▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորականները Թուրքիայի շեղված իշխանությանը փորձում էին «վերադարձնել» ճիշտ ճանապարհին

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որն ուղեկցվել է օդային ու ցամաքային ռմբահարումներով: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ումիթ Դունդարը հայտնել է, որ հեղաշրջման փորձի ժամանակ բախումների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 190 մարդ՝ 41 ոստիկան, 2 զինվոր, 47 քաղաքացիական անձ, 104 մարդ հեղաշրջման աջակիցների կողմից՝ այսպես կոչված «դավադիրներ»:

«Վաղուց հասունանում էր ռազմական հեղաշրջման պահը: Ես դեպքերի նման զարգացում սպասում էի 2014 թվականի սկզբին, բայց զինվորականները փորձեցին օգտագործել անսպասելիության գործոնը՝ հաշվի առնելով այն, որ Էրդողանը արձակուրդ էր: Այն Թուրքիայի պատմության և իրականության տրամաբանության շրջանակներում էր, որովհետև գրեթե մեկ տասնամյակը մեկ Թուրքիայի ղեկավարները քեմալական սահմանված ուղղությունից շեղվում էին, իսկ զինվորականները նրանց փորձում էին «վերադարձնել» ճիշտ ճանապարհին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում  անդրադառնալով կատարվածին՝ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե  այս ռազմական հեղաշրջման հետևում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենն է, թուրքագետը նկատեց.

«Էրդողանական լրատվամիջոցները հենց սկզբից թիրախավորեցին Գյուլենին, իսկ վերջինն էլ արդեն պաշտոնապես հերքել է իրադարձության հետ իր կապը՝ նշելով, որ քննադատում է հարձակումը: Հետաքրքիրն այն է, որ հենց Գյուլենը նույն զինվորականների պատճառով երկար տարիներ Թուրքիա չէր վերադառնում: Հնարավոր է՝ այս տարիների ընթացքում ստեղծեր իր սեփական ցանցը: Ամեն դեպքում բացառել պետք չէ: Պետք է հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ խմբավորում և ի՞նչ գործող անձինք էին գալու իշխանության»:

Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ  հեղաշրջման փորձի շարունակություն ամենայն հավանկանությամբ չի լինի, կփորձեն պատժել բանակին, ընդդմիադիր տարրերին, ուժեղ թափով կպայքարեն «գյուլենական համայնքի» դեմ (Թուրքիայում «գյուլենական համայնք» համարում են «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետեւորդներին: Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնահասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող «գյուլենական համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Բնակվում է ԱՄՆ-ում), կլինեն ձերբակալություններ, դատավարություններ, թուրքական բանակի վրա Էրդողանի քաղաքական ազդեցության աճ կնկատվի:

Անդրադառնալով  թուրք ժողովրդի փողոց դուրս գալուն՝ թուրքագետը նշեց, որ  Էրդողանը ժողովրդի լայն զանգվածի կողմից համակրելի գործիչ է և իշխանությունը կառուցելու տեսանկյունից նրանց վրա է հենվում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին