«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորները այս պահին գտնվում են ԱԺ-ի շենքում:
«Նիստը գումարվելու է: Որքանով որ հասկանում եմ` բոլոր հանրապետականներն այստեղ են: Գիշերն են եկել, թե ոնց են եկել, բայց էստեղ են: Ես տեղեկություն ունեմ, որ բոլորն այստեղ են, ու նիստը կգումարվի: Կարծում եմ, որ անպայման պետք է դեմ քվեարկել, չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի, ոնց Հյուսիսային Կորեայում են ընտրվում»:
Դիտարկմանը, որ մասնակցելով և դեմ քվեարկելով կլեգիտիմացնեն Սերժ Սարգսյանի ընտրությունը՝ պատգամավորը պատասխանեց. «Ես հակառակն եմ կարծում, որ եթե նիստ է գումարվում և մենք չենք մասնակցում, դա նշանակում է, որ մենք թույլ ենք տալիս նա ընտրվի առանց որևէ խոսքի»:
Հարցին, թե ինչ-որ գործողություններ նախատեսո՞ւմ են ԱԺ նիստի ընթացքում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ իրենց գործողությունները լինելու են իրենց ելույթները:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարել էր, որ տեղեկություններ է ստացել այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները հրահանգ են ստացել գիշերել ԱԺ-ում:
Ուղիղ միացումը` Ազատություն ռադիոկայանի