▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է արգելվել 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրերս ստորագրել է մի հրամանագիր, որով արգելվում է յոթ երկրների՝ Իրանի, Իրաքի, Սիրիայի, Սուդանի, Սոմալիի, Լիբիայի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ:

«Թրամբը իր որոշումը բացատրում է այսպես.աճում է ահաբեկչական սպառնալիքը և թվարկված երկրներից փախստականների անվան տակ ահաբեկիչներ են մուտք գործում ու կատարում իրենց գործը: Իսկ, թե իրականում Թրամփն ի՞նչ մտքեր ունի, դժվար է ասել: Խորքային պատճառները կհասկանանք ընթացքում»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետի կարծիքով այս ցանկին օրինակ՝ Իրանն ավելացել է՝ հաշվի առնելով Թրամփի հակաիրանյան կեցվածքը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով էլ՝ 1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանի և Ամերիկայի հարաբերությունները վատ են եղել, դեսպանատները փակվել են և չեն գործում առ այսօր.

«Ուղղակի միջուկային համաձայնության ձեռքբերման և դրան հաջորդած առաջին շրջանում մի փոքր սառույցը կարծես հալչում էր, բայց  Թրամփի գալով ամեն ինչ նորից փոխվեց», ասաց իրանագետը:

Մեր հարցին, թե սա կարո՞ղ ենք Իրանի դեմ ճնշում համարել, որպեսզի վերջինը միջուկային զենք ստեղծելու ծրագրից հրաժարվի,-Արտյոմ Տոնոյանը պատասխանեց.

«Իրանը միջուկային համաձայնության ձեռքբերումից հետո հրաժարվել էր և կատարում էր այդ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները: Ըստ իրանական կողմի` համաձայնությունը խախտել է ամերիկյան կողմը` չկատարելով իր ստանձնած պարտավորությունները: Ուրանի հարստացման և միջուկային էներգիայի ստացման ուղղությամբ իրանական կողմի նոր հայտարարություններն ու պատասխանները պետք է դիտարկել որպես հակազդում ամերիկյան կողմի` պարտավորությունների չկատարմանը: Թրամփը իր ընտրվելուց առաջ անընդհատ հայտարարում էր, որ 5+1-ի հետ Իրանի ձեռք բերած համաձայնության արդյունքում շահեցին բոլորը, բացի Ամերիկայից և, ըստ էության, ի սկզբանե տրամադրված էր ընտրվելուց հետո փոփոխություններ մտցնել միջուկային համաձայնության հարցում»:

Իրանագետը համոզված է՝ այս որոշումից Իրանն առանձնապես չի տուժի. «Այսպես, թե այնպես լայն տնտեսական հարաբերություններ այս երկու երկրների միջև գոյություն չունեն»,-նկատեց Արտյոմ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է վերը նշված երկրներում բնակվող հայերին, իրանագետը նշեց, որ եթե այդ երկրների քաղաքացի են, բնականաբար օրենքը նաև նրանց է վերաբերում.

«Իհարկե, պետք է հաշվի առնել կարևոր մեկ բան: Եթե տվյալ հայը քրիստոնյա է, իրավիճակը փոխվում է: Սովորաբար իսլամադավան երկրներում ապրող կրոնական փոքրամասնությունները, այդ թվում և հայերը, որոշակի կրոնական ճնշումների պատճառաբանություններով կարողանում են ապաստան խնդրել ու ստանալ տարբեր երկրներից, այդ թվում և Ամերիկայի Միացյալ Նահանգներից»,-ընդգծեց Արտյոմ Տոնոյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին