▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները պահանջում են իրենց հալածող դեկանի հրաժարականը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  դաշնամուրային ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները դժգոհ են դեկան Արմեն Բաբախանյանից: Նրա դեմ ստորագրահավաք են սկսել: Դժգոհ են այն տիրող մթնոլորտից, որն առկա է վերջին 7 տարիների ընթացքում: Անարդարություն, արտոնյալ մարդիկ և այլն:

Պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի խոսքով՝ ամեն փայլուն դաշնակահարը չէ, որ կարող է ղեկավար լինել: 

-Մարդը, երբ դառնում է ղեկավար, պետք է հասկանա, որ ինքն է ծառայում կոլեկտիվին, ոչ թե հակառակը: Սեփական շահերը, տրամադրությունը, հարաբերություններն ու ճաշակը, իր ուսանողների շահերը կապում է կոլեկտիվի վզին, խեղդում է  այնքան, մինչև ընդունես իր խաղի կանոնները, իսկ եթե ոչ, սկսվում է հալածանք՝ ուսանողների ու դասախոսների նկատմամբ: Ամեն ինչ՝ գնահատականները, վճարովի, անվճար համակարգերն իր ձեռքում է կենտրոնացրել: Իր համար անգամ նշանակություն ունի, թե ո՞ր դասախոսի մոտ է սովորում ուսանողը, և, եթե դա իր չսիրածն է, վերջ, կորած է: Եթե ձեռքում ճար է լինում, իրեն ոչ հաճելի մարդկանց ձգտում է հանել ասպարեզից: Հանձնաժողովներում էլ իր մարդիկ են.հաճախ թելադրում է, թե ինչպե՞ս գնահատեն մարդուն: Նա նայում է, թե այդ դասախոսն ի՞նչ լավ ուսանողներ ունի ու այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ նրան տանի այդ դասախոսի մոտից: Քաշում է դեպի իրեն: Ստեղծված է բաբախանյականների և ոչ բաբախանյականների մթնոլորտ,-ասաց Մարգարիտ Սարգսյանը:

Ուսանողների խոսքով՝ գնահատում են այնպես, որպեսզի որոշ ուսանողներ  չկորցնեն անվճար սովորելու հնարավորությունը:

Ամեն ինչ սկսվում է անվճար-վճարովի տեղի շուկայական հարաբերություններից: Անվճար բաժնում սովորում են իր ցանկացած մարդիկ: 

Ասում են՝ որոշեցին այսօր խոսել, պահանջել նրա հրաժարականը, քանի որ մինչ այդ Արմեն Բաբախանյանի մեջքին կանգնած էին մարդիկ, ովքեր նրան անձեռնմխելի էին դարձնում:

Այս պահին դեռ կապ չենք կարողացել հաստատել Արմեն Բաբախանյանի հետ, ուստի նրա տեսակետն ու պատասխանը կհրապարակենք ավելի ուշ:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին