▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն անպատկերացնելի հանգամանք է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: Գրեթե 1 ամիս առաջ Կիսելյովը զրուցել էր նաև Ադրբեջանի նախագահի հետ: Երկու երկրներին առնչվող հարցը, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն էր: Նույնաբովանդակ հարցին պատասխանելիս Ալիևն ասել էր «Արցախը Ադրբեջանի մաս է», հիշել էր փախստականներին՝ միաժամանակ նշելով, որ փոխզիջում հնարավոր է, եթե ԼՂ-ի սահմանից դուրս տարածքներն ազատագրվեն:

Սերժ Սարգսյանն էլ խոսելով 2007թ.-ին համանախագահների կողմից  ղարաբաղյան հիմնախնդիրը երեք սկզբունքի հիման վրա լուծելու առաջարկի մասին՝ ասաց.

«Առաջին սկզբունքն ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումն է, երկրորդը` պետության տարածքային ամբողջականությունը, երրորդը` ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը։ Տարածքային ամբողջականություն. մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Բայց ժողովրդի ինքնորոշումն ընդհանրապես չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին:

Երբ մենք ստացանք համանախագահների առաջարկը, հայկական կողմն ասաց, որ դա այն փաստաթուղթը չէ, որի մասին մենք երազել ենք, բայց մենք համաձայն ենք բանակցություններ վարել այդ սկզբունքների շրջանակում և այդ փաստաթղթի շուրջ։ Ադրբեջանը երկար ժամանակ չէր համաձայնում։ Միայն 2008թ.-ի հունիսին ադրբեջանական կողմը տվեց իր համաձայնությունը, ի դեպ, դա նախագահ Ալիևի հետ իմ առաջին հանդիպումն էր: Սակայն Բաքու վերադառնալուց հետո նրանք հայտարարություն տարածեցին, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։ 2008թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո մենք հավաքվեցինք Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բանակցություններ վարեցինք ու ստորագրեցինք փաստաթուղթ, որն այս 25 տարվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված միակ փաստաթուղթն է։
Մենք հանդիպեցինք Մայենդորֆում և ստորագրեցինք փաստաթուղթ, որի համաձայն` Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն քաղաքական ճանապարհով։ Հետո բանակցային գործընթացը շարունակվեց, և մենք մի քանի անգամ մոտ էինք այն փաստաթուղթը ստորագրելուն, որտեղ բոլոր այդ սկզբունքները հստակ արտացոլված էին։ Այսինքն` հայկական կողմերը` Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք վերցված են որպես անվտանգության գոտի, այն տարածքները, որոնք ադրբեջանցիներն անվանում են բռնազավթված։ Թողնում ենք տարածքները, հեռանում:
Բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով»։ 

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ փոխզիջման չպետք է գնա.

«Թող գնա զիջումների, Եթե ցանկանում է դադարել Հայաստան լինելուց և ուզում է դառնալ Ադրբեջան: Ադրբեջանն այժմ ձգտում է տիրել Հայաստանի վերջին հատվածին՝ այս փոքրիկ հողակտորին, որը հիմա Հայաստանի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ենք կոչում: Նման պարագայում այսպես կոչված փոխզիջումների գնալը՝ նշանակում է գնալ զիջումների՝ հանուն Ադրբեջանի մեծ երազանքների իրականացման մոտեցման:

Սերժ Սարգսյանը ոչ մի համարժեք պատասխան չտվեց, կարծեմ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն անպատկերացնելի հանգամանք է, որովհետև այդ ամբողջականության հիմքն ու առանցքը Հայաստանի տարածքային ոչ ամբողջականությունն է»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև թեժ գիծ ստեղծելուն և Շարմազանովի՝ գնդակը հիմա Ադրբեջանի դաշտում է և Ալիևը քաղաքական կամք պետք է դրսևորի դրա համար հայտարարությանն ու մեր հարցին, թե իրո՞ք Սերժ Սարգսյանը գոլ է խփել»,- Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց.

 «Այդ թեժ գիծն անգամ պինգ-պոնգի գնդակ չէ: Դա ոչինչ է: Տեխնիկական մի դետալ, որն ամենևին էլ այս ժամանակներում այլևս կարևոր չէ: Փոխվել է դարաշրջանը, փոխվել է տեխնիկան և եթե երկու երկրների նախագահները ցանկանան՝ կարող են անգամ վայրկենապես «Վայբերով» կապ հաստատել: Ֆուտբոլային գնդակի մասին անգամ խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է գոլին՝ ապա որոշ դրույթներ այո՛ գոլեր էին: Թե ում և որ դարպասին՝ դա արդեն այլ հարց է»:

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ միացյալ զորախումբ ստեղծելու Ռուսաստանի կառավարության առաջարկին, Սերժ Սարգսյանի կողմից դա դրական զարգացում համարելուն ու պարունակվող վտանգներին՝ քաղաքագետը նկատեց.

 «Միացյալ զորախմբի ո՛չ անհրաժեշտությունը, ո՛չ էլ դրական կողմերը ես չեմ հասկանում: Կա ՀԱՊԿ, որը կոչված է միացյալ ռազմական պաշտպանություն իրականացնելու: Եթե առկա են ռազմական ալյանսներ՝ միացյալ զորախմբերի կարիք ընդհանրապես չի լինում: Դրանք կարող են ստեղծվել կամ չստեղծվել ուղղակի ռազմական օպերացիաների ժամանակ: Բայց նման մոդելով, նման մոտեցումներով այլ զորախումբ աշխարհում ինձ հայտնի չէ: Եվ երբ քո զինված ուժերի կորիզային ստորաբաժանումներից մեկը կարող ես դնել այլ երկրի հրամանատարության տակ՝ այդտեղ բազում հարցեր կարող են առաջանալ»:

Իսկ, թե ո՞րն էր Ռուսաստանի կողմից երկու երկրների հետ կազմակերպված այս հարցազրույցների նպատակը հարցին Հայկ Մարտիրոսյանը համոզված է՝ գործընթացի ակտիվացումը,  միմյանց մեսիջներ հաղորդելն ու դարձյալ լճացող գործընթացը տեղից շարժելն է:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին