▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վահան Շիրխանյանին աստիճանաբար սպանում են.Պաշտպանն ահազանգում է

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանն ահազանգում է՝ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է.

«Ճիշտ է, մեզ փաստաթղթերով կարող են ցույց տալ, որ նրա հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, անգամ  ենթարկվում է հետազոտությունների ՝ լավագույն մասնագետների կողմից, բայց դա ոչինչ չի նշանակում, եթե դուք կարողանաք տեսնել, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը: 3 օր առաջ զրուցում էի Շիրխանյանի հետ՝ ասաց, որ այս 11 ամսվա ընթացքում 4000 դեղահաբ է ընդունել ՔԿՀ-ում՝ տարբեր բժիշկների կողմից նշանակված: Այդ  4000 դեղահաբի արդյունքն այն է, որ առողջ մարդ լինելով ձերբակալվել է, իսկ այսօր հաշմանդամ է: Նա ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել: Իր խցից մինչև ինձ տեսակցելու սենյակ հասնելու համար իրեն անհրաժեշտ է մեկ ձեռնափայտ ու ՔԿՀ-ի աշխատակից, ով կօգնի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով.

«Ինձ ցնցել է նաև մեկ այլ բան: 3 ամիս է՝ Շիրխանյանը չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մեկ հարկ իջնել, կանգնել ցնցուղի տակ, որն ի վիճակի չի անել: Մենք սկսում ենք մտածել, որ միտում կա՝ անել այնպես, որ նա այլևս երբեք  չկարողանա ազատություն ստանալ: Մենք ուղղակի ահազանգում ենք.վիճակը ծայրահեղ ծանր է: Իրեն այնտեղ աստիճանաբար սպանում են: Նա պարզապես կարող է իր դատին չհասնել: 15 րոպեից ավել չի կարողանում զրուցել հետս»:

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ ճիշտ նույն բողոքը հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին ու ՔԿ վարչության պետին.

«Պատասխան ստացանք միայն Մարդու իրավունքների պաշտպանից: Արդարադատության նախարարն ու ՔԿՀ պետն իրենց իրավունք են վերապահում չպատասխանել: Այսպիսի փնթի աշխատանք ուրիշ կազմակերպությունից կամ թաղապետից երբեք չի եղել: Ինչևէ, ՄԻՊ-ը ճանաչեց, որ խախտվել է Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը, և առաջարկեց նրան մասնագիտացված հիվանդանոց տեղափոխել,  պահանջեց, որ պատասխանատվության ենթարկեն ՔԿՀ այն աշխատակիցներին, որոնց մեղքով նա այս վիճակում է հայտնվել: Պահանջեց նաև այսուհետ Շիրխանյանի առողջական խնդիրներով նրա խցակիցները չզբաղվեն: Պատկերացնո՞ւմ եք, եթե պետք է ոտքը էլաստիկ բինտով կապել, այդ պահին բժշկական օգնություն ցուցաբերել, ոչ թե բժիշկներն են անում, այլ խցակիցները: Այս որոշումը ՄԻՊ-ը կայացրել է 2016թ. նոյմեբերի 10-ին, մեկ օր անց որոշման օրինակն ինձ մոտ է եղել, կանխատեսելի է, որ որոշման օրինակը նաև Արդարադատության նախարարն է ստացել: Բայց որևէ գործողություն չի կատարվել: Նշեմ նաև, որ Վահան Շիրխանյանը դիմել է ՄԻԵԴ: Հուսով եմ, որ Եվրոպական դատարանում գործն այնպիսի ընթացք կստանա, որ մենք այլևս  պետական ատյաններում ստիպված չենք լինի պատշաճ վերաբերմունք աղերսել: ՄԻԵԴ-ն արդեն ուրիշ տոնով, լծակներով մեր կառավարությանը կստիպի անել այն, ինչ պարտավոր էր անել: Ու թող վարչապետը հերթական անգամ չսկսի զարմանալ, թե  ինչո՞ւ է ՀՀ-ն գումարներ կորցնում ՄԻԵԴ վճիռների արդյունքում»,-նկատեց պաշտպանը:

Հավելենք, որ Նորք-Մարաշի զինված խմբի գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, գործը մտել է դատարան: Գործը քննելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

 Հ.Գ Պաշտպանի հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինն արձագանքել է՝ հայտնելով.

«ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս փաստաբանի կողմից հնչեցրած մտահոգության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը:

Ուսումնասիրելով կատարված գործիքային և լաբորատոր հետազոտությունների արդյունքները, զննելով հիվանդին կոնսիլիումը եզրակացրել է, որ ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ նշանակված դեղորայքային բուժումը:

Այդուհանդերձ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее