▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիան զայրացրել էր գերմանացիներին.Դիվանագետը՝ Բունդեսթագի կայացրած որոշման մասին

Գերմանիայի դաշնային խորհրդարանը (Բունդեսթագ) ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը: Քվեարկության արդյունքներով՝ եղել է ընդամենը 1 դեմ և 1 ձեռնպահ: Բանաձևում նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար և 1915թ.-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները, որակում ցեղասպանություն: «Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար»,- ասված է բանաձևում:

Իսկ, թե ինչի՞ հետ էր կապված Գերմանիայի  կողմից այսքան ժամանակ ձգձգվող բանաձևի ի վերջո ընդունումը, դիվանագետ Արա Պապյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց.

«Թուրքերը նախորդ տարվա ընթացքում իրենց լավ չպահեցին՝ սկսելով բավականին կեղտոտ խաղ՝ կապված փախստականների հետ:  Նրանք շանտաժի էին ենթարկում Եվրոպային, որպեսզի փող կորզեն: Գիտենք, որ Գերմանիան էր հիմնականում գումար տրամադրում, փախստականներն ավելի շատ այս երկիր  էին գնում: Ուստի, Թուրքիայի պահվածքը խիստ զայրացրել էր գերմանացիներին: Երկրորդն այն է, որ թուրքերը սկսեցին հոխորտալ ու սպառնալ՝ անընդհատ մատ թափ տալով, որ չընդունեն այս բանաձևը և դրանով իսկ սրեցին Գերմանիայի հետ հարաբերությունները»:

Հարցին, թե ինչպե՞ս կպատասխանի Թուրքիան՝ Գերմանիայի այս քայլին, դիվանագետը նշեց, որ Թուրքիան  որևէ լծակ չունի.

«Դեսպանին գուցե հետ կանչի, կսկսի խոսել, բայց այս ամենը ձևական քայլ կլինի ու շատ կարճ ժամանակահատվածում կվերականգնվի, որովհետև  Թուրքիան շահագրգռված է դրանում: Օրինակ՝ զբոսաշրջիկը երբ գնում է Թուրքիա, ավելի շատ ո՞վ է շահում, իհարկե թուրքերը:  Իսկ, եթե սկսեն սպառնալ, ինչ է եղել որ, գերմանացիներն այլ երկիր կգնան»:

Արա Պապյանը նշում է՝ Բունդեսթագի որոշումը կարևոր է նրանով, որ կարող ենք փաստել՝ հայերի կորցրածը ցեղասպանության հետևանք է, ասել է թե՝ հանցագործության, որն էլ իրավունք չի ծնում.

«Այն, որ այդ տարածքներում հիմա հայեր չեն բնակվում, կամ գույքը հայերին չի պատկանում, դա Թուրքիայի կողմից իրավատիրության հիմք չէ, որովհետև դրա հիմքում հանցագործությունն է»:

Հիշեցնենք, որ «Հայերի ու մյուս քրիոստոնեական փոքրամասնությունների ցեղասպանությունների հիշատակի 101 տարի» անվանումը կրող բանաձևը կազմվել և ներկայացվել էր իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և «90 Դաշինք/Կանաչներ» խմբակցությունների կողմից:

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին