▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին

Եվրամիությանը (ԵՄ) Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակներում Թուրքիայի առաջընթացի վերաբերյալ ԵՄ հանձնաժողովի կողմից կազմվող ամենամյա զեկույցն այս տարի հրապարակվեց 1 ամիս ուշացումով: Թուրքական ընդդիմադիր «Taraf» պարբերականի տեղեկացմամբ՝ զեկույցում խստորեն քննադատվել են Թուրքիայում մարդու հիմնարար իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների ոտնահարումն ու մամուլի և դատական համակարգի անազատությունը:

Նախորդ 17 զեկույցների համեմատ հատկապես ընդարձակ և քննադատական բաժին է հատկացվել Թուրքիայում մամուլի ազատության խնդրին: Հայտնի թուրք հրապարակախոս, «Taraf»-ի սյունակագիր Ջենգիզ Աքթարը ԵՄ զեկույցը համարել է «թույլ և սխալ»: Հրապարակախոսը նշել է, որ նախորդ բոլոր զեկույցներն էլ ճշտորեն արտացոլել են Թուրքիայում մարդու իրավունքների պատկերը և միշտ բացասական գնահատական են տվել: Իսկ այս տարվա զեկույցը, ըստ Աքթարի, նախորդներից ավելի թույլ է: Բացի այդ, պարբերաբար հետաձգվելու պատճառով զեկույցը այլևս հավատ չի ներշնշում և վստահելի չէ:

«Օրինակ զեկույցի 4-րդ էջում ասվում է, որ քաղաքական հարցերով բարեփոխումների ընթացքը դանդաղել է՝ հաճախակի ընտրությունների պատճառով: Սա նշանակում է. «եթե ընտրություններ են անցկացվում, բարեփոխումներ չեն կարող իրականացվել»: Դա շատ անհեթեթ միտք է և ոչ մի կերպ չի համապատասխանում ԵՄ-ի ավանդույթներին»: «Taraf»-սյունակագիրն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ զեկույցում խոսվում է Թուրքիայում գրանցված «դրական զարգացումների մասին»: Աքթարը հիշեցնում է, որ վերջին երկու տարիներին քրդերի հետ կնքված զինադադարը արդեն խախտված է, ուստի ԵՄ-ն «դրական զարգացում է փնտրել»:

Եվ որպես այդպիսին ներկայացվել է սիրիացի գաղթականների հարցում Թուրքիայի կողմից կիրառվող «բաց սահմանների» քաղաքականությունը: Հրապարակախոսն առաջ է քաշում այն կարծիքը, որ սա ԵՄ-ի կողմից գիտակցաբար կատարված քայլ է, իսկ Թուրքիայի նշյալ «դրական» քայլը որևէ կապ չունի ԵՄ-ին անդամակցության կամ ժողովրդավարության հետ: «Կարող ենք ասել, որ այս զեկույցով ԵՄ-ն քողարկված ձևով վերջ դրեց Թուրքիայի անդամակցության գործընթացին: ԵՄ-ն փակեց Թուրքիայի անդամակցության գործը: Իսկ քանի որ Անկարայի իշխանություններն էլ մեծ ցանկություն չունեին, կարող ենք ասել, որ Թուրքիայի ԵՄ-ական ապագան խավարեց»:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее