▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոնց որ դու նենց թազա տղա ես, հա՞». թեժ բանավեճ Հանրայինի եթերում

Մայիսի 17-ի երեկոյան թեժ բանավեճ է տեղի ունեցել Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերի վերաբերյալ:

ԱԺ ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի կարծիքով Քոչարյանի գործով ընթացող դատավարությունը այնքան էլ մեծ նշանակություն չունի. «Կարծում եմ, այն ինչ տեղի է ունենում արդար է և պետք է այն դիտարկել բացառապես իրավական շրջանակներում»,- նշել է նա:

 

 

 

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն էլ, շարունակելով թեման, նշել է, որ ցանկանում է լավատես լինել, որ այս գործով հնարավոր կլինի քաղաքական դաշտից տեղափոխվել իրավական դաշտ. «Կարծում եմ, որ այդպես Հայաստանի ինքնիշխանությունը կամրակայվի: Համաձայն եմ, որ սա փորձություն է, այսինքն՝ առաջին անգամ Հայաստանում իրավական հարթության վրա փորձ է արվում պատասխանատվության կանչել այն անձանց, որոնք ենթադրաբար մեղավոր են Մարտի 1-ի գործով»,- նշել է նա:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն էլ այն կարծիքին է, որ այս գործը Հայաստանի ինքնիշխանության փորձությունն է. «Հասարակությունը և մենք՝ բոլորս շատ երկար ենք սպասել այս օրվան: Այս անցած տասը տարիների ընթացքում որևէ մեկը, որևէ ձևով չի մոռացել տեղի ունեցածը»,- եթերի ժամանակ ընդգծել է Սաֆարյանը:

Ի հակադրություն մյուս երեք բանախոսների՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այն կարծիքին է, որ ընթացող դատավարությունը միտված չէ ճշմարտությունը բացահայտելուն. «Եթե կատարվի ինչ-որ մեկի պատվերը և մեղավոր նշանակվի, դա կնշանակի, որ դատարանը արդեն անկախ ու արդա՞ր է: Ի՞նչ է, ոչ մեկս չե՞նք լսել այդ հեռախոսազանգերի գաղտնալսումները»,- ընդգծել է Իսագուլյանը:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով նիստի ժամանակ դատարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին՝ Իսագուլյանը մատնանշել է անչափահասների ներկայությունը ակցիային՝ ընդգծելով, որ նրանք, բնականաբար, ինքնակամ չեն եկել:

Եթերի ընթացքում թեժ բանավեճ ծավալվեց Իսագուլյանի և Սաֆարյանի միջև, երբ վերջինս ընգծեց, որ արդարադատությունը հանցագործի և զոհի մասին է: Նրան ընհատելով՝ Իսագուլյանը ասել է. «Ստյոպա, հացագործը դու ես: Դու իրավունք չունես որևէ մեկին հանցագործ անվանելու»: Սաֆարյանն էլ, իր հերթին դիմելով Իսագուլյանին, ասել է. «Եթե ես անցնեմ վիրավորանքներին և Ձեզ զրպարտելուն, ապա ավելի դաժան բառեր կօգտագործեմ, բայց Ձեր մակարդակին չեմ իջնի»:

 

 

 

Իսագուլյանը, անդրադառնալով Բաբաջանյանի ելույթին Քոչարյանի՝ 1998-ից սկսած գործառույթների վերաբերյալ, նշեց, որ այդ ժամանակ Քոչարյանը Արցախում է եղել: Նրան հակադարձելով՝ Արման Բաբաջանյանն ասել է. «Այսինքն 1998 թվականի օգոստոսի 6-ին Քոչարյանը Հայաստանում չէ՞ր, 1998 թվականի դեկտեմբերի 10-ին Խորխոռունու սպանությանը Քոչարյանը Հայաստանում չէ՞ր, Արծրուն Մարգարյանի սպանությանը, Հոկտեմբերի 27-ին, Մարտի 1-ին...»:

Բանավեճի ընթացքում Ստյոպա Սաֆարյանը, դիմելով Իսագուլյանին, նշեց, թե վերջինս հին համակարգից է, ինչին ի պատասխան Գառնիկ Իսագուլյանը հարցրել է. «Ոնց որ դու նենց թազա տղա ես, հա՞»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին