▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը կրկին շրջագայություն է սկսում

 

ԱՄՆ դեսպանատունը կրկին ուղևորվում է դեպի մարզեր, այս անգամ ներկայացնելու ֆիլմեր, պարարվեստ և գրականություն և նշանավորելու 25-ամյա գործունեությունը Հայաստանում:  Մշակութային ու գործընկերային այս շրջագայությունը, որ կոչվում է «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն», մեկնարկում է հոկտեմբերի 14-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի վերջ:

«Այս ամռանը «Ամերիկյան մշակութային շրջագայությամբ» մենք եղանք խոշոր մարզային քաղաքներում:  Այժմ ուղևորվում ենք դեպի ավելի փոքր համայնքներ, որտեղ մեր դիվանագետները հաճախ չեն այցելում: Կցուցադրվեն ֆիլմեր, պարային բեմադրություններ, կլինեն գրական միջոցառումներ, որոնց միջոցով մենք մեր հայ բարեկամների ու գործընկերների հետ կնշենք այն կապերը, որ միավորում են մեզ, կնշենք մշակույթի ու արվեստի հանդեպ մեր սերը, որ համախմբում է մեզ», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Կինո

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության առանցքային բաղադրիչներից մեկը ամերիկյան վավերագրական ու անկախ կինոարտադրողների ֆիլմերի ցուցադրումն է: Ի դեպ, ֆիլմերն այս տարի ավելի վաղ «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշարի» շրջանակում ցուցադրվել են Երևանում: Ֆիլմերում շեշտադրվում են կարևոր հիմնախնդիրներ, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական հասարակության ձևավորումը, բազմազանությունը, կանանց դերի մեծացումը և այլն:

 

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայություն» նախաձեռնության շրջանակում կինոցուցադրումներ նախատեսվում են Գավառում (հոկտեմբերի 14), Սևանում (հոկտեմբերի 15), Եղեգնաձորում (հոկտեմբերի 18), Գյումրիում (հոկտեմբերի 20), Ստեփանավանում (հոկտեմբերի 21), Ալավերդիում (հոկտեմբերի 22), Չարենցավանում (հոկտեմբերի 28) և Աբովյանում (հոկտեմբերի 29):  Բոլոր քաղաքներում ցուցադրվելու է երկու ֆիլմ: Նախ՝ կցուցադրվի վավերագրական ֆիլմ, որին կհաջորդի այդ ֆիլմի քննարկումը հայ առաջատար կինոգետներից մեկի հետ: Իսկ նույն օրն ավելի ուշ կցուցադրվի գեղարվեստական ֆիլմ, որի հետ կապված կլինի քննարկում հայ կինոգետի ու դերասանի հետ: Բոլոր ֆիլմերն ունեն հայերեն ենթագրեր: Մուտքն ազատ է բոլորի համար:

«Այս ֆիլմերը գերազանց հնարավորություն են, որ մեր հայ բարեկամներն ու գործընկերները հետամուտ լինելու կարևոր հարցերի, օրինակ՝ աուտիզմ ունեցող երեխայի խնամքի և դաստիարակության հարցին, ու նաև առիթ ունենան օգտագործել ու բարելավել անգլերենի իրենց իմացությունը: Ես նաև կարծում եմ, որ ֆիլմերի նկատմամբ սերը, կինոյի հանդեպ ջերմ վերաբերմունքը մեր երկու ժողովուրդներին բնորոշ ու միավորող ընդհանուր գծերից են», - ասաց դեսպան Միլսը:

Շրջագայությանը կմասնակցում են կինոգետներ Իննա Սահակյանը, Վիգեն Գալստյանը, Դիանա Կարդումյանը և Սերժ Մելիք Հովսեփյանը, դերասան/դերասանուհիներ Սամվել Թադևոսյանը, Անի Խաչիկյանը, Նարինե Գրիգորյանը և Բաբկեն Չոբանյանը:

Անսահմանափակ պար

«Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայության» երկրորդ բաղադրիչը պարային բեմադրությունների ներկայացումն է «Անսահմանափակ շարժում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում են ԱՄՆ կառավարության ֆինանսավորած կրթական փոխանակման ծրագրերի մի խումբ շրջանավարտներ: Բեմադրություններում ներգրավելով հաշմանդամություն ունեցող անձանց՝ նրանք փորձում են խթանել ֆիզիկական ու գեղարվեստական ազատությունը հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար:

Շրջագայության ընթացքում կներկայացվի երկու պարային բեմադրություն. «Մենք», որը բնորոշվում է որպես երկխոսություն հասարակության հետ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են մեզ կապված հաշմանդամության հետ, և «Ալիսան», որի հիմքում  «Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործությունն է:

Պարային բաղադրիչով «Եվս մեկ ամերիկյան մշակութային շրջագայության» կանգառները կլինեն Երևանում  (նոյեմբերի 2), Գյումրիում (նոյեմբերի 5), Վանաձորում (նոյեմբերի 6), Գորիսում (նոյեմբերի 9) և  Կապանում (նոյեմբերի 10): 

Գրականություն

Նոյեմբերի 8-ից 14-ը Հայաստան կժամանեն մի քանի հարգված ամերիկացի գրողներ՝ անցկացնելու աշխատաժողովներ, դասախոսություններ ու քննարկումներ գրականության ուժի վերաբերյալ: Սա կազմակերպվում է Այովայի համալսարանի Միջազգային գրական ծրագրի շրջանակում: Հայաստան ժամանողների շարքում են Նատաշիա Դեոնը, ով քննադատների բարձր գնահատականին արժանացած «Ողորմածություն» գրքի և մի շարք այլ գրքերի հեղինակն է, մրցանակակիր-դրամատուրգ Լիզա Շլեզինգերը, բանաստեղծ Մայքլ Քոլիերը, գրող Քեյթ Դիքարին և Լավանի անվան երիտասարդ բանաստեղծների մրցանակակիր Քրիսթոֆեր Մերիլը: 

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը Հայաստան կայցելի Նյու Յորք Թայմսի բեսթսելեր-հեղինակ Շերոն Դրեյփերը՝ ներկա գտնվելու իր «Աղմկոտ լռություն» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին, որը հնարավոր է դարձել ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ: Այս վեպը մի խելացի երիտասարդ կնոջ մասին է, ով ծնվել է ուղեղի կաթվածով և չի կարողանում խոսել, շարժվել, չի կարողանում հաղորդակցվել և պետք է ճանապարհ գտնի հասնելու այն կյանքին, որով նա է ցանկանում ապրել:

Այցի ընթացքում տ-ն Դրեյփերը ՀՀ պետական մանկավարժական համալսարանի Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսոր Արմենուհի Ավագյանի հետ միասին քննարկումներ կվարի ուսանողների, դասախոսական կազմի ու տարբեր օղակների հետ ներառական կրթության կամ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերի շուրջ:

«Կարծում եմ տեղին կլինի, որ մեր մշակութային ու գործընկերային շրջագայության եզրափակիչ ակորդը լինի գրականությունը: Հայաստանը հաճախ իր ինքնությունը սահմանելիս հղում է կատարում իր լեզվին ու այբուբենին: Հայաստանը հպարտ է, որ ներկայացնում է պատմություններ այլ մշակույթներից և կարողանում է հրամցնել իր պատմություններն աշխարհին: Կարծում եմ շատ տեղին կլինի, որ մեր շրջագայությունն ամփոփենք մեր պատմությունների ներկայացմամբ և գրքի, գրականության հանդեպ մեր սիրո դրսևորմամբ», - ասաց դեսպան Միլսը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին