քաղաքագետ  Լևոն Շիրինյանի կարծիքով  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ոչինչ էլ չի փոխելու.

«Իմ կարծիքով ՀՀ նախագահը չպետք է գնար հանդիպման՝ հաշվի առնելով սահմանում տիրող իրավիճակը: Հանդիպեց և ի՞նչ, ոչ մի արդյունք»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Դիտարկմանը՝ արդյոք Բեռն չգնալու դեպքում հակառակորդը  սահմանում լարվածություն ստեղծելու մեջ Հայաստանին չէ՞ր մեղադրի, Լևոն Շիրինյանը պատասխանեց.

«Հիմա որ չմեղադրեց՝ սահմանին գիշերը կրակոց չեղա՞վ: Օրինակ՝ Դուք արժանապատիվ տղամարդուն եք հարգում, թե՞ մյուսին, որ թույլ է: Ինչպես Դուք, այնպես էլ պետությունները հարգում-սիրում  են ուժեղին ու արժանապատիվին, իսկ թույլի հարցրերն ուրիշ կերպ են լուծում»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, այն է՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին վիզայի տրամադրումը մերժելը, մարդու իրավունքների հարցով պաշտոնական հետաքննություն սկսելը և այլն, Լևոն Շիրինյանը նշեց.

«Այս քայլերով ԱՄՆ-ն օգնում է մեզ, բայց եթե չենք կարողանում օգտվել, էլ ի՞նչ ենք ուզում: Այստեղ երբ խոսում էին արևմտյան պատգամավորների մասին՝ ասում էին, թե բոլորին Ադրբեջանը խավիարով գնել է: Բա ո՞նց են գնել, եթե ԱՄՆ-ի վերաբերմունքը լրիվ այլ է»:

Հարցին, թե այս դեպքում, ինչո՞ւ  մենք չենք կարողանում օգտվել ընձեռված հնարավորությունից, քաղաքագետը ևս հարց բարձրացրեց.

«Ինչո՞ւ ԱԳՆ-ի աշխատանքի արդյունքը չի երևում այնպես, ինչպես ՊՆ-ի արդյունքը: Ինչո՞ւ»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին