▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհաղթ»-ը ՝ Շուշիում

Օրերս Շուշիում  տեղի է ունեցել «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության  չորրորդ միջազգային  սիմպոզիումը: Ավանդական դարձած միջոցառումը  հերթական անգամ համախմբել է աշխարհի տարբեր երկրներից Արցախ ժամանած քանդակագործների, ովքեր 20 օր շարունակ շունչ ու ոգի են տվել  քարին:

Արտասահմանից Արցախ ժամանած քանդակագործների թվում է եղել շատերին որպես «Վիքիպեդիա»-ի քանդակի հեղինակ հայտնի Միհրան Հակոբյանը:

«Քանդակը կոչվում էր «Անհաղթը» և խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր անկախ հանգամանքներից՝ չեն հանձնվում, կառչում են իրենց երազանքներից, հողից, քարից ու մնում են կանգուն»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արմատներով արցախցի քանդակագործը՝ տեղեկացնելով, որ քանդակը մնալու է Շուշիի կերպարվեստի թանգարանի բակում:

Խոսելով առաջիկայում սպասվող աշխատանքների մասին քանդակագործը նշեց, որ ցանկություն ունի ապրիլյան պատերազմը ներկայացնող ինչ-որ բան քանդակել.

«Նույնիսկ անվճար կանեմ այս աշխատանքը, եթե օգնեն կազմակեպչական, տեխնիկական հարցերում»,-նկատեց Միհրան Հակոբյանը:

Նշենք, որ շուշեցի աշխարհահռչակ արվեստագետ   Հակոբ Գյուրջյանի հիշատակին   քանդակագործության միջազգային սիմպոզիումն արդեն երրորդ անգամ է Շուշիում անցկացվում: Այս ընթացքում  ստեղծվել է  42 քանդակ:

Հակոբ Գյուրջյանը հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ: Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին