▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկառավարելի քաոսի հետ գործ ունենք.Արամ Մանուկյան

Վիեննայում Իրանի ու վեց տերությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: Շատերը սա դարի «պատմական» գործարք են համարում: ԱՄՆ-ի օրենսդիր մարմինն այժմ ունի գործարքը քննարկելու ու դրա շուրջ քվեարկություն անցկացնելու համար 6Օ օր ժամանակ: Մինչ այդ՝ իրանագետ Արամ Մանուկյանից փորձեցինք պարզել, թե իրականում ի՞նչ գործարք է սա, ի՞նչ է փոխվելու տարածաշրջանում, ի՞նչ է շահում Հայաստանը:

 Սա իսկապե՞ս դարի «պատմական» գործարքն է:

-Թեև վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարելի է պատմական համարել, այդուհանդերձ, սա ընդամենը հարաբերությունների հնարավոր բարելավման գործընթացի սկիզբ կարելի է համարել: Բնականաբար, Իրանի միջուկային ծրագիրը վերջին շրջանում միջազգային ասպարեզում առկա բարդագույն խնդիրներից մեկն է, և անգամ, փխրուն ու դեռևս փորձաշրջանի ահրաժեշտություն ունեցող այս համաձայնությունը, որ բարդ բանակցություններից հետո հնարավոր եղավ ձեռք բերել, կարելի է որակել որպես դրական առաջընթաց: Այդուհանդերձ, որոշ կետեր, որոնք ներառվել են Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի մեջ` մանևրելու և անհրաժեշտության դեպքում հետ կանգնելու հնարավորություն են ընձեռում Արևմուտքին, ուստի միայն հետագայում, երբ համաձայնագրում ներառված կետերն իսկապես իրականություն դառնան` հնարավոր կլինի վստահաբար խոսել այս փաստի պատմական լինել-չլինելու շուրջ:

 Ի՞նչ է շահում Իրանը և ինչ՝ Արևմուտքը:

-Ընդհանուր առմամբ,  կարելի է ասել, որ այս համաձայնությունը շահեկան էր բանակցային գործընթացում ներառված բոլոր կողմերի համար: ԱՄՆ-ն մի շարք պատճառներ ուներ նման քայլի դիմելու համար: Այս ճանապարհով նրանք հնարավորություն են ընձեռում Իրանի էներգակիրներին մուտք գործելու շուկա, ինչով կարելի է ազդեցություն գործել նավթի գների վրա, բացի այդ՝  Եմենում առկա քաղաքական անկայունությունը, ըստ էության,  մեծացնում է Իրանի դերը տարածաշրջանում էներգակիրների արտահանումը ապահովելու տեսանկյունից: Մյուս կողմից, հաշվի առնելով Իսլամական պետության թափը Մերձավոր արևելքում, որի դեմ պայքարում Իրանը կարող է ահռելի ազդեցություն ունենալ, բնականաբար այս երկրի հետագա թուլացումը նպատահարմար չէր լինի: Ներկայումս բավականին մոդայիկ է դարձել պնդելը, թե Մերձավոր Արևելքում իրականացվում է կառավարելի քաոսի քաղաքականությունը, բայց հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում տեղ գտած զարգացումները թույլ են տալիս ենթադրել, որ այստեղ մենք գործ ունենք անկառավարելի քաոսի հետ:

Մյուս կողմից, սա էլ որպես լրացուցիչ գործոն, դեմոկրատները կփորձեն ձեռք բերված համաձայնությունը ներկայացնել որպես Օբամայի վարչակարգի դիվանագիտական մեծ հաջողություն, ինչը կարող է դրականորեն անդրադառնալ եկող տարվա ընտրություններին ընդառաջ: Եվրոպական երկրների շահագրգռվածություն ևս զգալի է, քանի որ Իրանը կարող է ոչ մոտ ապագայում, բայց, այդուհանդերձ,  էներգակիրների մատակարար դառնալ Եվրոպայի համար, ինչը հնարավորություն կստեղծի  թուլացնել այդ ոլորտում առկա կախումը Ռուսաստանից, ում հետ թե՛ ԱՄՆ-ի և թե՛  Եվրամիության հարաբերությունները բավականին լարված են վերջին շրջանում:

Ամեն դեպքում առավել մեծ հաջողություն սա կարելի է համարել հենց Իրանի Իսլամական Հանրապետության համար, որը հնարավորություն կստանա շունչ քաշել տևական ժամանակ շարունակվող սանկցիաներից: Սա հնարավորություն է՝ կարգավորելու ոչ այնքան լավ ժամանակներ ապրող իրանական տնտեսությունը: Թեև դա անմիջապես նկատելի չի դառնա, սակայն համաձայնագրում առկա կետերը կյանքի կոչելուց հետո մեկ տարվա ընթացքում Իրանի հասարակությունը զգալի դրական առաջընթաց կզգա: Մասավորապես սանկցիաների թուլացումը, որը նախատեսված է փուլային տարբերակով, ենթադրում է էմբարգոների դադարեցում, սառեցված հաշիվների բացում, սվիֆթ համակարգի վերականգնում և այլն: Իրանին ճկուն դիվանագիտության շնորհիվ հաջողվեց սեփական արժանապատվությունը պահպանելով և ընդունելի զիջումներ կատարելով  իր համար շահեկան համաձայնություն ձեռք բերել:

Չնայած բազում դրական կարծիքներին՝ բացասականն էլ կա, օրինակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս գործարքն անվանել է պատմական սխալ ու հայտարարել, որ պատժամիջոցների մեղմացման արդյունքում Իրանը կստանա այժմ սառեցված միլիարդավոր դոլարներ ու դրանք կկիրառի «իր ահաբեկչական մեքենայում»և Մերձավոր Արևելքում իր ագրեսիան իրականացնելու համար: Իրականում, որո՞նք են այս գործարքի վտանգները: 

-Իսրայելի արձագանքը կանխատեսելի էր: Հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև առկա թշնամանքը, իսրայելական կողմի համար որևէ զիջում, որ արվում է Իրանին, համարվում է սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Իսկ, ընդհանուր առմամբ, այս համաձայնագրում վտանգներ փնտրել, կարծում եմ, հարկ չէ: Ավելին, հատկապես հաշվի առնելով Իրանի կողմից տրվող աջակցությունը Իսլամական պետության և տարածաշրջանում գործող որոշ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ վարվող պայքարում, Իրանում քաղաքական կայունությունը բարենպաստ պայմաններ կարող է ստեղծել ահաբեկչության դեմ միջազգային պայքարի կազմակերպման գործընթացում ընդհանուր առմամբ: 

 Ի՞նչ է սպասվում տարածաշրջանում: Կարո՞ղ ենք ասել, որ Հարավային Կովկասում Իրանի դերակատարության բարձրացմամբ հետին պլան կմղվի Թուրքիան:

-Տարածաշրջանային անվտանգության և ուժերի հակակշիռ ապահովելու տեսանկյունից Իրանում կայունությունը կմեծացնի այս երկրի դերակատարումը Հարավային Կովասում, ինչը հակակշիռ կդառնա տարածաշրջանում գերակա դիրքի ձգտող Թուրքիային: Այս գործընթացի արդյունքում Իրանի դերը զգալիորեն կմեծանա նաև մերձավորարևելյան տարածաշրջանում և ստանալով տնտեսությունը վերականգնելու հնարավորություն՝ Իսլամական հանրապետությունը  կարող է ավելի ակտիվ ներգրավվել տարածաշրջանային զարգացումներին` մրցակցության մեջ մտնելով և ինչ-որ չափով թուլացնելով Թուրքիայի դիրքերը:

Պայմանագրով Իրանը հնարավորություն է ստանալու զենք տրամադրել տարածաշրջանի իր դաշնակիցներին: Տարածաշրջանի ո՞ր երկրներն են դաշնակից համարվում և արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանը կարողանա ռազմական տեխնիկա գնել Իրանից, ոչ թե Ռուսաստանց:

-Դա առաջին հերթին վերաբերվում է Սիրիային, որը համարվում Իրանի թիվ մեկ դաշնակիցը տարածաշրջանում: Հաշվի առնելով վերջին տարիներին այդ երկրում ստեղծված բարդ իրավիճակը` Իրանի կողմից օգնության և առաջին հերթին ռազմական օգնության դերակատարումը խիստ կարևոր է Սիրիայի համար: Սա դրական է նաև Հայաստանի համար, քանի որ Սիրիայի և ՀՀ հարաբերությունները ևս բավականին սերտ են: Ինչ վերաբերվում է ռազմական տեխնիկա ձեռք բերելուն, թեև ինքս ռազմական փորձագետ չեմ և չեմ կարող վստահաբար պնդել, բայց չեմ կարծում թե ներկայումս Հայաստան կարող է ավելի շահեկան պայմաններով ռազմական տեխնիկա ձեռք բերել Իրանից, ուստի այդ կետը ամենայն հավանականությամբ մեզ համար արդիական չի լինի: 

Խոսենք նաև Իրան-Հայաստան ծրագրերի մասին. շատերը առաջնային են համարում երկաթգծի կառուցումն  ու էժան գազի ներկրումը:  Կիրականանա՞ն արդյոք սրանք և արդյո՞ք 2 դեպքում էլ Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ խնդիրներ չե՞ն առաջանա: Ռուսաստանը չի՞ փորձի խանգարել:

-Իհարկե, չարժե ժամանակից առաջ անցնելով նման սպասելիքներ ունենալ, քանի որ Վիեննայում ձեռք բերված համաձայնությունը դեռևս շատ երերուն է, բացի այդ՝ պետք է անցնի որոշակի ընթացակարգերով, նախքան լիովին ուժի մեջ մտնելը: Երկաթգծի խնդրի լուծումը կարելի է բավականին իրատեսական համարել, դա բխում է երկկողմ շահերից, ինչպես նաև, կարծում եմ՝ Ռուսաստանի շահերից և սանկցիաների ռեժիմի վերացումից հետո կարող է զգալիորեն նշված երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Գազի հետ կապված խնդիրները բացառել չենք կարող, քանի որ այդ ոլորտում Իրանն ու Ռուսաստանը այդ ոլորտում ինչ-որ չափով մրցակիցներ են:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее