▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի համար անընդունելի է.Դիվանագետը՝ ռուսերենին օրենդրական կարգավիճակ տալու առաջարկի մասին

Ռուսերենը նախկին Խորհրդային միության անդամ երկրներում պետք է օրենդրական կարգավիճակ ստանա: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի դիվանագետ, ՌԴ ԱԳՆ հատուկ գործերով բանագնաց Էլեոնորա Միտրոֆանովան:

Նրա խոսքով՝ ռուսերենի իրավական կարգավիճակի ամրագրումը հարևան երկրների սահմանադրություններում Մոսկվայի առաջնահերթ խնդիրներից է.

«Երիտասարդությունը մոռանում է ռուսերենը: ԱՊՀ երկրների 138 մլն բնակչությունից ռուսերեն է խոսում միայն 61 մլն-ը, 36.9 մլն-ը պասիվ կրող է, 35.6 մլն-ը լեզվին չի տիրապետում»,-ասել է նա:

«Չեմ հասկանում այս հայտարարության տրամաբանությունը, եթե չընդունենք որպես նեոիմպերիալիզմի դրսևորում: Հայաստանի համար սա անընդունելի է, որովհետև այստեղ ռուսները չնչին տոկոս են կազմում:

Մեր երկիրը կատարում է միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունները՝ ազգային փոքրամասնություններին աջակցելու առումով: Ավելին, մեզ մոտ այսօր ռուսերենը դասավանդվում է բոլոր դպրոցներում և կարծես թե դասաժամերն ի տարբերություն անգլերենի՝ ավելի շատ են:

Օրինակ՝ ես կկրճատեի այդ ժամերն ու անգլերենին կտայի, որովհետև ակնհայտ է՝ անգլերենի իմացությունն  ավելի լուրջ, ծավալուն գիտական նյութերից օգտվելու հնարավորություն է տալիս: Պետք է հասկանալ, եթե նախկին սովետական երկրներից դուրս եկար, ռուսերենն էլ պետք չէ, իսկ անգլերենով նույնիսկ այդ տարածքում կարող ես «յոլլա» գնալ: Աշխարհի որ ծայրն էլ գնաս, եթե անգլերենը գիտես, նշանակում է ձեռք ու ոտք ունես:

Ռուսերենը եղել ու մնում է օտար լեզու ու որևէ կարգավիճակ, այն էլ՝ երկրորդ պետական լեզվի,  չի կարող ստանալ»,-Asekose,am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը՝ հավելելով.

«Ի դեպ, պետական լեզու կամ երկրորդ պետական լեզու հասկացությունը ոչ բոլոր երկրների համար է: Քչերը գիտեն, որ անգլերենը որևէ փասատթղթով հայտարարված չէ որպես ԱՄՆ պետական լեզու: Լեզուն ժողովրդի կողմից ընդունելի է լինում, կամ՝ ոչ: Հիմնական չափորոշիչը դրա օգտակարությունը, պիտանելիությունն է»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին