▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղմուկ բարձրացնողները կիսագրագետ մարդիկ են.Ազգային արխիվի տնօրենը՝ իր հասցեին հնչած մեղադրանքների մասին

Օրերս Նարեկացի արվեստի միությունում տեղի էր ունեցել «Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը, որտեղ փաստերով հերքվում են Կոմիտասի կողմից քրդական երաժշտության թեմայով դիպլոմային աշխատանք պաշտպանելու վերաբերյալ լուրերը: Ֆիլմում նաեւ հերքում են այն կեղծ տեղեկությունները, թե իբր Կոմիտասի առաջին լեզուն եղել է եզդիերենը:

ֆիլմում հիշատակվում է «Ուսուբ բեկ» գրքի մասին, որտեղ պատկերված էր Կոմիտասի նկարը եզդի ցեղապետ Ուսուբ բեկի հետ: Ըստ երաժշտագետ Մարինե Աշուղյանի՝ նկարն ակնհայտորեն կեղծիք է, ֆոտոշոփի արդյունք:

Կինովավերագրող  Գագիկ Հարությունյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ այդ գրքի շնորհանդեսին մասնակցել են Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, պատմաբան Աշոտ Մելքոնյանը:

Խնդրի առիթով զրուցեցինք Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ,ով մեզ հետ զրույցում չժխտեց գրքում  Կոմիտասի և Ուսուբ բեկի նկարի ֆոտոշոփ լինելը.

«Գրքում էլ այդ մասին կա գրված, բայց ինչ վերաբերում է նկարին, ապա այն գոյություն ունի: Նկարիչ Փանոս Թերլեմեզյանն է նկարել Կոմիտասին և Յուսուբ աղային ու վաճառել է Կ.Պոլսում՝ իր ցուցահանդեսի ժամանակ: Ավելին, Թերլեմեզյանը իր հուշերում գրել է.«Մասիսի լանջին Կոմիտասին և Յուսուբ բեկին միասին նկարեցի, որը վաճառվեց Կ.Պոլսի իմ ցուցահանդեսում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով.

«Աղմուկ բարձրացնողները կիսագրագետ մարդիկ են: Կոմիտասը ամառները, քանի որ տունը հեռու էր, մնացել է այս կամ այն դասընկերոջ տանը: Մի տարի էլ եզդու տուն է գնացել»:

Ինչ վերաբերում է քրդական երաժշտության թեմայով դիպլոմային աշխատանք պաշտպանելուն, Ամատունի Վիրաբյանը նշեց, որ դրա մասին ոչինչ չի կարող ասել, չնայած հավատում է, գուցե նման բան եղել է.

«Գրքի հեղինակն է գրել, երևի ինչ-որ տեղից օգտվել է: Ես չեմ խորացել, 2 էջ գրախոսական եմ գրել ու դրա համար և՛ հայերը, և՛ եզդիները ինձանից նեղացել են: Գրել էի, որ Ջհանգիր աղան նախքան Անդրանիկի կողմից գերի վերցվելը  թուրքերի կողմից էր կռվում, քանի որ թուրքերը նրան տարել ու նշանակել են ջոկատի հրամանատար: Ինձ ասում են՝ ինչո՞ւ ես այդպես գրել, ինքը մեր սուրբն էր: Հայերն էլ, թե ինչո՞ւ եք եզդուն բարձրացնում: Բայց այդ եզդին եղել է մեր խորհրդարանի անդամ, կռվել է Սարդարապատում, Բաշ-Ապարանում»,-եզրափակեց Ազգային արխիվի տնօրենը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին