▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս մեկը չեն մարսելու.Վարչապետի որոշումը զայրացրել է լեզվաբաններին

Կառավարությունը որոշել է  3 ամսում լուծարել Կրթության տեսչությունը, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին:

Կրթության տեսչության փոխարեն խորհուրդը քննարկել և հավանություն է տվել Կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ:

Սակայն, եթե Կրթության պետական տեսչության փոխարեն առաջարկվում է ստեղծել կրթության տեսչական մարմին, Լեզվի պետական տեսչության փոխարեն ոչինչ չի նախատեսվում:

«Եթե անկեղծ լինենք, ապա Լեզվի պետական տեսչությունը աշխատանքային սխրանքներով չէր փայլում, դարձել էր ինչ-որ կասկածելի մարմին, բայց այս քայլով հոնքը ուղղելու փոխարեն աչքն ենք հանում: Կարծում եմ, որ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը: Այնտեղ շատ պարզ գրված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Թերություններն ու լեզվի դեմ ոտնձգություններն էլ, իհարկե, Լեզվի պետական տեսչությունը պետք է բացահայտի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Շարունակելով վերջինին՝ գրող, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը նկատեց.

«Մեր նորանկախ պետության սկզբնական շրջանում գործուն մարմին էր, ուներ լիազորություններ, սակայն 1998 թվականին կարգավիճակն իջեցվեց, դարձավ տեսչություն ու ծիծաղելի մի համակարգ: Գործարարը խանութին փակցնում է 1 միլիոն դրամի անգլերեն տառերով ցուցանակ, իսկ Լեզվի տեսչությունը նրան 20.000 դրամով է տուգանում: Կարծում եմ, որ պետության կողմից պարտադրված այդ խաղը հատուկ մտածված քաղաքականություն էր: Ուստի, վարչապետին կառաջարկեի ոչ թե փակել տեսչությունը, այլ լիազորություններ տա, որպեսզի իմ երկրում անգլերեն խոշոր տառերով ցուցանակի ներքևի մասում շատ փոքր տառերով հայերենը չլինի: Թող մտքերով չանցնի, որ այս մեկ բանը կարող են մարսել: Երկրի պաշտպանության, անվտանգության միջոցներից մեկը լեզուն է: Առանց այն էլ ԱԺ-ում մեր լեզուն վաղուց վերածվել է ինչ-որ մի կենդանական բարբաջանքի: Վերջերս «Գրական թերթ»-ին մեկը բանաստեղծություն էր ուղարկել՝ գրելով  «Եթե գայր ու ինձ տայր»: Այսինքն, դպրոցում «տայիր»-ի փոխարեն «տայր» են սովորում: Ու այսքանից հետո, եթե Լեզվի տեսչությունն են լուծարում, թող միանգամից նստեն ու ասեն՝ մեր լեզուն ու դպրոցն իրենց համար ի՞նչ են»:

Բանախոսները հայտնեցին, որ Հայոց լեզվի պատմության ամբիոնը պատրաստվում է դիմել  Կառավարությանը, սակայն մեկ բայց կա.

«Պետք է ասեմ, որ եթե հանրային կարծիքով ամրակայված չեն այդ նախաձեռնությունները, մնում են գզրոցներում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее