▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեղավորը» Պարույր Սևակն էր

1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պոեզիան կարող է պատասխան դառնալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին, սակայն դրա համար անհրաժեշտ է պոեզիայի վրա բևեռել հասարակության հնարավորին չափ լայն շերտերի ուշադրությունը»: Օրվա հետ կապված զրուցել ենք բանաստեղծ Լևոն Բլբուլյանի հետ:

Ժամանակակից պոեզիան ու բանաստեղծը.

-Ժամանակակից պոեզիան իր նորօրյա դրսևորումներով շատ բազմազան է. ոճերի ու մտածողության, գրական ձևերի ու արտահայտչամիջոցների, թեմաների պակաս չի զգացվում: Երբ հետխորհրդային առաջին տարիներին արվեստի բոլոր ոլորտներում, բնականաբար և պոեզիայում, փորձարարությունների, նորամուծությունների բուռն մի շրջան սկսվեց, դա միանգամայն բնական էր, բայց գաղափարական կաշկանդումների կտրուկ վերացումը, «երկաթե վարագույրի» բացակայությունն ինչ-որ տեղ ազդեցությունների, այլազան ուղղությունների ու հոսանքների մի խառնաշփոթ առաջացրեց: Երևի դա ևս անխուսափելի էր: Միայն թե, ցավոք, այդ վիճակը  զարմանալի երկար տևեց ու, ըստ իս, դեռ շարունակվում է, հստակեցման աղոտ  նշաններ ցույց տալով միայն:

  Եթե փորձեմ, այնուամենայնիվ, գրական-գեղագիտական ինչ-ինչ միտումներ նշել, ապա հատկապես երկուսի, կարելի է ասել, երկու  հակադիր բևեռների մասին պիտի խոսեմ. հայոց քնարերգության ակունքներից սերված ավանդական պոեզիայի, որ արտաքին ծանոթ հանդերձի ներքո, մի քանի հեղինակների մոտ հատկապես նոր, թարմ հոսանքներ է ներառում իր մեջ, և, այսպես կոչված, «անտիպոեզիայի»՝ իր որոշ հետաքրքիր, անպայման թարմ ու կենդանի, բայց առավելապես բացասական դրսևորումներով. երբ լեզուն առօրեական-խոսակցականին մոտեցնելու, հասարակացնելու բացահայտ միտում կա, բառապատկերային, նկարագրական բոլոր կարգի արգելքները մերժելու ակնհայտ մղում /սա հատկապես երիտասարդների մոտ/: Ցավոք, այստեղ քչերին է հաջողվում գեղագիտության, պատշաճության սահմաններում մնալ, իրենց «համարձակությունը», «բարդույթներից ձերբազատվելը» հոգեբանական նոր բացահայտումների, կյանքի առավել խորքային ճանաչման ծառայեցնել, և շատ դեպքերում պարզապես կորչում է պոեզիայի կախարդանքը…»:

 Նա, ով կնոջն առաջինը ծաղկի հետ համեմատեցմեծ բանաստեղծ էր, իսկ երկրորդն, արդեն, միջակություն:

 -Պոեզիայի մասին էլ, ինչպես սիրո մասին, այնքա՜ն բնորոշումներ ու ձևակերպումներ կան, բայց, միևնույն է, ամենադիպուկ ու խորիմաստ խոսքերն անգամ լիովին չեն բացահայտում նրա էությունը: «Պոեզիան լեզվի գոյության բարձ րագույն ձևն է»,-ասում է նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկին ու ավելացնում.

«Բանաստեղծը լեզվի գոյության միջոց է»:

Նրա հետ, իհարկե չես վիճի: Ոչ էլ մեծն Վոլտերին կառարկես, ով ասում է . «Պոեզիան հոգու երաժշտությունն է»:

Էլի շատ, մեկը մեկից դիպուկ ու գեղեցիկ բանաձևումներ կան՝ «Պոեզիան լավագույն բառերի դասավորությունն է՝ լավագույն կարգով», «Պոեզիան խոսող գեղանկարչություն է»,  «Որտեղ կյանքն է, այնտեղ էլ՝ պոեզիան»…

Ու բոլորն էլ ճիշտ են, մեկը մյուսին լրացնող ու շարունակող: Եվ ուրեմն, ո՞վ կարող է իրեն բանաստեղծ համարել. նա՛, ով կարողանում է լսել ու բառերով թարգմանել իր հոգու երաժշտությունը, ով այդ  թարգմանությունը կատարելիս ի զորու է գտնել ամենահամապատասխա՛ն, լավագույն բառերը ու լավագույնս դասավորել, նա, ով կյանքի, իրականության հանդեպ միանգամայն ուրույն հայացք, ուրույն ընկալումներ ունի և ամենահայտնի, ծանոթ բաների մասին խոսելիս անգամ կարողանում է ինչ-որ «հունարով» դրանք գոնե մի քիչ…  «նորացնել»:  Այս վերջինը ես առանձնահատուկ կշեշտեի, որովհետև ամենախելացի մտքերը, սիրո ամենաանկեղծ խոստովանություն ները, մարդկային ամենատարբեր հուզումները՝ բողոք, հիացմունք, կարոտ տառապանք, նվիրական ձգտումներ… բանաստեղծություն չեն կարող դառնալ առանց յուրաքանչյուր արվեստագետի համար  ամենակարևոր այդ հատկանիշի, որն, իհարկե, վերուստ է տրվում: Ահա՛ թե որն է չափանիշը:

 «Ով բանաստեղծ չի ծնվել, նա հետո երբեք չի դառնա, որքան էլ ձգտի, որքան էլ ջանք թափի դրա համար»,- պոեզիայի մեծ գիտակ Վալերի Բրյուսովի այս խոսքերն  հաստատելու է գալիս և մեծ գերմանացին՝ Հայնրիխ Հայնեն՝ իր էլ ավելի դիպուկ դիտարկումով.   «Նա, ով կնոջն առաջինը ծաղկի հետ համեմատեց,  մե՛ծ բանաստե ղծ էր, իսկ երկրորդն արդեն՝միջակություն»:

 «Մեղավորը » Պարույր Սևակն էր:

 Գրականությամբ հրապուրվել եմ վաղ հասակից. 3-4-րդ դասարանից սկսած շատ ընթերցասեր էի, կարելի է ասել` մոլի ընթերցասեր, որ ագահաբար կլանում էր ձեռքն ընկած յուրաքանչյուր գիրք: Եվ կարդացածս այդ գրքերի ազդեցության տակ էլ սկսեցի ստեղծագործական փորձեր անել: Քանի որ կարդում էի միայն վեպեր ու պատմվածքներ, բնականաբար, ինձ փորձում էի արձակի մեջ: Նույնիսկ համարձակվել էի վեպ սկսել: Շատ տարիներ անց, երբ այդ ձեռագիրը ձեռքս ընկավ, կարդացի ու մի լավ ծիծաղեցի. ոչ մի կապ չուներ ոչ վեպի, ոչ պատմվածքի հետ: Բայց վստահ կարող եմ ասել, որ դպրոցական գրեթե բոլոր շարադրություններս արժանանում էին գրականու թյան իմ սիրելի ուսուցչուհու` Ելենա Մաթևոսյանի գովեստին, նույնիսկ երբեմն կարդում էր ողջ դասարանի համար…

 Հետո անսպասելի եկավ և պոեզիայի ժամանակը, ընդ որում, այն շրջանում, երբ արդեն Գյուղինստիտուտի մեխֆակի ուսանող էի ու թվում էր` բարձրագույն մաթեմատիկայի, գծագրական երկրաչափության ու այլ բարդ առարկաների ճնշման տակ պիտի որ գրական հակումներս տեղի տային: «Մեղավորը » Պարույր Սևակն էր, ավելի ճիշտ՝ նրա «Մարդը ափի մեջ »  գիրքը, որ մի օր՝ հենց ծննդյանս օրը, նվեր ստացա մտերիմ ընկերոջիցս /այն ժամանակ ոչ միայն Գիրք նվիրելու օրն էին գրքեր նվիրում/ : Այնպես տարվեցի Սևակի բանաստեղծություններով, անսովոր պատկեր-համեմատություն ներով, ոչ լիովին հասկանալի, բայց յուրահատուկ մի կախարդանքով ձգող-համակող խոհերով, որ թերթ ու ամսագրերում փնտրում էի նրա անունը, գտնում, կարդում էի նրան վերաբերող նյութերը: Սևակի «խորհրդով ու միջամտությամբ» մուտք գործեցի նաև Նարեկացու ու Սայաթ-Նովայի, Չարենցի ու Վարուժանի աշխարհը, որովհետև նրա հարցազրույցներից ու հոդվածներից իմացա, որ անչափ գնահատում է, գրեթե պաշտամունքի հասնող սեր ունի նրանց հանդեպ: Կարելի է ասել, այդպես ինձ համար աստիճանաբար, բայց մեկընդմիշտ, բացվեց պոեզիայի հրաշալի աշխարհը, երբեմնի հափշտակությամբ սկսեցի այս անգամ բանաստեղծական ժողովածուներ կարդալ` և՛ ժամանակակիցներին, և՛ դասականներին: Ապա ինքնաբերաբար սկսվեցին իմ բանաստեղծական գրչափորձերը, որոնք, ինչպես ժամանակը ցույց տվեց, այս անգամ անցողիկ հրապուրանք չէին:

Սևակի գրական դասերը:

-Ի սկզբանե ընդունել եմ Պարույր Սևակի այն պատգամը, որտեղ ասում է. «Մոռացիր ընդմիշտ, թե կա քերթություն, թե կա դպրություն, գրականություն»: Իսկ հետո եզրակացնում.

Կա՛ կյանք,

Կա՛ լեզու,

Եվ պիտի, տղա՛ս,

Նաև խոսելու ցանկություն լինի:

Ու երբեք տուրք չեմ տվել մոդային, ինչ-որ ուղղությունների ու հոսանքների: Ես ենթարկվում եմ հիմնականում իմ ներքին թելադրանքին, ապավինում ստեղծագործական բնազդին: Եթե խոսելու այդ ցանկությունը կա, ասելիքն ինքը հուշում, թելադրում է իր ձևը:Շատ այլ կարևոր բաներ էլ  եմ յուրացրելՙ հաճախ ենթագիտակցորեն:

  «Գրողի գերագույն նպատակն է՝ լինել պարզ, բայց ոչ հասարակ»,-ասում է Սևակը:

-Ու հանրությանն էլ պարզություն է պետք և ոչ թե հասարակություն, մաքրություն և ոչ թե ծանծաղություն։ Մի՞թե չափազանց կարևոր, արժեքավոր դաս չէ նաև սա: Բայց  ես պիտի խոստովանեմ, որ ժամանակ անց նաև Համո Սահյանը դարձավ իմ շատ սիրելի գրական ուսուցիչը. շնորհիվ նրա՝ ես ավելի ու ավելի եմ համոզվում, որ իսկական գրողը (արվեստագետն առհասարակ / ընթերցողի համար ամենից առաջ զրուցակից պիտի լինի, հաճելի, ցանկալի, հոգեմոտ զրուցակից,  ով եթե ինչ-որ բան է տալիս, փոխանցում նրան, ինչ-ինչ «բարեփոխումներ» կատարում նրա մեջ, ապա դա անում է գրեթե աննկատ, առանց որևէ ցույցի կամ պարտադրանքի, նրա հետ մտերմիկ, ներդաշնակ մի հաղորդակցության մեջ…

Եթե մեր իրականության մեջ վաղը մի նոր Չարենց հայտնվի, հնարավոր է, որ երկար ժամանակ նրա տեղը ոչ ոք չիմանա:

-Հասարակությունը գրեթե օտարված է գիր ու գրականությունից, որովհետև գրականությունը, մշակույթն առհասարակ, մեզանում, մեղմ ասած, վատ են քարոզվում: Ի՞նչ եք կարծում, եթե  Սևակն ու Սահյանը, նրանց տաղանդավոր սերնդակիցները, ասենք, այսօր նոր-նոր ասպարեզ մտնեին, կանգնած լինեին ճանաչման, ինքնահաստատման խնդրի առաջ, չէի՞ն բախվելու նույն դառը իրականությանը. մամուլի, հեռուստատեսության գրեթե արհամարհանքի հասնող անտարբերություն/որոշ երջանիկ բացառությունները չեմ հաշվում/, ընթերցողների չափազանց նեղ մի շրջանակ, գրաքննադատության գրեթե չգոյություն, ծիծաղելի տպաքանակով տպագրվող գրքեր ու գրական մամուլ և, վերջապես, ոգու սովի մեջ հայտնված, նյութականացված հասարակություն, գրականության ու գրողի դերի,  նշանակության շարունակական անկում: Այդ ինչ հրաշքով նրանք պիտի կարողանային ճանաչվել ու սիրվել այնպե՛ս, որ և՛գրական շրջանակներում, և՛ հասարակության գիտակցության մեջ ընդունվեին, ընկալվեին իրենց ողջ կշիռ ու արժեքով: Չէ՞որ, որքան էլ ցավալի է, մեր այս անոգեղեն ժամանակներում  նրանց  անգամ այն գրքերը, որոնց համար մարդիկ ժամանակին հերթ էին կանգնում կամ ծանոթի միջոցով ձեռք բերում, այսօր դժվարությամբ են վաճառվում: Եվ ո՛չ միայն  նրանց գրքերը, թարգմանական շատ արժեքավոր հրատարակություններ ևս: Այնպես որ, ես վստահորեն հայտարարում  եմ, որ  և՛ ավագ, և՛ միջին ու երիտասարդ սերնդի մեջ մենք այսօր  շնորհալի ու տաղանդավոր, իրարից շատ տարբեր, հետաքրքիր  ոճի ու մտածողության տեր բանաստեղծներ ունենք, որոնք շարունակում, հարստացնում են հայ բանաստեղծության ավանդույթները/կարող եմ և անուններ թվարկել, բայց չէի ուզի որևէ մեկին մոռանալ/: Հարկավոր է պարզապես կարդալ, ճանաչել նրանց ու գնահատել, թեթև ու հեշտ չանտեսել, չթերագնահատել բոլորին, չհամահարթել, թացն ու չորը  չխառնել իրար: Ես մի առիթով ասել եմ ու հիմա պիտի կրկնեմ` եթե մեր իրականության մեջ վաղը մի նոր Չարենց հայտնվի, հնարավոր է, որ երկար ժամանակ նրա տեղը ոչ ոք չիմանա… 

 Անցյալ ամռանը Ռումինիա՝ պոեզիայի միջազգային փառատոնի էի հրավիրված, մասնակիցներով առիթ ունեցանք հանդիպում ունենալ ֆորումի հովանավորներից մեկի՝ իրենց Հանրային ռադիոյի տնօրենի հետ , ու նա հպարտությամբ ասաց, որ տարբեր հաճախականության ալիքներով իրենք օրական 14 ժամ պոեզիա են հաղորդում; Նախանձելու բան է, չէ՞: Իսկ մեզ մո՞տ…  Մի՞թե նորմալ կարելի է համարել այն հանգամանքը, որ մեզանում հեռարձակվող տասնյակ հեռուստաալիք ներից ու ռադիոկայաններից և ո՛չ մեկում գրական հաղորդում, պոեզիայի ժամ չկա, որ ժամանցային և այլ ծրագրերի հյուրերը գլխավորապես երգիչ-երգչուհիներն են, իսկ վերջին շրջանում`նաև սերիալային դերասանները՝ անկախ նրանց ստեղծագոր ծական վաստակից ու շնորհից։

   Ես մազաչափ չեմ կասկածում՝ եթե պետության կողմից առաջվա մոտեցումը դրսևորվի, եթե գրողն ու գրականությունը էլի մամուլի ու հեռուստատեսության ուշադրությանն արժանանան, պատկերը կարճ ժամանակում դեպի լավը կփոխվի: Սովորաբար ասվում է, որ պետությունը իրավունք չունի խառնվելու լրատվամիջոց ների գործունեությանը, բայց, ինչպես տեսնում ենք, այստեղ առանց պետական միջամտության հազիվ թե երբևէ որևէ բան փոխվի:

 Հիմա գրողը մոռացել է հոնորարի մասին:

-Ժամանակին  շոշափելի հոնորար էինք ստանում և՛  թերթ ու ամսագրերում տպագրվելիս, և՛ մեր գրքերը հրատարակելիս: Եվ դա լուրջ, շատ կարևոր ստեղծագործական խթան էր գրողի համար, թեև, իհարկե, պատճառ էր դառնում նաև գրամոլների բազմացման: Մեր տան կահույքն, օրինակ, որ մինչև հիմա նորմալ վիճակում է, ես գնեցի իմ «Համբյուրի ծաղիկ»: ժողովածուի հոնորարով՝ Ռիգայից: Փաստորեն այդ գումարով կարողացա թե՛ 3 շաբաթ հանգստանալ հանրահայտ Յուրմալայի հանգստյան տներից մեկում, թե՛ տունս կահավորել: Եթե գիրքս քիչ ավելի ծավալուն լիներ, այո՛, կարող էի և մեքենա գնել…

Հիմա գրողը մոռացել է հոնորարի մասին, իսկ  երիտասարդներն ընդհանրապես չգիտեն՝ դա ինչ բան է: Եթե անգամ պետպատվերով կամ աջակցությամբ է գիրքդ տպագրվում, պարզապես որոշակի քանակությամբ գիրք ես ստանում հոնորարի փոխարեն կամ այնպիսի մի գումար, որ նախկինում քեզ ծանոթ հոնորարների հետ համեմատելը ծիծաղելի է: Իսկ, եթե սեփական ծախսերով ես գիրք հրատարակում, մեծ մասը նվիրում ես ընկեր-բարեկամներիդ ու գրչընկերներիդ, և ծախսերը փակելու մասին խոսք լինել չի կարող: Ինչո՞ւ: Որովհետև մարդիկ այսօր գրեթե գիրք չեն գնում, բանաստեղծական ժողովածուներ՝ առավել ևս: Պատճառը միայն գրքից հեռանալը չէ. առաջվա հետ համեմատած՝ գիրքն այսօր թանկ հաճույք է, և , ավաղ, ովքեր կարդալ սիրում են, փող չունեն ներկայիս գներով հաճախ գիրք գնելու, իսկ ովքեր հարուստ են, նրանցից  շատերի համար գիրքն առանձնապես արժեք չունի…

Իմ կարծիքով, և՛ գրքերը, և՛ թերթ ու ամսագրերը չպետք է ընդհանուր հարկային դաշտ մտնեն, պիտի հաշվի առնվի հասարակությամ մեջ նրանց ունեցած կարեւոր դերը եւ մեր ժողովրդի կենսամակարդակը: Կարևոր, շնորհակալ քայլ կատարած կլինի մեր կառավարությունը, եթե որոշակի արտոնություններ տա հրատարակչական և գրքի իրացման ոլորտներին, պակասեցնի կամ, գուցե, ընդհանրապես վերացնի ավելացված արժեքի հարկը: Որքան գիտեմ՝ այդ պրակտիկան Եվրոպայում կիրառվում է. ասենք, մի քանի տարով  ընդհանրապես չեղյալ են համարում այդ հարկը , ու գիրքը, բնականաբար, էժանանում  է, վաճառքն՝ զգալիորեն  ավելանում, հետո, եթե պետք է, հարկը  մասամբ վերականգնում են…Ժամանակ առ ժամանակ այս թեմայով մեզանում ևս խոսակցություններ են լինում, բայց դեռ ամեն ինչ մնում է նույնը: Ուզում եմ հուսալ, որ մինչև պոեզիայի հաջորդ տոնը ի վերջո այդ առումով ուրախանալու բան կունենանք: 

 Ուրախալի է, որ մեզանում  սկսել են կարևորել տոնը

-Ինձ համար հաճելի է հենց  Պոեզիայի օրվա նախօրյակին զրուցել բանաստեղծության մասին, կիսել իմ ու գրչընկերներիս որոշ մտահոգություններ, որոնք, հուսով եմ, տեղ կհասնեն վերջապես: Շատ ուրախալի է, որ մեզանում էլ սկսել են կարևորել տոնը  ու վերջին երեք տարիներին կարծես փորձ է արվում ընդլայնել , հանրապետական նշանակություն տալ նրան։ Դա հրաշալի առիթ ու հնարավորություն է մարդկանց մեջ  բանաստեղծների հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու, խոսքի կախարդանքը, մարդկային հույզ ու ապրումների հարստությունն ու գեղեցկությունը նրանց կյանքում կարևոր ու անհրաժեշտ դարձնելու համար: Հուսանք, որ ժամանակի ընթացքում հենց այդպես էլ կլինի…

Ջերմորեն շնորհավորում եմ թե՛ Հայաստանում, թե՛ հեռուներում գտնվող  բոլոր գրչընկերներիս: Թող որ միշտ վայելեն « մտերմությունը անեղծ մուսաների »  ու երբեք իսկական, հոգեկից, իրենց մեջ պոեզիա կրող ընթերցողների պակաս չունենան :

Ասեմ, որ Մշակույթի նախարարության, Գրողների Միության ու  Քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնի առթիվ մի շարք գեղեցիկ միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում: Ծաղկեպսակներ են դրվելու մեր բանաստեղծների անունները կրող դպրոցներում, կազմակերպվելու են պոեզիայի ցերեկույթներ։  Գրողների միության պուրակում մարտի 21-ին, ժամը 13-ին հայ  բանաստեղծները  հանդես կգան իրենց նոր գործերով, մեզ հետ կլինեն ու իրենց սիրած հեղինակներից կկարդան նաև տարբեր դպրոցների աշակերտներ։ Նույն օրը արարողություններ են կայանալու նաև Վահան Տերյանի եւ Ավետիք Իսահակյանի արձանների մոտ: Իսկ տոնի եզրափակիչ ակորդը կլինի ժամը 19-ին  Առնո Բաբաջանյան համերգասրահում կայանալիք գրական-երաժշտական երեկոն՝տարբեր սերնդի բանաստեղծների մասնակցությամբ: Կհնչեն նաև երգեր իմ խոսքերով; Այնպես որ՝ ցանկացողներին սիրով հրավիրում եմ:

«Արվեստի բոլոր տեսակներից առաջին տեղում  գտնվում է պոեզիան»,-ասել է ո՛չ բանաստեղծ, այլ մեծ փիլիսոփա Կանտը: Իսկ մի այլ մտածող գտնում է, որ  «սերը և պոեզիան այն ճանապարհներն են, որոնցում մենք ապաստան ենք գտնում մենությունից ու կյանքի ունայնությունից»: Հաշվի նստենք մեծերի կարծիքի հետ ու միայն կշահենք դրանից:

Զրույցը՝ Անի Կարապետյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին