▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը պետք է ազգային պարտեզ համարվի, այն աշխարհում միակը կլինի

Ավարտվել են Հայաստանի առավել հայտնի 40 արշավային արահետների գծանշումները: Դրանք տեղադրվում են այն վայրերում, որտեղ կա մոլորվելու հնարավորություն: Նպատակն է՝ Հայաստանում և Արցախում զարգացնել էկոտուրիզմը։

«Հայ լեռնագնացների միություն-Լոս Անջելես»-ի գլխամասի համահիմնադիր Ռոբերտ Ասարյանի հետ զրուցել ենք գաղափարի, լեռնագնացության, Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը բարձրանալու և այլ հարցերի շուրջ։

Ես ու օձը մենակ էինք։

-Ես հատուկ չէի որոշել զբաղվել լեռնագնացությամբ։ 25 տարեկան էի, նիհարելուս համար հերթական մարզանքին էի գնում, ընկերուհիներիցս մեկն առաջարկեց սարերում գնալ ու քայլել, որ ավելի հետաքրքիր ու արդյունավետ լինի։ Այդպես էլ արեցի։

Գլենդեյլում մի սար կար, որոշեցի դա բարձրանալ, և գիտե՞ք ինչ եղավ, առջևս մի օձ դուրս եկավ։ Կյանքումս այդ կենդանուն չէի տեսել։ Արդյունքում ոչ միայն տեսա, այլև մոտիկից շփվեցի։ Սարսափելի էր։ Ես ու օձը մենակ էինք․․․Հոգիս տակնուվրա եղավ ու այդ վայրկյանից սիրահարվեցի բնությանն ու 28 տարի է՝ սերս չի մարում։

Փաստորեն, մարդկության պատմության մեջ լավը չհամարվող օձը իմ դեպքում դրական ազդեցություն ունեցավ։ 

Բարձրացել է Արեգենտինայի Ակոնկագուա լեռնագագաթը, որը հանդիսանում է Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը։ Բարձրությունը հասնում է 6960 մետրի։

-Նշանակություն չունի, թե սարի կամ լեռան բարձրությունն ինչքան է։ Ինձ համար ո՛չ բարձրությունը, ո՛չ ցածրությունը, ոչ էլ դժվարությունը կամ հեշտությունը կապ չունեն։ Լեռնագնացությունը բնության մեջ լինելն է։ Ես անգամ չեմ հաշվել, թե քանի սար ու լեռ եմ բարձրացել։

Բարձրանալու ժամանակ ոչինչ չեմ մտածում, հազիվ բարձրանում եմ։ Քանի որ սպորտային կառուցվածք չունեմ,  ամեն անգամ երբ բարձրանում եմ՝ երդվում եմ, որ այս ասպարեզը թողնելու եմ։ Այդպես երդվելով իջնում եմ ցած,  երբ այնտեղից նայում եմ վերև, ասում եմ՝ wow, հաջորդը ե՞րբ է։

Մասիսը բարձրանալիս ոչինչ չզգացի։

2013 թվականին բարձրացել եմ Մասիս սարը։ Ի դեպ, նույն տեսարանը չէ։ Թուրքիայի կողմից Փոքր Մասիսը չի երևում։ Հայաստանի կողմից է, որ շատ գեղեցիկ է։ Մասիսը բարձրացանք մինչև վերջ, ծածանեցինք հայոց եռագույնը։ Անկեղծ մեկ բան ասեմ՝ Մասիսը բարձրանալիս ոչինչ չզգացի։ Պարտադրում էի, որ զգամ, բայց չզգացի։ Չգիտեմ, թե ինչո՞ւ էր այդպես։ Իրոք, հանցավոր էի զգում, որ ոչինչ չէի զգում որպես հայ։ Փոխարենը ինձ տպավորեց Անին։ Այնտեղ իմ մեջ զարթնեց այն, ինչ սպասում էի Մասիսի վրա։ Անին շատ հուզիչ էր․․․․

Միշտ ցանկացել եմ, որ լեռնագնացների հայկական խումբ լինի։

Վերջերս հանդիպեցի ընկերներիցս մեկին ու որոշեցինք իրականացնել երազանքս։ Իմ ակնկալածից շատ արագ կազմավորվեց խումբը, ընդգրկվեցին մեծ թվով հայեր։

ՀԿ-ի նպատակը Հայաստանի արշավական զբոսաշրջային ենթակառուցվածքները զարգացնելն է։ ՀՀ լեռնագնացությունը շատ է զարգացած, երիտասարդները շատ են մասնակցում արշավների, ինչը դրական է։ Մենք ցանկանում ենք սովորեցնել լեռնագնացության ձևերը։ Մեզ միանալու համար կարևորը արշավային կոշիկներ ունենալն է, սարերի, ձորերի մեջ լինելու սերն ու ցանկությունը։ Պատրաստ ենք համագործակցել ՀՀ բոլոր կազմակերպությունների հետ։ Մենք մեր աշխատանքները պատկերացնում ենք միայն Արցախում և Հայաստանում։

Արցախը պետք է ազգային պարտեզ համարվի։

-Արցախում էինք մի քանի օր առաջ, խնդրեցի, որ սահման տանեն, սակայն չտարան՝ անվտանգությունից ելնելով։ 4-5 օր անցակացրինք այնտեղ։ Իմ կարծիքով՝ Արցախը պետք է ազգային պարտեզ համարվի։ Դրախտային վայր է։ Աշխարհում առաջինը կլինի այդ տարածքում։

Հայերի միակ թերությունը։

Կարծում եմ՝  Հայաստանն առաջ է գնում ամեն ինչով։ Ես թերություն չեմ տեսնում այստեղ, հայերը թերություն չունեն։ Չնայած մեկը կա, եթե դա հաղթահարենք՝ գերազանց ժողովուրդ կլինենք։ Շատերը  Հայաստանը ներկայացնելիս Կովկաս են ասում, ինչը սխալ է։ Մենք կովկասցի չենք։ Մենք կովկասյան ցեղերին չենք պատկանում։ Կովկասը փոխում է ամբողջ մեր պատմությունը։ Մենք ասիացի ժողովուրդ ենք, հայ ենք։ Հայկական լեռնաշխարհի բնակիչներն ենք։ Երբ որ այդպես մտածենք, այդ ժամանակ հայը ազատ ու անկախ կլինի։ Դժբախտաբար, մեր ուղեղները 170-200 տարի լվացել են։ Մենք՝ հայերս, միշտ ուզում ենք օտարներից վավերացում ստանանք։ Ինչ ասում է՝ ընդունում ենք։ Մեզ թվում է, թե նա մեզնից լավ գիտի՝ ո՞վ ենք, ի՞նչ ենք։ Օրինակ՝ երբ որևէ երկիր ընդունում է Հայոց ցեղասպանությունը, թռչում ենք երկինք, այնինչ մենք ոչ ոքի կարիքը չունենք։ Սա տկար ազգի մտածելակերպ է։ Կարևորը ոչ թե նրանք, այլ մենք, մեր սերունդները պետք է ճանաչենք ու չմոռանանք ցեղասպանությունը, հավատարիմ մնանք մեր նախնիներին։ Ինչ վերաբերում է հողերին, ապա դրանք ուժ ունենալու դեպքում միայն կկարողանանք վերադարձնել։

Նշենք, որ Ռոբերտ Ասարյանը ծնվել է Բեյրութում, սովորել Մխիթարյան միաբանությունում, 18 տարեկանից տեղափոխվել է ԱՄՆ։ Նրա խոսքով՝ իրեն մեծ ցավ են պատճառում հայերենին լավ չտիրապետող հայերը։ Նկատում է՝ Լոս Անջելեսում, օրինակ, գրեթե չկան հայագիտության վերաբերյալ դասընթացներ, այն դեպքում, երբ ունենք մեծ և ուժեղ գաղութ։ Դպրոցներ կան, բայց ավարտողները չեն շարունակում հայերենն ուսումնասիրել։ Նրանք անգամ հայերենին լավ չեն տիրապետում։ Երբ ճառ պետք է ասեն՝ միանգամից սկսում են անգլերեն խոսել։ Միակ լավ բանն այն է, որ գոնե հայը հայի հետ է ամուսնանում, չնայած, երբեմն բացառություններ լինում են։

Անի Կարապետյան

  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին