▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սումգայիթյան դեպքերի վերաբերյալ Ռուսաստանում արխիվային շատ նյութեր են պահպանվում

1988 թվականի փետրվարի 27-29 Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդ:

 «ԽՍՀՄ տարիներին այն կոչվել է «խուլիգանական մասսայական գործողություն», իսկ իրականում բոլորը գիտեն, որ Սումգայիթը եղել է զգուշացում ոչ միայն սումգայիթցիների, այլ ամբողջ հայության  համար, այն դեպքում, որ նրանք ապրել են իրենց պատմական հողում: Հող, որը անկախ ժողովրդի կամքից՝ միացվել է Ադրբեջանին:

Իսկ կատարված գործողությունը կբնորոշեմ հետևյալ կերպ՝ հետընթաց քաղաքակրթությունից դեպի բարբարոսություն: Ապրիլի 2-ին, երբ տեսանք հայ զինվորի գլուխը կտրած պարելով ման տալու խրախճանքը, ու մյուսին դեռ կենդանի  ժամանակ գլխատելը, Հայաստանում շատերը ցնցվեցին, բայց ես այսօր ստիպված եմ ասել, որ սրանք ոչ թե աննախադեպ դեպքեր էին, այլ եղել էին 1988 թվականին՝ Սումգայիթում ու դրանք նկարագրված էին հատկապես ադրբեջանցի ականատեսների ցուցմունքներում: Ցավոք, տեղյակ չենք պահում լայն հանրությանը՝ Ադրբեջանի կողմից իրականում կատարված գործողությունների մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն  Լարիսա Ալավերդյանը:

Շարունակելով վերջինին՝ պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց.

«29 տարի է անցել, բայց մենք չունենք միջազգային հանրության կողմից դատապարտման այն ալիքը, որը սպասվում էր: Մինչ օրս լուծված չեն Սումգայիթում ջարդերի ենթարկված, տեղահանված հայերի իրավական, ինչպես նաև փոխհատուցման խնդիրները: Այսօր մենք ունենք միայն Ադրբեջանի կողմից ակադեմիական մակարդակով փաստերը խեղաթյուրելու փորձեր: 3 խնդիրները ծառացած են մեր պետականության առջև: Հենց հիմա ԱՄՆ Սենատում «Խոջալուի դեպքեր»-ի վերաբերյալ միջոցառում է ու ելույթ են ունենում այսպես կոչված «ականատեսներ»: 

Պատմաբանի փոխանցմամբ՝ սումգայիթյան դեպքերի վերաբերյալ Ռուսաստանում արխիվային շատ նյութեր են պահպանվում.

«Ողբերգությունից հետո ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվել է այս խնդրով, ու ԽՍՀՄ-ում ստեղծված հատուկ հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ դեպքերը կրել են էթնիկ զտման տարրեր, կրել են ուղղորդված հակահայկական բնույթ»

Գևորգ Մելքոնյանը նկատում է՝ պատմաբանները շատ անելիքներ ունեն այսօր: Փաստերը  օտար լեզուներով պետք է ներկայացնել, քանի որ հիմնական նյութերը հայերեն ու ռուսերեն են:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее