▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ եփել վաղը

Փետրվարի 7-ին  Բուն Բարեկենդանն է: Այն շարժական տոն է, որի հաջորդ օրը սկսվում է Մեծ Պահքը:

Պատմաբան Վահե Անթանեսյանի խոսքով՝  հնում Բարեկենդանն ավելի մեծ շուքով է նշվել քան Ամանորը, որովհետև  այն նախապատրաստական ծիսական արարողակարգ էր` երկրագործական նոր տարին սկսելու համար.

«Մարդիկ ցերեկը կերուխում են անում տանը, իսկ գիշերները սկսվում է համընդհանուր զվարճանքը և զբոսանքը: Համայնքը հավաքվում էր գյուղամիջում, խարույկի շուրջ և սկսվում էր ժողովրդական տոնախմբությունը: Ընտրում էին ավագ, որին կոչում  էին թագավոր, նստեցնում էին պատրաստած  «գահին» ու թագավորին իրենց ուսերին պտտեցնում գյուղի փողոցներում: Սա արդյունքում վեր է ածվում իսկական կառնավալի, իսկ վերջում համընդհանուր զոհաբերություն էր կատարվում. համայնքի բնակիչները գյուղի հրապարակում սեղան էին բացում ու դարձյալ կերուխում էր սկսվում: Կերուխումի վերջում, տուն գնալուց առաջ տոնախմբության մասնակիցները մեկական ձու էին ուտում. ձվով փակում էին բերանը, որպեսզի Մեծ պահքից հետո դարձյալ ձվով բացեն…»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ հավելելով.

«Հայկական Բարեկենդանը նախատիպն է եվրոպական կառնավալի: Հին Հայաստանում հենց այդպիսի կառնավալ-դիմակահանդեսներ կազմակերպվել են Բարեկենդանի ժամանակ: Մարդիկ դիմակավորված չար դեմքերով, փորձել են վախեցնել–հեռացնել չարքերին և հրավիրել բարուն»:

 Վահե Անթանեսյանը նկատում է՝

«Բարեկենդանը ոչ միայն առատ ուտելիքների, կերուխումերի, խաղերի և զվարճանքների տոնակատարություն է եղել, այլև բացարձակ ազատության է տրվել անհատի ցանկություններին և դրսևորումներին. օրինակ՝ թույլատրվել է (նաև որպես բողոք արտահայտելու ձև) առաջնորդներին և տիրող կարգերին ուղղված ծաղրը:  Այս օրերին հայոց համայնքներում իսկական «խոսքի ազատություն» է տիրել: Բարեկենդանին որոշ ազատություններ են վայելել անգամ հոգևորականները: Այս պատճառով էլ տոնը հայտնի է նաև Աբեղաթող անվամբ: Այս օրը եկեղեցիներում պատարագը մատուցվում է միայն վարագուրված խորանի հետևում»:

Տոնն ունեցել է նաև իրեն բնորոշ ուտեստները: Մարդիկ պատրաստել են փաթիլա, բխբխիկ, փախլավա, քալագոշ, սեմսեկ, սըռոն, գաթա և այլն: Օրինակ՝  Փաթիլա պատրաստելու համար անհրաժեշտ է 2 բաժակ ալյուր,
1 ճ. գ. ձեթ, 1 ճ. գ. քացախ, 1 բաժակ ջուր:
100 – 150 գր հորած պանիր կամ տհալ 2 ճ. գ. յուղ՝ տապակելու համար
Շաղել խմորը և վերածել փոքր գնդերի: Բացել յուրաքանչյուրը, մեջը դնել 1 ճ. գ. պանիր կամ միս, փակել կիսալուսնաձև, ամրացնել ծայրերը, ձեռքով տափակացնել: Տապակել տաք յուղի մեջ երկու կողմն էլ:

Բխբխիկի համար անհրաժեշտ է 200 գր. ալյուր, 3 ձվի դեղնուց, 200 մլգ կաթ, 100 գր յուղ, 100 գր դոշաբ, 100 գր մեղր, 1 թեյի գդալ շաքարավազ, աղ: Կաթը գոլացնել, ավելացնել ձվի դեղնուցը, աղը և ալյուրը: Պատրաստի խմորը թողնել հանգստանալու 3-4 ժամ: Հետո խմորը բաժանել ընկույզի մեծության գնդիկների: Յուղը տաքացնել փոքր կաթսայի մեջ` թույլ կրակի վրա: Պատրաստի գնդիկները կարմրացնել յուղի մեջ` մինչև ոսկեգույն դառնալը: Մատուցելիս վրան լցնել դոշաբ կամ մեղր:

Սըռոնը պատրաստում են խմորից: Այն կտրատում են մանր, թաթախում սխտորով համեմված մածնաթանի մեջ և լցնում խոր պնակի մեջ, վրան յուղ ավելացնում և ուտում:

Քալագոշի համար անհրաժեշտ է ½ կգ ոսպ, ½ կգ սոխ, 2 ճ.գ. յուղ, 1լ մածուն, 1 ձու, 1 ճ.գ. ալյուր, չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ), չորացրած լավաշ, աղ: Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա: Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա: Մանրացնել սոխը և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա: Մատուցել ափսեի մեջ՝ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխարածով կանաչին:

Սեմսեկի պատրատման համար անհրաժեշտ է.

Խմոր- 2 բ. ալյուր2 թ. գ. Թթխմոր, ջուր, աղ
միջուկ-300 գր. միս, 1 ձու, 2 ճ. գ. Ալյուր, 2 ճ. գ. պղպեղի մածուկ, կարմիր և սև պղպեղ, աղ յուղ կամ ձեթ՝ տապակելու համար:
Շաղախել խմորը, թողնել որ հանգչի: Խառնել միջուկի բաղադրիչները և շաղախել: Վերցնել ընկույզի մեծությամբ խմոր, մատներով հարթեցնել, տեղադրել միջուկի վրա և խմորի ծայրերը հավաքել ու ծալլել մսի վրա: Տապակել նախ մսի կողմը, ապա շուռ տալ հակառակ կողմն ու շարունակել տապակել:

Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 7-ին,  մեծ միջոցառում է լինելու Ազատության հրապարակում: Ժամը 13:30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու մոտից երթ է լինելու դեպի Ազատության հրապարակ, որին բոլորը կարող են մասնակցել, պարել, երգել: Ցանկալի է ներկայանալ դիմակով:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին