▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեզ «յախք» են ասում.Զբոսաշրջիկներն ի՞նչ խնդիրների են բախվում Հայաստանում

Հայաստանը ողջ աշխարհում հայտնի է իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ: Իսկ, թե ինչպե՞ս ենք այն կարողանում ներկայացնել օտարին, նրանք Հայաստանի հատկապես ո՞ր վայրերում են նախընտրում լինել, ի՞նչ խնդիրների են բախվում ու ինչպիսի՞ տպավորություն են ստանում, փորձել ենք պարզել զբոսաշրջության ոլորտի մասնագետներից:

Նրանց խոսքով՝ կան «ոսկե ուղղություններ»՝ Խոր Վիրապ, Արենի, Նորավանք, Տաթև, Շաքեի ջրվեժ, Զորաց քարեր, Սատանի կամուրջ, Խնձորեսկ, Դսեղ, Սանահին, Հաղպատ, Ախթալա, Պարզ լիճ, Գոշավանք, Հաղարծին, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Մուղնի, Օհանավանք, Ամբերդ, Բյուրականի աստղադիտարան, Օշական, Դաշտադեմի ամրոց, Հառիճավանք, Գյումրի:

«Զբոսաշրջիկների՝ Հայաստան այցը սկսվում է մայիսից ու ավարտվում հոկտեմբերի վերջին, որովհետև մեր եղանակային պայմաններն այնպիսին են, որ անգամ անձրևի դեպքում ճանապարհները ոչ անցանելի են դառնում: Օրինակ՝ կարող ես հասնել Տաթև ու ոչինչ անել չկարողանաս.ճոպանուղին չի աշխատում, ավտոբուսը վերև չի կարողանում բարձրանալ»,-ասաց զրուցակիսներիցս մեկը, ով որպես զբոսավար է աշխատում:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստան շատ են այցելում Իրանից. «Վերջին տարիներին էլ գերմանացիներն են շատ գալիս: Նրանք հետաքրքրված են մեր հնագիտությամբ: Օրինակ՝ Ուղտասարի ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում են ուզում ընդգրկել հենց նրանց առաջարկով: Զգալի է նաև ռուս զբոսաշրջիկների թիվը: Նրանք ավելի «հաբռգած» են: Այսինքն, եթե արտասահմանցին կարող է քեզ ժպտալ ու ասել՝ վայ, էս ի՞նչ վատն էր, ռուսներն ավելի կոպիտ կասեն:

2 տարի առաջ մեծ թվով հնդիկներ էին գալիս Հայաստան, բայց, հետո չգիտես ինչու՝ սկսեցին նրանց արգելել: Երբեմն վիզան շատ դժվար են ստանում»: Անդրադառնալով խնդիրներին՝ զրուցակիցս նկատեց.

«Ես որպես գիդ միայն հայերի հետ եմ սիրում աշխատել: Հայ երեխան հարգանքով է վերաբերվում իր հուշարձաններին, իսկ օտարը՝ ոչ:

Մենք ունենք հնագիտական օբյեկտներ, որոնք կարող են Հայաստանի այցեքարտը դառնալ, սակայն այդ ուղղությամբ գրեթե քայլեր չեն ձեռնարկվում: Կա նաև ճանապարհների հարցը. դրանք շատ երկար են: Մինչև Սյունիք ենք հասնում՝ մարդը ֆիզիկապես հոգնում է: Ավելին, անսարք են, գոնե գնացք լիներ: Ճանապարհները շատ նեղ են, երբ որ մեծ ավտոբուսով բարձրանում ես, թվում է, թե ձորն ես ընկնում: Շատ զբոսաշրջիկներ վախենում են:

Զուգարանների խնդիրը դեռևս չլուծված է համարվում: Բարդ է նաև քահանաների խնդիրը.երբ մտնում ես եկեղեցի, ուզում ես որ քահանան լավ դիմավորի, խոսի, այնպիսի դեմք են ընդունում, որ էլ ասելու չէ: Այդպես պետք չէ, դու հոգևոր հովիվն ես, դիմավորի՛ր, օրհնի՛ր: Խնդիր կա ՀՀ քաղաքացիների հետ կապված.որ ասում են՝ տուրիզմ զարգացնենք, թող իրենց հոգեբանությունը մի հատ փոխեն: Բոլոր մարդկանց սորտավորում են: Կանգնում, ասում են՝ ապուշները: Ինչո՞ւ են ապուշ, չէ՞ որ եկել քո երկրում գումար են ծախսում: Լինում է, որ այդպես խոսում են հենց զբոսավարները: Մարդիկ էլ հասկանում են՝ դառնում, ասում են թե մեզ «յախք» են ասում»:

Զրուցակիցներիցս մյուսն էլ, ով նույնպես զբոսավար է աշխատում, վերը թվարկված խնդիրների շարքին ավելացրեց նաև հյուրանոցների շատ թանկ գները, ռեստորաններում խաբելը, փոխանակման կետերի՝ Երևանից դուրս չլինելը, տաքսու վարորդների՝ 600-ի փոխարեն 4000 դրամ ուզելը. «Սևանում կամ Վերնիսաժում վաճառվող հուշանվերները ներկայացնում են որպես մի քանի հարյուր տարվա ապրանք»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին