▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է ունենանք քաղաքացիների համար հավասար հնարավորությունների երկիր.Հաշմանդամների կոչը՝ կառավարությանը

«Պետք է ունենանք  քաղաքացիների համար հավասար հնարավորությունների երկիր: Աժ-ն պետք է ավելի խիստ օրենքներ ընդունի, որոնք համահունչ կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային: Պետք է պահանջեն, որպեսզի թեքահարթակներ լինեն ոչ միայն նորակառույցների, այլև բոլոր հանրային կառույցներում՝ շենք, զբոսայգի և այլն»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ունիսոն» ՀԿ ղեկավար Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ անհարմարություններ կան նաև դպրոցներում.չկան հարմարեցված սանհանգույցներ, մարզադահլիճներ, առաջին հարկից բացի մյուս հարկերն անհասանելի են:

«Նոր ծրագրով հատուկ դպրոցները պետք է փակվեն և դառնան ռեսուրսային կենտրոն, ինչն իբրև գաղափար ճիշտ է, բայց հարց է առաջանում՝ որտե՞ղ են սովորելու այդ երեխաները: Մինչև 2025 թվականն իրո՞ք կունենանք համապատասխան պայմաններ, գրականություն, մասնագետներ, ֆիզիկական միջավայր: Առաջարկում եմ վերանայել այդ ծրագիրը, ոչ ձևական բնույթ տալ, որ լինի իրական, 100 տոկոսանոց ներառականություն, թեկուզ՝ առայժմ սահմանափակ դպրոցներում» ,-նշեց Արմեն Ալավերդյանը:

Բանախոսի հաղորդմամբ՝ զբաղվածության ոլորտում վերջին տարիներին որոշակի առաջընթաց է գրանցվել է.

«Արդեն չենք զարմանում, եթե աշխատատեղերում տեսնում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն վիճակագրությունը տարիներ շարունակ չի փոխվում: Աշխատունակ տարիքում գտնվող հաշմանդամների 8-9 տոկոսն է զբաղված, 90 տոկոսից ավելի գործազրկություն կա, որի համար ակտիվ գործողություններ են անհրաժեշտ: «Ունենք քվոտաների մասին դրույթ «Զբաղվածության մասին» օրենքում, սակայն այն կասեցվել է անցյալ տարվա կեսերին՝ ինձ համար անհասկանալի պատճառներով»,-նշեց «Ունիսոն» ՀԿ ղեկավարը՝ հավելելով.

«Ուզում եմ կոչ անել.բոլոր այն ծրագրերի փոփոխությունը կամ մշակումն անպայման խորհրդակցեն մեզ հետ, քանի որ շատ է պատահում՝ մեզ հետ չեն խորհրդակցում, ուզում են լավ գործ անել, բաց ստացվում է ինչպես միշտ...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին