▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկյան հայազգի կոնգրեսականի բացառիկ հարցազրույցը

Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրի հարցազրույցը «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը

Կոնգրեսական, կարո՞ղ եմ ձեզ Կանչելյան-Սպիր դիմել:

Այո՛, խնդրում եմ հենց այդպես էլ դիմեք:

Կոնգրեսական Կանչելյան-Սպիր, դուք  ԱՄՆ-ի Կոնգրեսի այն եզակի անդամներից եք, ով ունի հայկական ծագում: Այդ փաստը դնո՞ւմ է ձեզ վրա որեւէ հավելյալ պատասխանատվություն։

Մայրս ազգությամբ հայ էր, նա կյանքից հեռացավ 94 տարեկանում, սակայն դեռ վաղ տարիներից նա ինձ պատմում էր Հայոց ցեղասպանության մասին  եւ ամբողջ կյանքիս ընթացքում իմ նախնիներից փոխանցված այս հիշողությունը հետեւել է ինձ։ Ցավով եմ նշում՝ մեր երկիրը դեռ չի ճանաչել 20-րդ դարի այս առաջին ցեղասպանությունը։ Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը  կարեւորագույն մի խնդիր է, որին հետամուտ լինելը իմ պարտքն է մորս առջեւ։

ԱՄՆ-ի նախագահական պատվիրակության կազմում Հայոց ցեղասպանության 100-րդ տարեդարձի միջոցառումներին դուք Հայաստանում էիք: Տպավորություններն ինչպիսի՞ն էին այդ այցից:

Իմ հարգարժան գործընկեր, ամերիկահայ մեկ այլ կոնգրեսական Աննա Էշուի հետ ես նախագահական պատվիրակության կազմում Միացյալ Նահանգներ էի ներկայացնում Հայաստանում: Հայոց ցեղասպանության խնդիրը դա մի հարց է, որին մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում եւ ես ինձ խորապես վիրավորված եմ զգում, որ իմ երկիրը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, թե՛ ամերիկահայ համայնքի եւ թե՛ իր  իսկ արժեքներին չդավաճանելու համար։

Դուք նաեւ հատուկ նամակ եք պատրաստել եւ լուրջ աշխատանք եք կատարում Թուրքիայի տարածքում հայկական ժառանգության, հայկական եկեղեցիների պահպանման համար: Այդ հարցում դեռ վտանգներն առկա՞ են:

Թե՛ Թուրքիայի տարածքում եւ թե՛ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ժառանգությունը լուրջ վտանգի տակ է, մենք չենք կարող չբարձրաձայնել այս խնդիրը։

Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության վերաբերյալ. մարդասիրական օգնություն տրամադրելու փոխարեն ժամանակը չէ՞, որ Միացյալ Նահանգներն օգնի Հայաստանին զարգանալ տնտեսապես:

Երկուսն էլ պետք է շարունակվի: Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը վերջին 5 տարիների ընթացքում կիսով չափ կրճատվել է, 44 միլիոն դոլարից հասնելով 20 միլիոնի։ Այսպիսով հայաստանին հատկացվող օգնությունը կրճատվել է, իսկ այլ երկրներին հատկացվող օգնությունը մեծապես աճել է: Կարծում եմ, Հայաստանին հատկացվող օգնությունը կարեւոր է. Հայաստանը շրջափակման մեջ է, մենք հասկանում ենք, որ Հայաստանն ամուր հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, սակայն Միացյալ Նահանգները եւս պետք է սերտ հարաբերություններ պահպանի Հայաստանի հետ։

Ինչպիսի՞ն եք տեսնում հայ-ամերիկյան հարաբերությունների ապագան եւ դրա խորացման ի՞նչ նոր հնարավորություններ կան:

Կարծում եմ, ամերիկահայ համայնքը կարեւոր դեր ունի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրացման մեջ եւ Հայաստանից դուրս բնակվող հսկայական հայ համայնքը իրոք պատրաստ է օգնել Հայաստանին: Այս օգնությունը պետք է արտացոլվի նաեւ մեր օրենսդրական  գործունեության մեջ։ Կարծում եմ, Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ թե՛ ԱՄՆ-Ռուսաստան եւ թե՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների մեջ։ Միացյալ Նահանգները ռազմակայան ունի Թուրքիայում եւ անշուշտ չի ցանկանում որեւէ կերպ վատացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն կարծում եմ, որ Ցեղասպանության ճանաչման միջոցով ԱՄՆ-ը պետք է առաջին հերթին պաշտպանի իր մարդասիրական սկզբունքները։ Միայն այդպես հնարավոր կլինի նպաստել նաեւ հայ թուրքական հարաբերությունների զարգացմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее