▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օբաման կգործադրի իր վերջին ջանքը

ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները իրենց լավագույն ժամանակաշրջանը չէ, որ ապրում են: Նախագահ Օբաման Սպիտակ տանը եկող շաբաթ ընդունելու է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, ուր քննարկման հիմնախնդիր է լինելու Իրանի հետ միջուկային գործարքը: Մարտի ամսին ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պարզորոշ արտահայտեց Իրանի ատոմային գործարքի շուրջ ԱՄՆ-ի վարած քաղաքականության նկատմամբ իր դժգոհությունը: Դեմոկրատական որոշ գործիչներ դա անվանեցին վիրավորանք՝ ուղղված ԱՄՆ-ի նախագահ Օբամային: Նեթանյահուի ելույթը աննախադեպ կտրուկ էր. «Սա վա՛տ գործարք է, շա՛տ վատ: Առանց դրա ավելի լավ կլիներ մեզ համար»: Իրանի հետ գործարքի կնքումից մեկ ամիս անց Օբաման իր հակափաստարկները բերեց Նեթանյահուի մտահոգությունների վերաբերյալ. «Միջուկային զենքին տիրապետող Իրանը շատ ավելի վտանգավոր է Իսրայելի, Միացյալ Նահանգների ու աշխարհի համար, քան՝ պատժամիջոցների վերացումից նրա ստանալիք արտոնություններից հետո»:

Օվալաձեւ սրահում նոյեմբերի 9-ին նման լարված պայմաններում է կայանալու երկու երկրների ղեկավարների 13-րդ հանդիպումը: Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը նշում է, որ հանդիպմանը միայն Իրանի հարցը չէ, որ քննարկվելու է, այլ նաև «Իսլամական պետություն» խմբավորման և Իսրայելի անվտանգության հետագա ամրապնդման խնդիրները. «Վարչապետ Նեթանյահուն Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված անվտանգության շուրջ համագործակցության մակարդակը նախկինում նկարագրել է իբրև «աննախադեպ»: Դա, կարծում եմ, Իսրայելի անվտանգության ապահովմանը ԱՄՆ-ի նախագահի անձնապես նվիրված լինելու ու երկու երկրների միջև ամուր կապերի առկայության ցուցիչ է», - ասել է Ըրնեսթը:

Լարվածությունը և բռնությունները ահագնանում են պաղեստինցիների կողմից դանակահարությունների և Իսրայելի անվտանգության ուժերի կողմից նրանց սպանությունների պատճառով: Հոկտեմբերին կայացած մամլո ասուլիսի ժամանակ Օբաման դատապարտեց բռնությունները և երկու կողմերին կոչ արեց թուլացնել հակամարտածին հռետորաբանությունը՝ միևնույն ժամանակ ընդունելով, որ «երկու պետություն» սկզբունքով խնդիրը լուծելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը փակուղի են մտել. «Կարգավորումը կախված է երկու կողմերից, մենք պատրաստ ենք աջակցել, եթե իրենք ցանկանան: Միևնույն ժամանակ հիմա բոլորը պետք է կենտրոնանան անմեղ մարդկանց սպանությունները կանխարգելելու վրա», - ասել է Օբաման: Օբաման կարող է վերջին ջանքը գործադրել դեպի խաղաղ կարգավորումը, սակայն վերլուծաբանները կարծում են, որ առանց Իսրայելի ու պաղեստինցիների ղեկավարների քաղաքական կամքի, նման ջանքերը անպտուղ կլինեն:

Ամերիկայի ձայն 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее