▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Իրանի նախագահը ուշ եկավ Հայաստան և ինչո՞ւ չայցելեց Ծիծեռնակաբերդ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով 2016թ. դեկտեմբերի 21-ին բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ պաշտոնական այցով Հայաստան էր այցելել Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող քաղաքական, տնտեսական, մշակութային, տարածաշրջանային և միջազգային ոլորտներին վերաբերող հարցերի շուրջ:

Ռոհանիի՝ առաջին անգամ Հայաստան այցը իրանագետ Արտյոմ Տոնոյանը մի քանի առումով է կարևորում.

«Համատեղ հայտարարությամբ ընդգծվեց տնտեսական հարաբերությունների զարգացումը: Խոսվում էր հատկապես Պարսից ծոց, Սև ծով միջանցքի մասին, որտեղ ՀՀ-ն ու Իրանը կարող են դրանք իրար կապող ճանապարհի մի մասը կազմել: Մյուսը քաղաքական գործոնն ու անվտանգության որոշակի խնդիրներն էին: Ռոհանին հստակ ընդգծեց, որ ԼՂՀ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և տարածաշրջանում խաղաղությունը չունի այլընտրանք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց իրանագետը:

Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով էլ՝ Իրանի նախագահի այս այցի մասին շատ է խոսվել նաև տարածաշրջանում, ավելին՝ այն ուշացած են համարել.

«Կարծում եմ, որ ուշացումը պայմանավորված է տարածաշրջանային գործընթացներով: Ռոհանիի այցը հաջորդեց օրեր առաջ Իրանի ամենաոխերիմ թշնամու՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցին»,-ընդգծեց Արմեն Պետրոսյանը՝ հավելելով.

«Պարզ է, որ Հայաստան այցի  նպատակներն ու ծրագիրը ավելի հստակեցնելու նպատակով  Իրանում սպասում էին Նեթանյահուի այցին ու դրա արդյունքներին: Այս համատեքստում շատ կարևոր էր Իրանի և Հայաստանի նախագահների կողմից պաշտպանական և ռազմական ոլորտում համագործակցելու  խնդիրը»:

Շարունակելով վերջինին՝ իրանագետը նկատեց.

«Ադրբեջանական լրատվամիջոցներում քաղաքական գործիչների, վերլուծաբանների կողմից հայտարարվեց, որ Իրանի նախագահը մեկնել է Հայաստան՝ նրա հետ ռազմական դաշինք կազմելու համար»:

Մեր հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված Ռոհանիի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր չայցելելու հանգամանքը, իրանագետը պատասխանեց.

«2004 թվականի սեպտեմբերին Իրանի նախագահներից Մոհամադ Խաթամին է այցելել Ծիծեռնակաբերդ: Այս դեպքում, պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոհանիի այցը մեկօրյա էր, հավանաբար սրանով էր պայմանավորված»:

Իսկ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ այստեղ որոշակի քաղաքական գործոններ կան: Իրանը չի ցանկանում սրել Թուրքիայի հետ հարաբերությունները:

«Գոնե դիվանագիտական ոլորտում ցանկանում են պահել հավասարակշռությունը: Նրանք չեն ցանկանում հայկական խաղաքարտն օգտագործել ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ սրել հարաբերությունները,-նկատեց տարածաշրջանի հարցերով փորձագետը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее