▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չկա մշակութային քաղաքականություն, կա անզուսպ ախորժակով վայրենի կապիտալիզմ. Արեգ Նազարյան

Այժմ Բելգիայում բնակվող երաժիշտ, հեղինակ կատարող  Արեգ Նազարյանը սիրված ու ճանաչված է հատկապես հեղինակային երգերի սիրահարների կողմից: Թեպետ նրա հեղինակած երգերը մեկ անգամ լսելուց հետո անհնար է չսիրել, չխորհել… ստեղծագործություններ, որոնք «ստիպում» են մտածել ու շատ երևույթների նայել հեղինակի դիտակետից, լցվել նրա լավատեսությամբ:

Արեգ Նազարյանը երկու ձայնասկավառակների հեղինակ է` «Երբ ծաղկում են ծառերը», որը թողարկվել է 2001-ին և  «Ночные размышления»՝ 2011-ին:  Այլ հեղինակ կատարողների հետ համատեղ ունի ևս 2 ձայանասկավառակ` «Զրույց»  և  «Հեղինակային երգի հավաքածու 2»:

Այժմ ձայնագրվում է  նոր ձայնասկավառակը,  որի աշխատանքային անվանումն է «Այս երկիրը»`ըստ համանուն երգի վերնագրի:  Սկավառակում տեղ կգտնեն հիմնականում նոր և մի քանի արդեն ծանոթ կատարումներ:  

Ստեղծագործությունների, Բելիգիա տեղափոխվելու շարժառիթների,  մշակութային քաղաքականության կամ դրա բացակայության և այլ թեմաների շուրջ է ASEKOSE.am-ի թղթակցի զրույցը Արեգ Նազարյանի հետ:

– «Օտար երկնում աստղերը անծանոթ են»… երբևէ օտարությունը կաշկանդե՞լ է, «կաղապարե՞լ» է Ձեր ստեղծագործական թռիչքը կամ երբևէ ստիպե՞լ է միայնակ զգալ…

– Ոչ, երբեք ոչինչ չի կաշկանդել, չի խանգարել, որ գրեմ: Սակայն, օտարությունը կարող է վերացական լինել: Մարդ կարող է օտար լինել յուրայինների մեջ, ինքն իր հետ անգամ: Իմ պարագայում՝ գրելիս ես միշտ բավականին ազատ եմ զգացել:

– Ինչու՞տեղափոխվեցիք Բելգիա:

–Անձնական պատճառներով: Ո՛չ տնտեսական և ո՛չ քաղաքական: Համենայնդեպս, այդ երկրից երբևէ ոչինչ չեմ խնդրել, և ստացածս իմ աշխատանքի արդյունքն է եղել: Ես հիմա գտնվում եմ այնտեղ, որտեղ պիտի գտնվեմ, այսինքն`երեխաներիս կողքին, և քանի դեռ նրանք իմ ներկայության կարիքն ունեն, վերադառնալ չեմ կարող: Բայց հետագայում…

-Ձեր գնահատմամբ՝ մեր պետության վերաբերմունքն ու հոգածությունը արվեստագետի ու առհասարակ ոլորտի նկատմամբ բավարա՞ր է:

– Գուցե ինչ-որ բաներից տեղյակ չեմ, բայց ես պետության կողմից ոչ մի իրական հոգածություն արվեստի նկատմամբ չեմ տեսնում: Ավելին չեմ կարող ասել:

– Մեր օրերում ո՞րն է ճշմարիտ արվեստագետի կոչումն ու առաքելությունը:

– Դժվար հարց եք տալիս: Ես ինձ արվեստագետ չեմ համարում: Եվ դա շինծու համեստություն չէ: Ես բանաստեղծ չեմ, երաժիշտ չեմ, երգիչ չեմ: Պարզապես գրում եմ հանգավորված և ռիթմավորված տեքստեր, որոնք ներկայացնում եմ կիթառի օգնությամբ: Մի օր պարզվեց, որ մարդկանց դուր է գալիս, ես էլ շարունակեցի, քանի որ շփումը ունկնդրի հետ ինձ համար շատ հաճելի է: Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ համար կարևոր արվեստագետների մոտ (որոնց շարքին, կրկնում եմ, ինձ չեմ դասում) :

Իսկական արվեստը ասեղնաբուժության պես մի բան է: Ինչպես և ասեղնաբուժությունն է ազդում մարդու օրգանիզմի վրա՝ լինի դա սևամորթի, սպիտակամորթի, քրիստոնյայի, մահմեդականի, մուրացկանի, թե մեծահարուստի օրգանիզմ, այնպես էլ իրական արվեստը պիտի ազդի ցանկացած մարդու հոգու զգայուն կետերի վրա: Չեմ կարող համաձայնել նրանց հետ, ովքեր արվեստը դնում են էլիտար շրջանակների մեջ: Այդպիսի շրջանակներով փակվածը վերապահվում է մարդկանց համար, ովքեր միշտ չէ, որ զգում են արվեստը, և հաճախ անհասանելի է արվեստը իսկապես գնահատողների համար:

Մյուս կողմից, արվեստը հասանելի դարձնելու համար ոչ թե պետք է այն «պարզեցնել» (և փաստորեն այլայլել դրանով), այլ օգնել հանդիսատեսին, ունկնդրին, ընթերցողին`բացահայտել իր՝  արվեստի նկատմամբ զգայունությունն և իրական ընկալումը: Դա է երևի արվեստագետի կարևորագույն դերերից մեկը:

– Ո՞րն է մեր երկրում իրականացվող մշակութային քաղաքականության հիմնական թերացումը:

– Մի բան, որը գոյություն չունի, չի կարող նաև թերացում ունենալ: Երբ երկրի ամենամեծ բեմերը խորհրդանշական պահերին տրամադրվում են կիսառաբիս երգիչ-երգչուհիներին, իսկ Լիլիթ Պիպոյանի պես հիրավի ազգային արժեք ներկայացնող արվեստագետն իր հսկայական ազգագրական աշխատանքի արդյունքները ներկայացնում է նկուղային ակումբի պայմաններում, էլ ի՞նչ մշակութային քաղաքականության մասին է խոսքը: Երբ ճարտարապետական հուշարձանները ավիրվում ու վերածվում են առևտրի կենտրոնների, էլ ի՞նչ մշակութային քաղաքականության մասին է խոսքը:

Մշակութային քաղաքականություն չկա, կա վատորակ շոու-բիզնես և անզուսպ ախորժակով վայրենի կապիտալիզմ: Օրինակները շատ-շատ են, և ես համոզված եմ, որ որպես հայաստանաբնակ, դուք շատ ավելին եք տեսնում, քան ես:

-Մեր օրերում ցավալիորեն օրինաչափ է դարձել ազգային իրական արժեքների հետ մղումն ու օտար արժեքների մատուցումը: Ինչո՞վ է դա պայմանավորված՝ ըստ Ձեզ և ինչի՞ կարող է հանգեցնել:

– Արժեքը, եթե դա իսկական, խորը արժեք է, համամարդկային է և փաստորեն օտար լինել չի կարող: Բրյուսելում կա մի կամերային երաժշտության խումբ, որը կոչվում է «Արաքս»: Խմբի անդամները, բացի գեղարվեստական ղեկավարից, որը նաև խմբի կիթառահարն է, և դուդուկահարից, ազգությամբ հայ չեն: Նրանք մատուցում են Կոմիտասի և Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, որոնք շատ բարձր են գնահատվում բելգիացիների կողմից: «Արաքս»-ի առաջին սկավառակը ինձ նվիրել է մի ռուանդացի կին, որը իսկական հայկական երաժշտության մեծ սիրահար էր: Հիմա ասացեք խնդրեմ, դա ազգայի՞ն, թե՞համամարդկային արժեք է: Ես հակված եմ մտածել, որ այնուամենայնիվ համամարդկային է:

Ուրիշ բան, որ ստեղծագործելիս մարդ պիտի ամուր հենված լինի իր մշակույթին: Կարող ես գրել ճապոնական հայկու կամ ռոք-օպերա, եթե արմատներդ ամուր են, գործդ իրենից արժեք կներկայացնի: Ես չեմ կարծում, որ մեր մշակույթը ավել կամ պակաս է, օրինակ, ճապոնականից կամ ֆրանսիականից: Ուղղակի դա իմն է, և եթե ես դրանից պոկվեմ, անգամ իմ հայերեն լեզվով գրված տեքստերը կդառնան թեփ: Նույն թեփից, որը այսօր մատուցվում է զանգվածաբար և որին դուք օտար արժեք եք անվանում: Քանի որ անգամ հենց օտար երկրներում դրանք իրենցից արժեք չեն ներկայացնում:

Արմատները մոռանալը կարող է հանգեցնել նրան, որ մի օր չենք կարողանա այլևս ապացուցել, որ մենք հայ ենք, և սա Հայաստան է: Երբ որ տեսնում ես բրիտանական թանգարանում ցուցադրված Անահիտ աստվածուհու արձանի գլուխը և տակը կարդում. «Դիանա աստվածուհի. Թուրքիա», այդ վտանգը դառնում է բավական շոշափելի:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը անհանգստացնում:

Հայաստանում տիրող կոռուպցիան և անարդարությունները տարբեր ոլորտներում՝սոցիալական, վարչական, դատաիրավական, բանակային և այլն: Ես կարող եմ թույլ տալ ինձ նման պնդում, քանի որ հաճախ եմ լինում Հայաստանում, իսկ իմ բացակայության ժամանակ էլ ոչ միայն իրազեկ եմ լինում տարբեր տեղեկատվական աղբյուներից, այլ նաև միշտ կապի մեջ եմ իրավիճակից քաջատեղյակ մարդկանց հետ: Վերջերս Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ տեղի ունեցած երթը ցույց տվեց, որ այդ իրավիճակն անտանելի է դառնում բոլորի համար, բացի, իհարկե, նրանցից, ում ձեռնատու է:

– Ձեր ստեղծագործություններն ավելի շատ դրական երևութների մասին են: Ինչո՞վ կբացատրեք:

– Այն փաստով, որ նորերը դեռ չեք լսել (ժպտում է): Համացանցում առկա տեսա- և ձայնագրությունները 12-15 տարի առաջ գրված երգերեն: Դրանով է պայմանավորված դրանց քնարական լինելը։ Բնականաբար, մարդիկ փոխվում են, և ես էլ բացառություն չեմ: Նոր երգերի մեջ կան ուրիշ, ավելի պինդ թեմաներ: Բայց չեմ սիրում երգերս մեկնաբանել, նախընտրում եմ, որ ունկնդիրն ինքն անի դա, այնպես, ինչպես ինքը կընկալի:

–Քաղաքական երգերի բացակայությունը Ձեր երգացանկում ինչո՞վ է պայմանավորված:

– Քաղաքական երգեր չեմ կարողանում գրել: Չի ստացվում: Քաղաքացիական երգեր կան վերջին շրջանի երգերի մեջ: Բայց երևույթներ կան, որոնց մասին երգել չեմ էլ ցանկանում: Դրանց մասին խոսել է պետք, և բարձր տոներով: Իսկ դա ես կանեմ ոչ թե հեռվից հեռու, այլ Հայաստանում, որ ոչ ոքի մտքով չանցնի ինձ ասել. «Ձայնդ տաք տեղից է գալիս»:

–Հաճախ եք լինում Հայաստանում ու հանդես եք գալիս նաև կատարումներով: Այսօր Հայաստանում հեղինակային երգի նկատմամբ կա՞ հետաքրքրություն:

– Միանշանակ այո: Ակումբային շարժման հաջողությունը հենց դա է ցույց տալիս: Եվ ուրախալի է, որ այդ երգաոճը սիրված է ոչ միայն մեր կամ մեզանից բարձր սերնդի ներկայացուցիչների կողմից, այլ նաև այսօրվա ուսանողության: Հեղինակային երգը միշտ ըմբոստ է եղել, երևի դրա համար է, որ այն հիմնականում ակումբային վիճակներում է մատուցվում: Այդ կայծը, որ փորձում են փոխանցել հեղինակային երգիչները, այսօր մեր երիտասարդ ունկնդիրները մեզ ետ են վերադարձնում, երբեմն` է՛լ ավելի վառ ու եռանդունդ դրսևորումներով: Երիտասարդներ ունենք՝աշխարհը չունի:  (Ժպտում է)

–Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունեք…երբ սպասենք նոր երգերի և ձայնասկավառակի:

– Այս պահին ձայնագրվում է նոր սկավառակ, որի աշխատանքային անվանումն է «Այս երկիրը»`ըստ համանուն երգի վերնագրի: Գործիքները ձայնագրվում են Երևանում, և իմ մոտակա երկու այցելությունների ընթացքում նախատեսվում է ձայնագրել վոկալային մասը: Սկավառակում տեղ կգտնեն մի քանի հին և հիմնականում նոր երգեր, որոնք կառաջարկվեն նոր գործիքավորման լուծումներով: Ուրախացնեմ նաև իմ շատ սիրելի ընկեր և հիանալի երգահան Արմինե Հայրապետյանի երկրպագուներին. երգերից մի քանիսը մենք կներկայացնենք երկուսով: Հուսով եմ՝ սկավառակը պատրաստ կլինի ապրիլ, մայիս ամիսներին: 

 Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին