▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոմանդոս-ի ԴՕՍԱԱՖ-ը անօդաչու թռչող սարքի նախագիծ է ներկայացրել

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ ապրիլի 21-ից մեկնարկել է ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ ծանոթացնում են իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին:

Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված են սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ՝ այդ թվում «Սմերչ», «Գրադ», ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ:

Օրինակ՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) կողմից ղեկավարվող ԴՕՍԱԱՖ հասարակական կազմակերպությունը, որի հիմնական խնդիրը հայոց բանակի համար մասնագետներ պատրաստելն է, ներկայացրել էր անօդաչու թռչող սարքի նախագիծ։

«Բարձրանում է 200 մետր, նկարահանում և հետ է վերադառնում։ Այժմ փորձարկման փուլում է, վերջնական արտադրության դեռևս դուրս չի եկել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  գնդապետ Արա Մուրադյանը։

Շարունակելով մարտական ընկերոջը՝ փոխգնդապետ Մարտիկ Բաղդասարյանը նշեց․

«Սա շատ լավ գաղափար է, լավ կլիներ, որ մարզերում էլ կազմակերպեին։ Մեծ հետաքրքրություն կա հատկապես աշակերտների կողմից, ցնցող է։ Եթե տարին 2 անգամ նման ցուցահանդես կազմակերպեն, երեխաները շատ բանիմաց, գրագետ կլինեն, ծառայության ժամանակ հոյակապ գործողություններ կկատարեն, կհեշտացեն հրամանատարների աշխատանքը, իսկ մեր պետության պաշտպանությունը լավ կլինի»։

Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից ներկայացված ծրագրին(«ԵՍ ԵՄ» ծրագիր-Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` 1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), 2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), 3. ուսման վարձի փոխհատուցում), որը դեռ քննարկման փուլում է, փոխգնդապետը նկատեց․

«Այդ ծրագիրը պետք է հասանելի լինի, սակայն շատ ծնողներ կան, որ երեխաներին լավ չեն բացատրում այդ ամենը։ Ամեն ինչ տալիս են, թող գնան սովորեն, մեկ է, եթե պատերազմ լինի՝ բոլորը գնում են, ի՞նչ տարբերություն՝ որպես քաղաքացի, թե զինվորական ես գնում։ Ավելի լավ է բոլորս զինվոր դառնանք։ Այս մի կտոր Հայրենիքը պետք է պաշտպանենք» ։

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին