▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26–ում ընդունել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, որից հետո ընթացել է երկու երկրների վարչապետների նեղ կազմով հանդիպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում նշել է.

 

 

«Հարգելի պարոն վարչապետ, 
ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաքում: Դուք Կանադայի առաջին վարչապետն եք, ով պաշտոնական այցով այցելում է Հայաստանի Հանրապետություն, և մենք գործ ունենք պատմական հնարավորության հետ: Ես կարծում եմ` Դուք արդեն զգացիք, որ մեր երկրում Ձեր երկրի և անձամբ Ձեր նկատմամբ շատ մեծ համակրանք և դրական վերաբերմունք կա, և հույս ունեմ, որ նաև այն հարաբերությունները, որ արդեն իսկ հասցրել են հաստատվել, կօգնեն, որ մեր երկրների միջև առանց այն էլ շատ ջերմ հարաբերությունները նոր մակարդակի հասցվեն: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և ուրախ եմ Ձեզ տեսնել Հայաստանում»:

 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր խոսքում նշել է. «Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ Ձեր ողջույնի համար: Առնվազն մեծ պատիվ է գտնվել Հայաստանում: Կարծում եմ` Դուք գիտեք, որ տարիներ առաջ արդեն պատիվ եմ ունեցել հայրիկիս հետ այցելել Հայաստան ամառային արձակուրդների շրջանում: Նա այն ժամանակ արդեն վարչապետ չէր, այնպես որ ես Կանադայի` պաշտոնական այցով Հայաստան այցելող առաջին վարչապետն եմ: Բայց նույնիսկ այն ժամանակ արդեն զգացի հայերի և կանադացիների միջև բարեկամությունը, և առնվազն այն ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում այսօր և նախորդ օրերին, հրաշալի է: Այստեղ գտնվելը միայն պատիվ է: Շնորհակալ եմ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին է նվիրել նրա «Ընդհանուր հայտարար» գրքի հայերեն թարգմանությունը: «Եվս մեկ ապացույց իմ խոսքերի, որ Դուք առանձնահատուկ դեր ունեք Հայաստանի քաղաքացիների ընկալման մեջ, և սա Ձեր գրքի հայերեն թարգմանությունն է, ինչը ես հաճույքով նվիրում եմ Ձեզ», - նշել է վարչապետը:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն է հայտնել գրքի համար` նշելով, որ տեղյակ չէր թարգմանության մասին, և շատ ուրախ է այդ առիթով:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանի քաղաքական փոփոխությունների վերաբերյալ: Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ երբ ամբողջ աշխարհում ընթանում էին ժողովրդավարությունը վտանգող գործընթացներ, Հայաստանն օրինակ ծառայեց ամբողջ աշխարհին, ինչը հիանալի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Կանադայի վարչապետն ընդգծել է, որ Հայաստան է այցելել նաև, որպեսզի ցույց տա իր երկրի պատրաստակամությունը` օժանդակելու Հայաստանի զարգացմանը: «Հայաստանյան ժողովրդավարական գործընթացները պատիվ են բերում ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին», - ընդգծել է Ջասթին Թրյուդոն: Նա նշել է, որ Կանադան պատրաստ է Հայաստանին օժանդակել տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ենթակառուցվածքների բարելավման և այլ ուղղություններով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով մեր երկրի տնտեսական զարգացման մասին, ընդգծել է, որ կառավարության նպատակն է` փոխել տնտեսական կառուցվածքը` Հայաստանը դարձնել տեխնոլոգիական երկիր ևւ վստահություն հայտնել, որ դրա համար առկա է անհրաժեշտ ներուժ: Վարչապետը հավելել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ է արձանագրել կոռուպցիան հաղթահարելու ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն անդրադարձել են տարբեր ոլորտներում հայ-կանադական համագործակցության զարգացմանը վերաբերող այլ հարցերի:

Նշենք, որ Հանրապետության նախագահի նստավայրում էլ այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել Կանադայի վարչապետին Հայաստանի մայրաքաղաք և Ֆրանկոֆոնիայի ժամանակավոր մայրաքաղաք Երեւանում: «Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ձեր ընտանիքը: Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է: Մենք մշտապես գնահատել ենք Կանադայի ժողովրդի ու Կանադայի կառավարության ջերմ վերաբերմունքն այն հայերի նկատմամբ, ովքեր կարիքի մեջ են: Հայերը երբեք չեն մոռանա ձեր այն քայլը, երբ Դուք անձամբ ողջունում էիք Սիրիայի մեր հայրենակիցներին: Սրանք պարզապես լավ խոսքեր չեն, սրանք խորը գնահատանքի խոսքեր են: Իհարկե, մենք մեծապես գնահատում ենք նաև այն, ինչ արել է Ձեր հայրը: Այն ժամանակ, երբ դուք այցելել էիք Հայաստան, դա երկրաշարժին հաջորդող ժամանակահատվածն էր, երկիրն անկախանալու շեմին էր: Սակայն դա նաև մի շրջան էր, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որը դարձավ շարժում հանուն երկրի անկախության»: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին նշել է. «Ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Հաճելի է խոսել Կանադայի ու Հայաստանի միջև բարեկամության մասին, որն ունի լավ պատմություն, սակայն շատ ավելի մեծ ապագայի ներուժ»: Նրա խոսքով՝ այժմ Հայաստանի համար հիանալի քաղաքական ժամանակահատված է, որը տանում է դեպի ավելի իրական, ավելի խորը ժողովրդավարություն, տնտեսական ավելի մեծ հնարավորություններ: Կանադայի վարչապետը բարձր է գնահատել իր երկրի՝ հայկական ծագում ունեցող 60 հազար քաղաքացիների ներդրումը Կանադայի հաջողության պատմության գործում: Այն նաև ողջ աշխարհից մարդկանց ընդունելու դրական պատմության փայլուն օրինակ է, ինչը դրսևորվել է նաև մեր օրերում, երբ իր երկիրն ընդունել է սիրիացի փախստականների: Կանադայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Կանադան կկարողանան միասին ավելի ամուր ապագա կառուցել՝ նշելով, որ հայերը յուրահատուկ ժողովուրդ են, և աշխարհի որ անկյունում էլ լինեն, պահպանում են իրենց ազգային ինքնությունը, լեզուն ու մշակույթը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին