▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ-որ լուրջ, կարմիր գծի ենք մոտ.Քաղաքագետը՝ ՌԴ-Արևմուտք պայքարի, մարդասիրական բեռ փոխադրող շարասյանը հարվածելու մասին

Հոկտեմբերի 19-ին նախատեսված Պուտին-Օլանդ հանդիպումը չի կայանա, քանի որ Ռուսաստանի նախագահը հրաժարվել է ֆրանսիացի պաշտոնակցի հետ հանդիպելու նպատակով Ֆրանսիա մեկնելու մտադրությունից: Միջազգային լրատվամիջոցները գրում են, թե չեղարկման պատճառն այն էր, որ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումն ամբողջությամբ նվիրված է լինելու սիրիական խնդրին:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ կան մի քանի հանգամանքներ, որոնք հաշվի առնելով ՌԴ նախագահը չմեկնեց Փարիզ.

«Ֆրանսիայի նախագահի հետ բավական դժվար խոսակցություն կարող էր լինել և՛ Ուկրաինայի, և՛ Սիրիայի, և՛ Մերձավոր Արևելքի վերաբերյալ: Ֆրանսիա մեկնելու մտքից նրան հետ պահեց  նաև Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքը, քանի որ փորձում է չխանգարել Ասադի ռազմական ուժերի հաղթանակին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը տանում է նաև դիվանագիտական պայքար.

«Փորձում է Թուրքիայի հետ համաձայնության գալ ու կիսել Հյուսիսային Սիրիայի մասերը, թուրքամետ ուժերին դուրս բերել Հալեպից և այլն»:

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կողմից Մոսկվային Հալեպի բնակելի թաղամասերն ու խաղաղ բնակչությանը ռմբահարելու, մարդասիրական բեռ փոխադրող շարասյանը հարվածներ հասցնելու մեջ հնչեցված մեղադրանքներին, քաղաքագետը նկատեց.

«Պետք է ասել, որ այստեղ արդեն ուժերի պայքար է, ինչ-որ լուրջ, կարմիր գծի ենք մոտ: Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են նաև իրար դեմ՝ ռմբակոծելով պրոամերիկյան կամ պրոասադյան ուժերի և ասում են, թե դա պատահական է եղել»:

Ինչ վերաբերում է Սիրիայի իրավիճակին և հնարավոր կայունացմանը, քաղաքագետը նշեց.

«Իրավիճակն այնքան լուրջ է, քաղաքացիական պատերազմն այն աստիճանի է հասել, որ ես չգիտեմ՝ տարիների, թե տասնամյակների մասին կարող ենք խոսել: Գիտենք, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձ է արվել ինչ-որ լուրջ պայմանավորվածությունների հասնել, բայց դրանք բոլորը տապալվել են հենց 2-րդ օրը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին