▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք կարող ենք Բաքուն ավերել.թշնամին մեզ զիջում է ավերիչ հրթիռների առումով

Օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել էր.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար հիմք կհանդիսանան մի քանի տարի բանակցային սեղանի շուրջ շրջանառված տարրերն ու սկզբունքները: Արդար ու անաչառ լուծման հիմքում կլինեն ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքները: Համակողմանի լուծումը կներառի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը ու հարակից տարածքների վերահսկողությունը Ադրբեջանին վերադարձնելը»:

Ի՞նչ է նշանակում Ուորլիքի այս պատասխանը հարցին անդրադառնալով դիվանագետ Արա Պապյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց.

«Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ մենք համաձայն ենք Կազանյան սկզբունքներին, որը Մադրիդյան սկզբունքների վերափոխված տարբերակն է: Այս փաստաթղթերի ամբողջ իմաստն այն է, որ մենք տարածքները հանձնում ենք և դիմացը ստանում ենք ինքնորոշում: Խնդիրն այն է, որ մեր այդ մոտեցումը իրավական տարբերություն դրեց ԼՂ-ի և շրջակա տարածքների վրա: Մենք հույս ունեինք, որ կգա մի վիճակ, բարեկամությունը կվերականգնվի ու այդպես կապրենք: Հիմա մենք տեսանք մեծ ատելություն թշնամու կողմից, և եթե անգամ Ադբեջանն ուզի վերահսկել իր ժողովրդին, չի կարող: Այնտեղ անգամ Ալիևին քննադատողներն ասում են, որ նա սխալ է անում, բայց, եթե իրենց ասած ձևով աներ, ոչ մի հայ չէր մնա Արցախում: Այստեղ ընդդիմություն-իշխանություն տարբերությունը չկա, նրանք բոլորն այդ ձև են մտածում ու գործում: Հետևաբար, մեզ շատ ընտրության հնարավորություն չեն թողել: Հաճախ բժիշկը գնում է ռիսկի՝ վիրահատելով մարդուն,  մենք էլ ենք այդ վիճակում: Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարում է, որ հայաստանյան զորքերն անվերապահորեն, այսինքն, առանց նախապայմանների պետք է լքեն Արցախի տարածքը, դրանից հետո նոր կմտածենք՝ ինչ-որ բանի շուրջ համաձայնության կգանք, թե՝ ոչ: Նման դիրքորոշում մի քանի տարի առաջ չեն ունեցել, այն ժամանակ ասում էին, թող զորքերը գնան: Ուստի, միակ լուծումը դրանց ջախջախելն է»:

Դիվանագետի կարծիքով՝ Ադրբեջանը չի գնա լայնամասշտաբ պատերազմի, որովհետև մեզ զիջում է ավերիչ հրթիռների առումով.

«Որովհետև մենք կարող ենք Բաքուն ավերել, բայց սրա համար էլ պետք է հասնել այնպիսի ծայրահեղ իրավիճակի, երբ այլընտրանք այլևս չի լինի, իսկ նրանք դրան չեն տանի: Դրա համար 3-5 օրվա պատերազմներ կսարքեն սովորական զենքերով, իսկ այս դեպքում դու չես օգտագործի քո վերջին փամփուշտը: Մենք զոհեր կունենանք, իրենք էլ, սակայն մեկ տարբերությամբ՝ իրենք զոհերի վրա թքած ունեն.լեզգի են, թալիշ և այլն, էլ չենք խոսում նրանց մոտ ծնունդների մեծ քանակի մասին»,-եզրափակեց Արա Պապյանը:

 Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին