▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակահայկական, դավաճանական քայլ.Չեն ֆինանսավորում ու խոչընդոտում են Արցախի Տիգրանակերտի պեղումները

Արցախի այցեքարտը դարձած Տիգրանակերտում այս տարի ևս կընթանան հնագիտական պեղումներ:

ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով՝ Արցախում հնագիտական պեղումները նախ և առաջ նպատակ ունեն վերականգնել հայ ինքնությունն ու պատմականությունը:

«Եթե ամփոփենք վերջին 15 տարվա արդյունքները, ապա կարող ենք ասել, որ փաստացի տվյալներ ունենք հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսերը: Միակ խնդիրը այդ աշխատանքների ծավալն ընդարձակելն ու ֆինանսական հնարավորությունները մեծացնելն  է: Կարևոր է նաև համագործակցություն ստեղծելը: Քաղաքականապես  ճանաչված  չլինելն  ազդում է հետազոտման վրա: Հայաստանյան իշխանություններն ու մտավորականությունը պետք է հասկանան, որ աշխարհն անարդար է, և ստեղծված միջազգային կառույցները, որոնց նպատակը մշակույթը առաջնային համարելն է(այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն), իրենց  գործունեության մեջ  որևէ կերպ առաջնային չեն դարձնում մարդու մշակութային իրավունքը: Արցախը ճանաչված չէ, բայց ժողովուրդը մշակույթի իրավունք ունի: Բյուլբյուօղլին, ով 2005-2006թթ.եղել է Ադրբեջանի մշակույթի նախարարն ու կազմակերպել է Ջուղայի սպանդը, այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախագահի թեկնածու է և կընտրվի, թե չէ, այդ կառույցը փաստորեն նման հնարավորություն է ստեղծել:

Այսօր ՀՀ-ում աշխատող միջազգային հեղինակավոր հնագիտական արշավախմբի ղեկավարները մեկ անգամ չէ, որ ինձ դիմել են՝ ասելով, թե լավ չեմ անում, որ Արցախում եմ աշխատում: Մեր աշխատանքներին մեկ անգամ չէ, որ խանգարել են հայ կոլեգաները՝ ելնելով իրենց անձնական մոտեցումներից:  Օրինակ՝ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը, որը Հայաստանում բրոնզեդարյան մեծ արշավախմբի ղեկավար է, 2 նամակ է ինձ ուղարկել՝ հորդորելով չաշխատել Արցախում, որովհետև դա հակասում է Հաագայի 1994թ.կոնվենցիային: Իսկ երկրորդը հայտնի հնագետ Գրիգոր Արեշյանն է՝ ԱՄՆ-ի քաղաքացի,ով Կալիֆորնիայի համալսարանում հրապարակային ելույթ է ունեցել՝ ասելով, որ համալսարանը չի խրախուսում Տիգրանակերտի հետազոտության աշխատանքները: Իբր թե մենք իրենց թույլատվությունն էինք խնդրում: Ես դա համարում եմ հակահայկական, դավաճանական քայլ: Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՀՀ համապատասխան մարմիններն այդ ամենին ծանոթ լինելով՝ բացարձակ չեն ասում, թե այս ինչո՞վ եք զբաղված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Համլետ Պետրոսյանը՝ հավելելով.

«Մենք պետություն չենք ստեղծել նրա համար, որ ամեն մեկը մտածի իր ընտանիքի մասին: Պետական խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել:

Գիտության պետական կոմիտեն նույնիսկ մերժել է ֆինանսավորել Տիգրանակերտի հետազոտությունները: Ոնց որ 19-րդ դարը լինի, երբ հայ ինտելեկտուալ մարդիկ մտածում էին, թե ազգի խնդիրն իր ուսերին է: Ապրել 21-րդ դարում, ունենալ սեփական պետություն ու հույսը դնել անհատների վրա, ես համարում եմ կործանարար:  3 տարի է՝ մի քանի ոսկոր ենք Մարսել ուղարկել, բայց 2 կոպեկ չենք գտնում, որ անալիզներն անենք: Արցախի իշխանություններն ամեն տարի խնդրի առջև են կանգնում: Տիգրանակերտը 70 հեկտար է, իսկ մենք 12 տարվա պեղումների ընթացքում 3-4 տոկոսն ենք բացել ու այսպես կրիայի քայլերով մինչև ո՞ւր ենք հասնելու: Շատերն ասում են՝ աչքդ լույս, դու քաղաք ես գտել: Ես քաղաք չեմ գտել, դա բոլորինն է: Ե՞րբ ենք սկսելու մեր ունեցածի մասին մտածել»:

Արցախի Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարն ընդգծում է՝ փորձել են հետազոտել հատկապես ազատագրված տարածքները:

«Պեղումները սկսկել ենք Հանդաբերդի վանքից՝ ցույց տալու Քարվաճառի հայկականությունը: Գտել ենք 70-ից ավելի հայերեն արձանագրություններ, 120 խաչքար, այս մասին հրատարակել ենք առանձին գիրք՝ «Հանդաբերդի վանքը և նրա պեղումները»: Անդրադարձել ենք նաև Շուշիի պեղումներին: Հնարավոր եղավ հնագիտորեն ցույց տալ, որ 12-13-րդ դարերում  Հնոտի կիրճով առևտրական ճանապարհ է անցել: Ինչ վերաբրում է Տիգրանակերտին, ապա սկսել ենք դամբարանադաշտի պեղումներից ու միայն անցած տարի պարթևական 4 արծաթյա դրահմաներ ենք գտել: Եթե այսպես շարունակենք՝ շուտով Տիգրան Մեծի դրահմներն ենք ունենալու, և եթե ֆինանսավորումը շատ լինի, հուսով եմ՝ կկարողանանք բացել նրա կառուցած ամրոցի մուտքը, որի մոտ ակնկալում ենք նաև ինչ-որ արձանագրություններ: Ես հիմա մի գիրք եմ կարդում, որը գրել է Փիլոն Բուզանդացին ՝ մ.թ.ա 3-րդ դարոմ, կոչվում է «Ամրաշինություն», որը համարվում է հելլենիստական աշխարհի առաջին դասագիրքը: Բացում ենք գիրքը, համեմատում Տիգրանակերտի պարիսպների կառույցի հետ, և կարծես թե այդ դասագրքով է կառուցվել.զիգզագ պարիսպ՝ ուղղանկյուն աշտարակ, զիգզագ պարիսպ՝ կլոր աշտարակ: Եվ տարածաշրջանում ավելի դասական հուշարձան, որը երևան է բերում այդ ժամանակաշրջանի ճարտարապետական միտքը, ուղղակի չկա»,-նշեց Համլետ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Արցախի Տիգրանակերտում պեղումները սկսվել են դեռևս 2006 թվականին՝ հնագետ Համլետ Պետրոսյանի անձնական նախաձեռնությամբ: 2008 թվականից մինչև այսօր Արցախի նախագահի որոշմամբ Տիգրանակերտը պեղվում է պետական ֆինանսավորմամբ:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее