▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դե եկե՛ք, ժողովրդին համոզեք.Կառավարման փորձագետը՝ բանակի համար պահանջվող 1000 դրամների, ապօրինի հարստացողների մասին

«Ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված, եթե այս կամ այն ոլորտը կամ ամբողջ ծրագիրը տապալվի: Պատասխանատուների անունները պետք է նշվեն»,-խոսելով Կառավարության ծրագրի մասին՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքով՝ զգացվում է, որ Կառավարության ծրագիրն ունի իր դրական մասը: Նշված է, որ բանակի բեռը միայն պետությունը պետք է ստիպված չքաշի: Այն պետք է լինի համակարգաստեղծ մի երևույթ, որն առաջ կտանի բանակաշինության հետ կապված մնացած ոլորտները.

«Գաղափարը շատ արժեքավոր է, բայց մենք միայն բանակը չպետք է վերցնենք: Ծրագրում գրված էր նաև, որ ապօրինի հարստացողները քրեական պատիժ կկրեն: Բոլորս ողջունում ենք սա, բայց, եթե նմանները պատասխանատվության չկանչվեն, հավատ չի լինելու: Դե եկե՛ք, սովորական ժողովրդին համոզեք, որ մենք նախկին ապօրինի հարստացողներին չենք բացահայտի, ա՛յ սրանից հետո նոր կբացահայտենք: Ինչպե՞ս հավատանք, ցույց տվեք»,-նշեց կառավարման փորձագետը:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծին, համաձայն որի անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար կվճարի ամսական 1000 դրամ, Հարություն Մեսրոբյանը նկատեց.

«Մի անեկդոտ կա հակասական զգացմունքների մասին. ասում է՝ քո զոքանչը թանկարժեք մեքենայովդ ձորն է գլորվում: Այ, սա էլ հակասական զգացմունք է առաջացնում: Որպես գաղափար լավն է, ո՞վ պատրաստ չէ անգամ 10.000 տալ բանակին: Վերջ ի վերջո այն մեր երեխաների անվտանգությունն է: Սակայն, մենք մեծ փորձ ունենք ամեն ինչը գռեհկացնելու, այ դրանից եմ վախենում:

Իրական անջրպետ է լինելու գաղափարի ու դրա կիրառման միջև: Հասարակությունը ոչ թե դեմ է, ուղղակի, վստահ չէ, որ այդ գումարը նպատակին կծառայի: Սկզբից գոնե նվազագույն վստահություն պետք է լինի: Եթե չկա վստահության պաշար, ոչինչ անել հնարավոր չէ: Եթե չեն ներկայացնում ապօրինի հարստացողներին անուն առ անուն, ապա նրանց չեն հավատալու»:

Հիշեցնենք, որ զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին նախագծի քննարկման համար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում հրավիրվել էր արտահերթ նիստ: Հարցը ներկայացնում էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ում խոսքով՝ սա ոչ թե սոցիալական աջակցության ծրագիր է, այլ՝ պաշտպանության ապահովման քաղաքականություն: Առաջարկի համաձայն, անկախ եկամուտներից, հասարակությունը հատուցման համար կվճարի ամսական 1000 դրամ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն փոխանցել ավելին, նման հնարավորություն ունեն: Հատուցման գումարների վճարումն իրականացնելու, այն կառավարելու համար առաջարկվում է ստեղծել հատուկ կառույց, որը կմիավորի և՛ պետությունից, և՛ հասարակությունից ստացվող դրամական միջոցները:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее