▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկ Ուդումյանը պատրաստվում է կյանքի ամենակարևոր իրադարձությանը

Life.panorama.am-ը գրում է. Հաղորդավարուհի-պրոդյուսեր Արևիկ Ուդումյանի համար 2015-ի ամառը իր կյանքի ամենաարևոտ ու վառ էջերից մեկը կլինի: Չնայած հաղորդավարուհին ամառը հազիվ թե երկար հանգստանա աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով, այնուամենայնիվ, այս ամռանը նա պատրաստվում է ամենակարևոր իրադարձությանը՝ իր հարսանեկան արարողությանը. «Չեմ ուզում շատ փակագծերը բաց անել, միայն կասեմ, որ արդեն սկսում ենք հարսանյաց արարողության նախապատրաստական աշխատանքները»:

Արևիկը պատմեց, որ գործելաոճին համապատասխան ակտիվությամբ արդեն աշխատում է «Մեր մեջ ասած» և «Առավոտ լուսո» ծրագրերի նոր եթերաշրջանի վրա. «Սեպտեմբերին «Մեր մեջ ասած»-ը կներկայացնենք նորովի, մի փոքր փոխված ձևաչափով և ոչ պակաս հետաքրքիր մտքերով: Այն աշնանը կհանձնվի հեռուստադիտողի դատին, բայց մենք արդեն իսկ աշխատում ենք հաղորդման նոր եթերաշրջանի վրա, քանի որ մեզ համար որակը շատ կարևոր է»,- նշեց նա:

Խոսելով շուրջ երկու տարի հեռարձակվող «Մեր մեջ ասած» ծրագրի շրջանակներում ավագ սերնդի հետ աշխատելու առանձնահատկությունների մասին, Արևիկն ասաց. «Երբ նոր էր այս հաղորդման մտահղացումը և արդեն հաստատվել էր, որ այն ժամանակ պետք է վարեինք չորսով՝ ես, Իրինա Դանիելյանը, Կարինե Խոդիկյանը և Վարդուհի Պետրոսյանը, մայրս շատ անհանգստացավ: Շատ լուրջ տոնով, մայրաբար անհանգստանալով ասաց՝ «Արևիկ ջան, բալես, շատ եմ անհանգստանում քեզ համար, ինչպես է լինելու տարիքային նման տարբերությամբ մեկ նախագծում հանդես գալը, քեզ ինչպես ես զգալու, կվստահեն քեզ արդյոք, չէ որ որպես պրոդյուսեր համակարգող էլ պետք է լինես…» դա լսելով ես մի լավ ծիծաղեցի, քանի, որ ես ինքս ընդհանրապես այդ առումով ոչ մի անհանգստություն չունեի: Իսկ հետագայում էլ նրանց հետ աշխատելով հասկացա, որ ես ճիշտ էի և իսկապես անհանգստանալու և մտորելու կարիք չկար: Մեզ մոտ ամեն մեկն իր տեղում է, ամեն մեկը գիտի, թե որն է իր անելիքը, միաժամանակ, ամեն մեկս էլ գիտենք, թե ինչպես միասին աշխատանք ներկայացնենք, մենք անկեղծ ենք եթերում, ունենք մեր բացահայտված վախերը, ներկայացնում ենք մեր տեսակը, դրանով էլ ստեղծվում է անկեղծ, ազատ, բայց ոչ կենցաղային զրույց: Նրանք իմ ավագ ընկերուհիներն են, և ես իսկապես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ նրանց նման պարկեշտ մարդկանց հետ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին