▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3 կողմից հայկական շրջանները պաշարված են.Իրավիճակը Հալեպում

Հալեպահայությունը կրկին ցնցվել է օրերս հայաբնակ Նոր Գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում տեղի ունեցած ծանր ռմբակոծումներից, որոնց հետևանքով զոհվել է չորս հայ, կան վիրավորներ, մեծ է նաև նյութական վնասի չափը: Ռմբակոծվել է նաև Հալեպի «Զվարթնոց» հայկական եկեղեցին:

«Արդյոք չի՞ հասել սփյուռքահայ կազմակերպությունների և Հայրենիքի կողմից ռազմավարական ծրագրի համատեղ մշակման ժամը: Հայրենի պետության դժվարությունները հասկանալի են, սակայն ո՞ւր է Սփյուռքը, որի ազգային դիմագծի պահպանման ռահվիրան եղել է սիրիահայությունը: Սիրիայի արհավիրքը դեռ չի սկսվել, արյունահեղությունն առջևում է»,-«Զարթօնք» օրաթերթի հունիսի 6-ի համարում գրել է խմբագիր Սևակ Հակոբյանը:

Կոչով է հանդես եկել նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը. «Ճիշտ է, կան կարևոր շատ խնդիրներ, բայց առաջնային է մնում սիրիահայությանն օժանդակելը»,-ասել է Արամ Ա-ն:

«3 կողմից հայկական շրջանները պաշարված են: Պատկերացրեք, ուղղանկայուն մի տարածք.հայկական թաղամասերի 2 կողմում արդեն այդ բաշիբոզուկներն են. «Ջաբաթ ալ-Նուսրա» և այլն: Իսկ հյուսիսում քրդական զորամասեր էին, վերջին օրերին ուժեղ մարտեր են ընթացել և քրդերը բավական նահանջել են: Մնացել է մեկ կողմը և շատ հեշտ է Էրդողանի մեկ խոսքով մտնել ու կոտորել բոլորին: Հիմա պարզապես ռմբակոծում են»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը՝ հավելելով. «Առայժմ տարհանման հնարավորություն կա, քանի որ մեկ կողմը բաց է, բայց սիրիական պետությունը դժվար թե համաձայն լինի կազմակերպված տարհանման հետ: Դա պետք է արվեր ներքին կարգով: Կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում լքել Հալեպը.նրանց էլ եմ հասկանում, իրենց տունն է, ունեցվածքը, հողը, խանութը, դժվար է թողնել, բայց մյուս կողմից էլ կյանքի խնդիրն է»:

Գևորգ Յազըճյանը հույս չունի, թե Հայաստանը կկարողանա օգնել սիրիահայերին. «Ոչ մի բանով էլ չի կարող.ավելի լավ է չվնասեն, քան թե օգնեն: Անող լինեին՝ շուտ էին արել: Հայաստանն իր քաղաքացիների նորմալ կյանքը չի կարող ապահովել, նրանց ինչպե՞ս է օգնելու, թեև իրավականորեն ունի պարտավորություն՝ գոնե ապահովել կյանքի իրավունքը, քանի որ հազարավոր սիրիահայեր ՀՀ քաղաքացիություն են ստացել: Ոչինչ չի արվում, քաղաքացիություն էլ տալիս են, որ նրանց անունից ընտրությունների ժամանակ քվեարկեն: Այսպես չի կարելի: Ազգային գաղափարախոսություն չկա: Հայրենք գալու, արարելու, պայքարելու տեսլականը մեծ մասի մոտ չկա: Օրինակ Ուկրաինայի դեպքերի ժամանակ Իսրայելը տարհանեց մարդկանց՝ ասելով, թե եկեք, ապահովում եմ աշխատանքով, բնակարանով, իսկ ովքեր էլ որ մնացին՝ ասաց ես չեմ կարող օգնել ձեզ:

 Եթե նորմալ պետություն լինեինք, 1.5 միլիոն հայություն արտագաղթելու փոխարեն այդքան ներգաղթ կլիներ: Երբ ստեղծվում էր Իսրայելը, 4 արաբական պետություն պատերազմ էր սկսել: Իսրայելի տարածքում 720.000 հրեա էր ապրում, որոշեցին որ 10 տարվա ընթացքում 1 միլիոնով պետք է ավելացնեն մարդկանց թիվն ու կատարեցին այդ ծրագիրը: Իսկ մեզ մոտ 25 տարի է անցել և 1.5 միլիոնն արտագաղթել է: Այս տարի լրանում է հայրենադարձության 70 տարին: Դուք որևէ հաղորդում կամ խոսք որևէ մեկից լսեցի՞ք:

90.000 հայի վերադարձը քիչ բան չէր: Հարցրեք Սփյուռքի նախարարությանը, թե հայրենադարձության մասով ի՞նչ են արել: Նույնիսկ օրինագիծ չեն կարողացել մշակել: Ամո՛թ է, ամո՛թ: Երկիրը տիրոջ կարիք ունի: Սահմանն արդեն պահող չկա, տեխնիկայից բացի քանակ պետք է ունենաս»,-նկատեց պատմաբանը:

Գևորգ Յազըճյանի փոխանցմամբ՝ Սիրիայից հայերը հիմնականում Լիբանան են գնում.

«Նույն մտածելակերպն է, հարազատներ շատ ունեն, բայց Լիբանանում ապրելը թանկ հաճույք է, ավելին՝ այնտեղ էլ հանգիստ չէ: Մեկ օր մեծ խնդիր է լինելու և դա ակներև է:

Հիմա իշխանությանը զգուշացնում եմ՝ Լիբանանի հայության գլխին սև ամպեր են կուտակված: Քաղաքացիական պատերազմը սարերի հետևում չէ: Ժողովուրդը զինված է ու մի լավ խոսք կա.զենքը պատին չեն կախում, մի օր կրակելու է»,-զգուշացրեց Գևորգ Յազըճյանը՝ շարունակելով.

«Ունենք հայկական զանգված, որը թուրքերի ձեռքին այսպես թե այնպես պատանդ է.մեկը Ստամբուլի հայությունն է, երկրորդը՝ այնտեղ գնացած ՀՀ քաղաքացիները, ապա՝ Հալեպի ու Քեսաբի հայությունը»:

                                                                                 Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին