▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվել է նախարարությունում աշխատել՝ գերադասելով ազգային երգն ու պարը

Վարդավառի կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը համընկել է «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի հիմնադիր լուսահոգի Ռուդիկ Հարոյանի ծննդյան 68-ամյակին:

Այս առիթով զրուցել ենք նրա որդու՝ Զավեն Հարոյանի և համույթի համաղեկավար Հայարփի Անանյանի հետ:

«Մի քանի տարի է՝ Ռուդիկ Հարոյանի ծննդյանի օրը մենք Վարդավառի տոն ենք կազմակերպում՝ այս կերպ փորձելով ներակայացնել ավանդական տոնն իր գեղեցիկ կողմերով, քան ջուր ցողելն է: Օրինակ ներկայացնում ենք խնձորօրհնեքը: Վարդավառին է, որ խնձորն օրհնում ու համտեսում են»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայարփի Անանյանը:

Ռուդիկ Հարոյանի որդին՝ Զավենն էլ հավելեց.

«Համոզված ենք, որ նրա հոգին խայտում է այսօր, որովհետև նա իր ամբողջ կյանքը նվիրել է ազգային տոների, ծեսերի բացահայտմանը: Երբ փոքր էի՝ չէի հասկանում, թե լինելով պարի մասնագետ նա ինչո՞ւ էր երգում, հեքիաթներ ուսումնասիրում, Հր.Աճառյանի բառարանում բառի արմատները փնտրում, հետո հասկացա, որ ամեն ինչ փոխկապակցված է»:

Որդին հետո նաև հասկացել է, թե ինչո՞ւ է հայրը հրաժարվել Էկոնոմիկայի նախարարությունում առաջակված բարձր պաշտոնից. «Մի պակաս տնտեսագետով երկիրը կապրի, բայց ազգայինի պակասը ազգին է վնաս»:

Նշենք, որ բանահավաք-ազգագրագետ, պարուսույց, պարագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Ռուդիկ Հարոյանը (1948-2013) ծնվել է հուլիսի 3-ին, Արթիկ քաղաքում:

1978 թ.-ից լրջորեն զբաղվել է հայ ավանդական պարերի, պարերգերի, երգերի բանահավաքչությամբ, ազգային տոների, ծիսակատարությունների, խաղերի, պարերի ուսումնասիրությամբ ու գործնականում դրանց վերականգնման աշխատանքներով:

Շրջել է հանրապետության եւ արտերկրի հայասփյուռ շատ վայրերում, գրառել, հավաքագրել ազգագրական տարբեր շրջանների 300-ից ավելի պար ու պարերգ:
Եղել է ՀՀ Ռադիոյի և հեռուստատեսության «Ակունք» (1979-1984),«Մարաթուկ» (1983-1986), «Նարոյ» (1986-1999), «Հայրիկ Մուրադյան» (1997-2001), «Շապինանդ» ավանդական երգի-պարի համույթների պարուսույցը, Երևան հեռուստակենտրոնի «Համշեն» (1984-1985) ազգագրական երգի-պարի համույթի հիմանդիրը (առաջին համշենական խումբը), ԵՊՏՀ-ի «Մասունք» (1986-1989), Աշտարակ քաղաքի «Փերիա» (1988-1994), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ-ի Արաբկիրի հայորդաց տան «Նիգ» (1998-2005), «Մասունք» (2007-2013) ավանդական երգի-պարի համույթների գեղարվեստական ղեկավարը:

1987թ. սկսած Երևանում պարբերաբար կազմակերպել է պարատան թեմատիկ հավաք-երեկույթներ, իրականացրել է գեղջկական պարերի, պարերգերի զանգվածային ուսուցում: 
Ավանդական պարերի, խաղերի, պարերգերի ուսուցման նպատակով պարբերաբար հրավիրվել է Ֆրանսիա, Պարսկաստան, ԱՄՆ: 
Հեղինակն է «Զորի-Զորի» (1995) , «Զատիկ» (1996) և (2008), «Շեկլիկ փիսիկը» (2004) գրքերի, ավանդական պարին, պարերգին նվիրված հոդվածների, բեմականացված «Պաս, թե՞ ուտիս», «Տիկնի պսակ» թատերախաղերի Ամանորին, Տրընդեզին, Ծառզարդարին, Զատիկին, Վարդավառին և ազգային այլ տոների հեռուստատեսային նկարահանումների:
Ռ. Հարոյանը գործնական աշխատանքներ է տարել ֆոլկլորիկ թատրոնի կայացման, խաղերի միջոցով ազգային երգի, պարի ուսուցման մեթոդական նյութերի հրատարակման ուղղությամբ:  Եղել է Հայաստանի ազգային պարարվեստի վարչության անդամ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին